Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ոչ թե նորարարություն, այլ ուրիշների վաղուց փորձարկած գաղափարների վերափաթեթավորում

Ոչ թե նորարարություն, այլ ուրիշների վաղուց փորձարկած գաղափարների վերափաթեթավորում
23.09.2026 | 12:44

Իր կյանքում ոչ մի արժեք չստեղծած հայաստանյան վարչախումբը տարբեր առիթներով փորձում է հանդես գալ որպես «նորարար» ու «կրեատիվ», սակայն մեծ գիտելիք ու խորը վերլուծական ուղեղ ունենալ պետք չէ, որպեսզի պարզ դառնա սրանց գրագողության ու շարքային «պլագիատիստ» լինելու փաստը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական պլագիատի մասին նախորդիվ խոսել եմ: Ոչ պակաս դեպք է Աննա Հակոբյանի գործունեությունը, ինչը բավական նյութ է տալիս հասկանալու, թե ինչպես են պատրաստի գաղափարները վերցվում, հայկական միջավայր տեղափոխվում և հետո ներկայացվում որպես սեփական «նորարարություն»։

Ասվածի ամենացցուն օրինակը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն է։ Ոչ վաղ անցյալում Միշել Օբաման կրթությունը, հատկապես աղջիկների կրթությունը, դարձրեց իր հանրային գործունեության առանցքային թեման։ Բառացիորեն կրթությունը ներկայացվում էր ոչ միայն որպես գիտելիք ստանալու միջոց, այլև որպես հասարակական շարժում, կենսակերպ և կանանց հնարավորությունների ընդլայնման գործիք։

Աննան վերցնում է նույն տրամաբանությունը և այն տեղայնացնում «Կրթվելը նորաձև է»-ի տիրույթ և մատուցում սեփական փիլիսոփայությամբ։ Փաստացի փոխվում է անունը, միջավայրը, մասնակիցները, բայց գաղափարի մատուցման կառուցվածքը մնում է նույնը։ Կրթությունը դառնում է ոչ միայն բովանդակություն, այլև հանրային բրենդ։

Նույնը տեսնում ենք կանանց նկատմամբ բռնության թեմայում։ «Այլևս չենք հանդուրժում» ձևակերպումը, կանանց համախմբելու կոչերը, տեսանյութերը, հանրային ելույթները, առանձին կենտրոն ստեղծելու գաղափարը՝ ամբողջությամբ կառուցված են հասարակական շարժման տրամաբանությամբ։ Աննան պարզապես չի ասում, որ կանանց նկատմամբ բռնությունը անընդունելի է, նա դրա շուրջ ստեղծում է առանձին հանրային օրակարգ և այդ օրակարգի կենտրոնում դնում իրեն։

Այստեղ միանգամից հիշեցի Ցյան Ցինին՝ Մաո Ձեդունի չորրորդ կնոջը: Բանն այն է, որ Ցյան Ցինը մոլեռանդորեն ներգրավված էր «մշակութային հեղափոխության» մեջ և փորձում էր ոչ միայն վերահսկել մշակույթը, այլև փոխել մարդկանց մտածողությունը, վարքն ու հասարակական ընկալումները։ Աննայի դեպքում էլ անընդհատ նույն շեշտադրումն է՝ պետք է փոխել հասարակության սոցիալ-հոգեբանական ընկալումները, վերաբերմունքը, վարքագիծը, կարծրատիպերը։ Տարբեր ժամանակներ ու տարբեր գաղափարախոսություններ են, բայց հավակնությունը նման է՝ հասարակությանը ոչ միայն որևէ խնդիր ներկայացնել, այլև ներգործել նրա մտածողության ու վարքի վրա։

Աննայի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն էլ նույն շղթայի մեջ է։ Կանանց՝ որպես խաղաղության առանձին ուժի ներկայացումը նոր գաղափար չէ, այն վաղուց ձևավորված միջազգային քաղաքական օրակարգ է, որը Աննան տեղափոխում է հայկական միջավայր և դարձնում իր հանրային գործունեության ուղղություններից մեկը։

Ըստ էության՝ կանանց ակումբները, համայնքային հանդիպումները, կրթական միջոցառումները ևս այս ընդհանուր պատկերի մաս են։ Ամեն անգամ վերցվում է հասարակական լայն թեմա, դրա շուրջ ստեղծվում է նախաձեռնություն, տրվում է հիշվող անվանում, ձևավորվում է ակտիվություն, իսկ այդ ամբողջ գործընթացի կենտրոնում հայտնվում է Աննան։

Պետք է արձանագրենք, որ այստեղ պլագիատը բառացի կրկնության չէ. իրականում կրկնվում է ավելի կարևոր բան՝ պատրաստի հասարակական գաղափարի կառուցվածքը, դրա շուրջ շարժում ստեղծելու ձևը և այդ շարժման կենտրոնում սեփական կերպարը տեղադրելու մեթոդը։

Փաստերի համադրությունը բավական է հասկանալու համար, թե ինչու է այս ամենը ավելի շատ հիշեցնում ոչ թե նորարարություն, այլ ուրիշների վաղուց փորձարկած գաղափարների վերափաթեթավորում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ