Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Քո ներկայությունն իմ մեջ է՝ որպես ճանապարհ, որպես չափանիշ, որպես խիղճ

Քո ներկայությունն իմ մեջ է՝ որպես ճանապարհ, որպես չափանիշ, որպես խիղճ
24.07.2025 | 09:55

Այսօր իմ հերոսներից մեկի՝ կյանքս փրկած Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ անմահ՝ իր որոշմամբ, իր բնավորությամբ, իր լռությամբ ու գործողությամբ։

Պատմել եմ արդեն, թե ինչպես հայտնվեց Հադրութի մի հատվածում, որտեղ որ չպետք է լիներ։ Բայց Հակոբը լսել էր, որ թշնամին քաղաքում դրոշ է պարզել , ու եկել էր հասկանալու, թե ինչ է կատարվում։

Չի սպասել հրամանների, չի կասկածել իր անելիքին։

ՈՒ հենց այդ պահը՝ որոշման արագությունը, պատասխանի պարզությունը, դարձավ փրկություն ինձ ու մահ՝ իրեն։

Դիպուկահարը 40 մետրից սպասում էր պատից դուրս եկողին։ Հակոբը դուրս եկավ ինձնից մեկ վայրկյան շուտ։ Այդ մեկ վայրկյանը նրան տարավ ու ինձ թողեց։ Այդ վայրկյանը դարձավ անանց պատասխանատվություն ու մի ամբողջ կյանք՝ ապրելու Հակոբի փոխարեն։

Իմ ծնունդից մեկ օր առաջ ծնված Հակոբը հավերժ մնաց իր րոպեում։ Ես ապրում եմ, որովհետև նա այնտեղ հայտնվեց։ Նա որոշեց, եկավ ու զոհվեց։

Այսօր կգնամ Հակոբի շիրիմին։

Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության պահքի երկրորդ օրը իմ աղոթքը ծես չի լինելու, այլ ներսից եկող պարտք։ Աղոթելու եմ Հակոբի ու բոլոր ընկած ընկերների հոգու խաղաղության համար, բայց նաև՝ մեզ մնացածներիս ամուր սրտի, պարզ հայացքի ու արժանապատիվ ապրելու քաջության համար, որ նրանց զոհաբերությունը մեր օրերում չդառնա լռության հուշ, այլ ապրող խղճի կանչ, ոգեշնչման սնունդ ու ոտքի կանգնելու ուժ։

Հակոբ ջան, շնորհավոր ծնունդդ, հավերժ փառք քեզ եղբայրս։ Քո ներկայությունն իմ մեջ է՝ որպես ճանապարհ, որպես չափանիշ, որպես խիղճ։

Դավիթ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5857

Մեկնաբանություններ