Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հոգևոր Հայաստանը պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական պատասխանատվության կենտրոնում

Հոգևոր Հայաստանը պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական պատասխանատվության կենտրոնում
17.02.2026 | 15:20

Հանրային բաց առաջարկ՝ ընդդիմադիր դաշինքներին

Ընդդիմադիր դաշինքների նախընտրական ցուցակների առաջին տասնյակներում ՀԱԵ հոգևորականների ներգրավումը կլինի քաղաքականապես գրագետ քայլ, ինչը կգտնի բարձր էլեկտորալ արձագանք: Այս առաջարկը ծագում է կոնկրետ քաղաքական իրողությունից: Գործող իշխանությունը, իր քաղաքական մեծամասնությամբ, դուրս է եկել աննախադեպ հակադրության, իրավական և հրապարակային հալածանքի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Խոսքը ոչ թե արժեքային տարաձայնությունների, այլ ինստիտուցիոնալ ճնշման, հրապարակային վարկաբեկման, իրավական ճնշման և ՀԱԵ լեգիտիմության նսեմացման մասին է։ ՀԱԵ-ում շատ են հրաշալի, երիտասարդ, լուսավորյալ, բարձր կրթական ու նվիրական դասից, ձիգ և երիտասարդ հոգևորականներ՝ ազգային գերակայությունների բարձր ընկալմամբ: Այս պայմաններում ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների ցուցակների առաջին տասնյակում այլևս սիմվոլիկ ժեստ չէ։ Դա պաշտպանական և հավասարակշռող քաղաքական քայլ է, որն ունի առնվազն 4 հիմնավորում:

-Ինստիտուցիոնալ հակադրություն, ոչ թե «մարտահրավերների պերմանենտ ընդունում»:

Տարիներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին ընդունել է մարտահրավերներ՝ հասարակական փոփոխությունների, քննադատությունների տեսքով։ Սակայն ներկայիս իրավիճակը որակապես այլ է։ Առաջին անգամ պետական իշխանությունը համակարգային մակարդակով փորձում է քաղաքականացնել եկեղեցու հեղինակազրկումը, ստեղծել հանրային հակադրություն հոգևոր ինստիտուտի նկատմամբ, վերաձևակերպել ազգային ինքնության հենարանները՝ առանց եկեղեցու։

Սա այլևս «ժամանակի մարտահրավեր» չէ։ Սա իշխանության նախաձեռնած քաղաքական հակադրություն է համազգային ինստիտուտի նկատմամբ։ Եվ եթե իշխանությունը ինստիտուցիոնալ հարձակում է իրականացնում, ապա ընդդիմությունը պարտավոր է ապահովել ինստիտուցիոնալ պաշտպանություն։ Իրավիճակն աննախադեպ է և լուծումները ևս պետք է լինեն հանդուգն ու աննախադեպ:

-ՀԱԵ լեգիտիմության հարցը՝ 70–80% վստահության ֆոնին:

Պարադոքսն ակնհայտ է: Հասարակական վստահության ամենաբարձր ցուցանիշ ունեցող ինստիտուտներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, 70–80% հանրային վստահելիության, լեգիտիմության ռեսուրսով հայտնվել է քաղաքական աննախադեպ ճնշման թիրախում։

Սա նշանակում է, որ իշխանությունը հակադրվում է ոչ միայն կառույցին, Վեհափառին, այլև այդ վստահությունը կրող հասարակական մեծամասնությանը, շեշտում եմ՝ հակադրվում է հանրային մեծամասնությանը, որը մերժում է այդ քաղաքական ծրագիրը: Ընդդիմությունը, եթե ցանկանում է դառնալ համազգային ներկայացուցչական բևեռ, պարտավոր է ինստիտուցիոնալացնել այդ վստահությունը, կապիտալիզացնել հանրային մեծամասնության դիրքավորումը և դա քաղաքականապես կիրառելի դարձնել:

Հոգևորականների ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում նշանակում է այդ դաշինքների համար, որ

1. Եկեղեցու հանրային վստահությունը դառնում է քաղաքական ինստիտուտում ներկայացվածություն ունեցող,

2. Նրանք հանդես են գալիս որպես ազգային ինստիտուտների պաշտպան,

3.Նրանք ձևավորում են լեգիտիմ հակակշիռ իշխանության հակաեկեղեցական գծին։ Եթե ընդդիմությունը չի անում դա, ապա 70–80% վստահության կապիտալը մնում է քաղաքականապես չներկայացված, չկիրառված, չհաշվառված և երկուստեք այլևս անօգուտ:

-Պետություն-Եկեղեցի տարանջատում՝ իրավական, ոչ գաղափարական: Հոգևորականի մասնակցությունը կամ առաջադրումը որևէ կերպ չի հակասում հոգևոր-աշխարհիկ անջատ սկզբունքին։

Պետություն-եկեղեցի տարանջատումը վերաբերում է կառավարման ֆունկցիոնալ բաժանմանը, ոչ թե քաղաքացիական իրավունքների, հոգևոր դավանանքի սահմանափակմանը։

Հոգևորականը, որպես ՀՀ քաղաքացի, ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, այսինքն, այլևս քաղաքական էակ է և քաղաքական սուբյեկտ և ոչ կուսակցական։

Նրա ներգրավումը խորհրդարանում չի նշանակում եկեղեցու կառավարման ներգրավում պետության գործադիր կառավարման մեջ։ Դա նշանակում է աշխարհիկ իշխանության կենտրոնական ինստիտուտում հոգևոր, բարոյական և ազգային արժեքների հիմքի առկայություն ոչ միայն խորհրդանշական, այլև կոնկրետ ինստիտուցիոնալ և ներկայացուցչական ազդեցության մակարդակով։ Դա թույլ կտա ընդդիմությանը հաստատել իրենց քաղաքական օրակարգը՝ հաշվի առնելով ազգի և արժեքների կենսական հիմքերը։

Քաղաքական տեխնոլոգիական տեսանկյունից ևս սա այլևս անհրաժեշտություն է: Դա չի խախտում պետություն-եկեղեցի տարանջատումը, այլ վերականգնում է ՀԱԵ-ի բարոյական և հատկապես Հոգևոր Հայաստանի հենասյուները քաղաքական ինստիտուտում, որտեղ որոշվում է ազգի և պետության ապագան։

-Քաղաքական հաշվարկ՝ ընդդեմ քաղաքական ճնշման:

Իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը ստեղծել է արժեքային վակուում և հասարակական բևեռացում։ Հոգևորականի ընդգրկումը.

1. ուղերձ է այն մեծամասնությանը, որը չի ընդունում եկեղեցու դեմ պետական ճնշումը,

2.վերականգնում է ընդդիմության արժեքային հենարանը,

3.ձևավորում է քաղաքական հակակշիռ՝ ոչ թե հայտարարությունների, այլ ներկայացվածության մակարդակում։

Սա պաշտպանական քայլ է՝ ինստիտուցիոնալ հակագրոհի տրամաբանությամբ։

Եթե իշխանությունը համակարգային հակադրություն է ընտրել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, ապա ընդդիմությունը չի կարող սահմանափակվել դիտորդի, մեկնաբանողի, քննադատողի դիրքով: ՀԱԵ հոգևորականի ընդգրկումը ընդդիմադիր դաշինքների առաջին տասնյակում պետք է դառնա խորագետ քաղաքական որոշում։

Դա կլեգիտիմացնի հավաքական ընդդիմությանը և կդիրքավորի նախընտրական դաշինքներին որպես ազգային ինստիտուտների պաշտպաններ: Կինստիտուցիոնալացնի 70–80% վստահության հանրային ռեսուրսը: Կվերականգնի խախտված քաղաքական հավասարակշռությունը։ Այլապես կստեղծվի վտանգավոր իրավիճակ, երբ բարձր վստահությամբ համազգային ինստիտուտը մնում է քաղաքականորեն բացարձակ անպաշտպան, իսկ ընդդիմադիր հանրությունը զրկվում է բնական դաշնակցից։

Սա անհրաժեշտ պատասխան է կոնկրետ իշխանական քաղաքականությանը։ Հոգևորականի ներկայությունը ընտրությունների և քաղաքական որոշումների մակարդակում դառնում է համազգային ուղերձ, որ ընդդիմադիր դաշինքները պատրաստ են պաշտպանել ազգային ինստիտուտները՝ ոչ միայն խոսքով, այլև՝ գործով։

Այս քաղաքական և էլեկտորալ Mast Do-ն այլևս միայն ռազմավարական քայլ չէ, դա համազգային պարտավորություն է, որը վերականգնում է արժեքային և ինստիտուցիոնալ հավասարակշռությունը, ամրապնդում ազգային ինքնությունը և ցուցադրում նախընտրական ընդդիմադիր դաշինքների բարոյական ու ազգային լեգիտիմությունը։ Հոգևոր ներկայությունը որպես քաղաքական անհրաժեշտություն՝ իշխանության հակաեկեղեցական քաղաքականության պայմաններում ոչ միայն անհրաժեշտություն է այլև քաղտեխնոլոգիական և լեգիտիմ քայլ:

Ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը ԱԺ-ում պարտադիր է օրենքով։ Հոգևոր Հայաստանը պարտադիր պետք է ներկայացված լինի քաղաքական պատասխանատվության կենտրոնում։

Սա պետություն-եկեղեցի տարանջատման խախտում չէ։

Սա դրա վերականգնումն է՝ բարոյական, ազգային հենասյուների հիմքով և գերակայությունների վերադարձ է համաժողովրդական ինստիտուտ։

P.S. ԿԸՀ ցուցակների ներկայացման մեկնարկին մնացել է 65 օր։ Առաջարկը հստակ է: Դարձեք նախաձեռնող, կառուցեք ձեր սեփական մեծամասնությունը: Հենվեք ձեր ընտրազանգվածի ձգտումների և նպատակների վրա, մի գործեք գծային և կանխատեսելի, անցեք ոչ գծային, նախաձեռնող քաղաքականության։ Հարցումներին հետևելը ռազմավարություն չէ, արժեքահեն օրակարգ ստեղծելն է ռազմավարություն։ Քաղաքական արդյունքը գալիս է այն ժամանակ, երբ դուք ձևավորում եք խաղի կանոնները, ոչ թե միայն արձագանքում դրանց։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ