Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ազգը մշակվող պարտեզ է

Ազգը մշակվող պարտեզ է
09.11.2026 | 16:10

Ղևոնդ Ալիշանի հիշատակին

Այսօր հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, 1838 թվականից Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի մահվան օրն է։
Նա եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի շքանշանի դափնեկիր (1886), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր։ Անդամակցել է իտալական և ռուսական գիտական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Մոսկվայի հնագիտական ընկերությանը, Ռուս գրականության սիրահարների ազատ ընկերությանը, Վենետիկի գեղարվեստի ակադեմիային և Ռուսական կայսերական հնագիտական միությանը։
Կոչ անելով հայությանը «զենքն ի ձեռին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը՝ Ալիշանը, սակայն, ապագա Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն։
Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական մեծ արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

* * *
Ազգի պակասության կամ կատարելության մասին

Եթե հայ ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգերն էլ ունեն: Եթե այդ ազգերը պակասություններ ունեն, հայն էլ ունի: Որովհետև «ազգ» ասվածը պարտեզի է նման, որտեղ հնարավոր չէ, որ վատ, անօգուտ խոտ չբուսնի: Հարցն այն է, թե որն է ավելի շատ մոլախոտով լցված: Հայտնի է, որ անտեր, անմշակ թողնված պարտեզը, եթե նույնիսկ հողը լավն է, բայց դարմանող ձեռքեր չունի, կարող է բոլորովին անպիտան խոտերով պատվել, ծածկել ու խեղդել օգտակար բոլոր բույսերը:
Շարունակական կրթությունն է, որ ազգերին ավելի է ծաղկեցնում, քան անխնամ թողնված բնական ձիրքը: Ունեցե՞լ ենք արդյոք մենք կամ ունե՞նք շարունակական կրթություն: Ուրեմն լռությամբ և արդար ցավով խոստովանենք, որ մեր մեջ էլ պակասություններ կան, որ մենք շատ հետ ենք մնացել. «պակասություն» անունը մեզ համար անտանելի է, բայց ավելի զզվելի է լինելու դրա հետևանքը: Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք, առանց ցույց տալու էլ, շատ լավ երևում են։
Ղ. Ալիշան

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից
Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ