Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

ՈՒ արդեն 6-րդ «Հունվարի 9»-ը, որ ոչ թե երկրային, այլ երկնային ծնունդդ պիտի շնորհավորեմ

ՈՒ արդեն 6-րդ «Հունվարի 9»-ը, որ ոչ թե երկրային, այլ երկնային ծնունդդ պիտի շնորհավորեմ
09.01.2026 | 12:03

Փոքր էինք` հոգսերը շատ, իսկ մենք` անհոգ... Չէինք քնում, որպեսզի գիշերը` երբ օրը կփոխվի, առաջինը շնորհավորենք իրար ծննդյան օր:

...Մինչեւ օրս դեռ ինձ թվում է, թե ինչ-որ հրաշքով վերադառնալու ես... Արմա‘նս, ամեն գիշեր երազներում դու ես ու միշտ հարցնում ես. «Էդ դուք էլ հավատացի՞ք, որ զոհվել եմ... »: Ու ամեն անգամ նույն պատմությունն ես պատմում, թե ինչպես ես կռվել մինչեւ վերջ ու մի կերպ փրկվել այն ճապոնացի զինվորի` Հիրոո Օնոդայի նման, ով Ֆիլիպինների ջունգլիներում պատերազմից հետո անգամ չի հանձնվել ու մինչեւ 1974 թվականը` շուրջ 30 տարի, պարտիզանական պայքար տարել, կարծելով, թե Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում է...:

Ամեն րոպե մի տարօրինակ զգացում կա, որ դու կգաս, որ հիմա կզանգես ու կասես, որ ո՜ղջ ես...

6-րդ «Հունվարի 9»-ը, որ ձայնդ միայն երազում պիտի լսեմ, երազում պիտի քեզ գրկեմ ու պատմեմ, թե ինչքա՜ն եմ քեզ կարոտել:

34 տարի, որից միայն 28-ը հասցրեցիր ապրել այս ստի ու կեղծիքի աշխարհում, կենսագործել, պայքարել, մաքառել ու այն էլ ո‘չ թե քո, այլ ուրիշների համար... Ապրել բոլորի համար, բոլորի հոգսերով, բոլորի ցավերով` ոչինչ չխնայելով...

Չէ‘ ապեր, հեռանալը քոնը չէր... դու տալու շա՜տ բան ունեիր երկրին, ժողովրդին, կյանքին ու մարդկությանը...

Չէ‘ ապեր, դու թևեր էիր, որոնք ինձ թռչելու հնարավորություն էին տալիս, դու այն Մասիսն էիր, որն ինձ հենվելու հնարավորություն էր տալիս... հիմա դատարկություն է իմ կյանքում` զգացմունքների ամայությո՜ւն... ո‘չ սեր, ո‘չ խնդություն, ո‘չ կյանք ու ո‘չ էլ մահ...

Շնորհավոր ծննդյանդ տարեդարձը` երկնային բանակի հրամանատա՜ր...

Իմ հեռավո՜ր կարոտ, ... կհանդիպենք ախպե‘րս...

Քեզ շա՜տ եմ սիրում, կարոտում ու սպասում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4850

Մեկնաբանություններ