«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Առաջարկում ենք վերանայել մոտեցումները անվտանգության ոլորտում

Առաջարկում ենք վերանայել մոտեցումները անվտանգության ոլորտում
26.03.2026 | 16:58

ՈՒշադրությամբ հետևելով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի ներկայացրած անվտանգության ծրագրին, առաջին հերթին զավեշտ է առաջանում այն հանգամանքից, որ այն ներկայացվում է մի անձի կողմից, ով, մեր տեղեկություններով, գիտությամբ զբաղվելու պատճառով ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից և, հետևաբար, չի ունեցել հնարավորություն ձևավորելու լիարժեք պատկերացում անվտանգության համակարգի հիմնասյուն հանդիսացող կառույցի վերաբերյալ։

Նշենք նաև, որ պարոն Թաթոյանը, անդրադառնալով անվտանգության ծրագրին, թեև իրավագետ է, սակայն, կարծես, լիարժեք չի ուսումնասիրել արդեն գործող՝ երկրի անվտանգությանը վերաբերող իրավական ակտերը և ներկայացրել է առանձին դրույթներ որպես անվտանգության ծրագրի բաղադրիչներ։

Ասվածի վառ օրինակը նրա անդրադարձն է պատերազմի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ձեռնարկություններին տրվող մոբիլիզացիոն առաջադրանքներին, ինչպես նաև այն քաղաքացիական մասնագետներին, որոնք ՄՈԲ-ով զորակոչի ենթակա չեն, քանի որ իրականացնում են ռազմավարական նշանակություն ունեցող գործունեություն։

Նրա անտեղյակությունը ակնհայտ երևացել է նաև կոշիկի և հաց արտադրող ձեռնարկությունների ռազմավարական ծրագրերում ընդգրկվելու վերաբերյալ բերված օրինակով։

Ամեն դեպքում, չնայած այս ընդդիմադիր ուժի անվտանգության ոլորտին վերաբերող ծրագրում առկա բազմաթիվ և էական բացթողումներին, մենք այս փուլում, հատկապես նախընտրական շրջանի մեկնարկից առաջ, կշարունակենք ձեռնպահ մնալ դրանց մանրամասն քննարկումից՝ ընդդիմադիր ուժին տրամադրելով հնարավորություն վերանայելու իր մոտեցումները անվտանգության ոլորտում։

Հ.Գ.

Ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն են՝ ռազմաարդյունաբերական գործարաններն ու արտադրամասերը, բոլոր տեսակի էլեկտրակայանները, բարձրավոլտ ու բաշխիչ էլեկտրացանցերը, օդանավակայանները, երկաթուղային ենթակառուցվածքները, մետրոպոլիտենը և այլն։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

25.03.2026 թ.

Դիտվել է՝ 4770

Մեկնաբանություններ