ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դարավոր թշնամուդ ներկայացնում են բարեկամի լուսապսակով, իսկ փորձված, պատմական բարեկամներիդ՝ փշե պսակով

Դարավոր թշնամուդ ներկայացնում են բարեկամի լուսապսակով, իսկ փորձված, պատմական բարեկամներիդ՝ փշե պսակով
18.11.2026 | 15:03

Եթե դու քո թշնամիներին չես ճանաչում, չես ճանաչի նաև բարեկամներիդ: Եթե բարեկամներիդ լավ ես ճանաչում, կճանաչես նաև թշնամիներիդ:

Այս և նման կարգի խոհածությունների մղում է հայաստանյան ներկա հանրությունը, որտեղ տեսանելի ու անտեսանելի առճակատում կա բարեկամականի ու թշնամականի վերաբերյալ տարբեր պատկերացումներ ունեցող խմբերի միջև: Երբ հանկարծ դարավոր թշնամուդ ներկայացնում են բարեկամի լուսապսակով, իսկ փորձված, պատմական բարեկամներիդ՝ փշե պսակով, նախ, տարակուսում ես, հետո՝ զայրանում, ապա, ի վերջո, համոզվում ես, որ գործ ունենք ոչ թե պատկերացումների բնական փոփոխության, այլ քաղաքական սխալ ու միտումնավոր հաշվարկի հետ, որի տակ առկա են դավաճանական ու անբարո նպատակներ:

Հայերս պատմական փորձով գիտենք, որ թուրքը էն գլխից թշնամաբար է տրամադրված հայության ու Հայաստանի և մեր տարածաշրջանում ապրող մյուս բնիկ ազգային հավաքականությունների նկատմամբ: Եկվոր թուրքերն այլ կերպ չեն էլ կարող իրենց դրսևորել. Հայկական բարձրավանդակում տեղ ապահովելու համար նրանք հարկադրված պայքարում են տեղացիների դեմ: Թուրքերը մեկ ամսում, մեկ տարում և մեկ դարում չեն կարող դառնալ հայության բարեկամը, դեռևս ընդունակ չեն դրան, քանի որ նրանք մնում են նույն՝ թուրանյան առաքելության մեջ, որ պարտադրում է հպատակեցնել բնիկներին կամ բնաջնջել նրանց:

Այսօր մեր բնական բարեկամներն են պարսիկները, վրացիները և ռուսները՝ նրանց հետ ունեցած որոշ տարաձայնություններով հանդերձ: Բարեկամներից թշնամի կերտողը մեր քստմնելի ախոյանն է:

Ներքին բարեկամների ու թշնամիների հարցում ևս հրատապ պարզաբանման ու հստակության կարիք կա: Արցախի ներկա ողբերգական պատմությունը ցույց է տալիս, որ ազգի առանձին հատվածների հանդեպ մերժողական վերաբերմունքն ի վերջո վերածվում է թշնամության՝ իր աղետալի հետևանքներով: Արցախը, նախ, հայտարարվեց բեռ Հայաստանի ուսերին, ինչը հետևողականորեն քարոզվեց այդ մտայնությունն արհեստականորեն ու թյուրիմացաբար կրողների կողմից, իսկ երբ նրանք արդեն իշխանության էին, հայկական էդ հին ու ինքնատիպ երկրամասը ուղղակի մատաղ արեցին թշնամուն: Հիմա վերին ու ներքին հարկերից ժխտական վերաբերմունք ու ատելություն է տածվում արցախցիների նկատմամբ՝ փորձելով փշրել նրանց ինքնապահպանման բոլոր լծակները: Հայաստանում արցախցուն ներքին թշնամու քղամիդով ներկայացնելը մեծ ստորություն է, որ իր երկրի ու ազգի հանդեպ կարող է անել հայ կոչվող որևէ անհատ ու խմբավորում: Արցախցիները եղել և մնում են հայության ամենանվիրյալ ու անձնուրաց զավակները՝ գտնվելով անգամ չափազանց տհաճ ու անբարենպաստ պայմաններում:

Չի կարելի թույլ տալ մերժողական ու վիրավորական վերաբերմունք ազգի որևէ հատվածի նկատմամբ, դա հանգեցնում է մեր ողջ հավաքականության թուլացմանն ու պառակտմանը: Ազգային ու հանրային պառակտման ներկա պատասխանատուն և գլխավոր հեղինակը գործող իշխանությունն է, որի ամենօրյա քայլերը սքողված են հայկական կենարար արժեքների հանդեպ ատելությամբ ու քամահրանքով: Չի կարելի հանդուրժել այն իշխանությունը, որ չի թաքցնում իր թշնամական բնույթը առ ողջ ազգայինը: Հայաստանը կրկին պետք է վերակառուցել որպես ազգային պետություն: Մնացյալ բոլոր ճանապարհները երկիրը տանում են դեպի մայրամուտ:

Դիտարկումս ավարտեմ նույն ոգով, ինչպես սկսեցի: Լավագույն բարեկամները, նախ, քո յուրային հայրենակիցների մեջ են, եղիր նրանց հետ և նրանց համար: Վատագույն՝ երդվյալ թշնամիներին մեզ միշտ ցուցանում են ժամանակն ու պատմությունը:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ