ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից
17.04.2026 | 14:05

(տրիբունալ Ծիծեռնակաբերդի բարձունքում)

Արդեն ութ տարի՝ երազում, թե արթմնի, ամեն ակնթարթ իմ մտապատկերներում այն Հայրենիքն է, որը վաղն է գալու։

Տեսնում եմ անառիկ սահմաններ, որտեղ լռությունը ոչ թե «խաղաղության խաչմերուկ» կոչված ֆարսի կամ զիջման արդյունք է, այլ մեր հզորության պարտադրանքը։

Դա հայոց երկիրն է՝ իր երբեմնի արժանապատվությունը վերագտած մարտունակ բանակով, որը պետության ողնաշարն է՝ հայրենասեր ու հարենատեր բարձրագույն սպայական կազմով, նախանձելի սպառազինությամբ և այնպիսի հզորությամբ, որի նկատմամբ ցանկացած ոտնձգություն հավասարազոր է ինքնասպանության։

Դա այն Հայաստանն է, որտեղ ոչ ոք սակարկության առարկա չի դարձնում 1725-ամյա Եկեղեցին, հողն ու անցյալը, որտեղ կենսակերպ են արդարությունն ու ճշմարտությունը, իսկ ազգային ու պետական շահը՝ անխախտ սրբություն։

Այդ հայրենիքում ցանկացած քաղաքացի թիկունքին զգում է հզոր ու կայացած պետության ուժը։ Այդտեղ «դավաճանություն» բառն այլևս լոկ հանրային պարսավանք կամ քաղաքական պիտակ չէ, այլ անխուսափելի իրավական դատավճիռ, որը սպասում է իր ժամին։

ՈՒրվագծում եմ ապագայի իմ երազանքների Հայաստանն ու մտովի կառուցում դատական շղթայի այն ավարտական ակորդը, որտեղ որպես վերջին խոսք հնչելու է ճաղավանդակում հայտնված գլխավոր հանցագործի «մեղայականը»։

Պատկերացնում եմ՝ ինչպես է, իր արատավոր բնույթին հավատարիմ, փորձելու արդարանալ՝ Բարձրյալի ու երկրային արդարադատության անաչառ վճռից «պլստալու» ակնկալիքով։

Տեսիլքի ժանրին ապավինած՝ անրջենք միասին, մտովի բացենք մեր վաղվա հզոր հայրենիքի դարպասներն ու հետևենք ապագա զարգացումներին։

Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրում ենք, որը վերածվել է Արտակարգ Տրիբունալի։

Դահլիճում քար լռություն է, բայց օդը հագեցած է պատմական վրեժխնդրության և ազատագրման էներգիայով։

Դրսում, հարակից ողջ տարածքում, մինչև Ցեղասպանության զոհերի հուշակոթող, հարյուր հազարավոր մարդիկ շունչը պահած հետևում են տեղադրված հսկայական էկրաններին։

Դատավորներն ընտրված են ոչ թե քաղաքական նշանակմամբ, այլ ազգային հեղինակությունների և միջազգային իրավունքի այն փորձագետների շարքից, ովքեր երբեք չեն ծախվել ռեժիմին։ Նրանց հայացքը խիստ է, բայց անաչառ։

Դատարանի դահլիճի առաջին շարքերում դրված են դատարկ աթոռներ՝ նվիրված նրանց, ովքեր ցեղասպանվեցին սերիական մարդասպանի կամոք, որը 44-օրյայից ամիսներ անց «պլյուս-մինուս 50»-ով էր խոսելու Հայաստանի գլխատված ապագա սերմնացանների մասին։ Նրանց արյունը բողոքում է երկինք ու պահանջում այս դատը։ Այդ լուռ ներկայությունն ավելի ազդեցիկ է, քան ցանկացած ճառ։

Դահլիճում տիրող քար լռության մեջ լսվում է միայն մեղադրյալի ծանր շնչառությունը։ Նա, որ ժամանակին բարձրախոսների մոտ հոխորտում էր ու ճակատագրեր ջարդում, հիմա կծկված է սպանող այն «նզովքի» առաջ, որ շանթարձակում են դատարկ աթոռները։

«Գերագույն չարիքի» կողքին՝ գլխահակ ու ամոթահար բարձրաստիճան զինվորականներ են, ովքեր լուռ հետևել են հայրենազրկմանը։ Նաև «մտավորականներ», ովքեր իրենց խոսքով լեգիտիմացրել են դավաճանությունը։

Ռազմական տրիբունալի առաջ կանգնած են ՔՊ-ական, գործադիրի, օրենսդիրի, զինված ուժերի և արդարադատության պատասխանատու այն բոլոր դեմքերը, ովքեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հրահանգով ծրագրել, իրականացրել կամ մասնակցություն են ունեցել 2018-ի իշխանազավթմանը, 2020-ի պատերազմի հրահրմանը և դրան հետևած հոգևոր, ֆիզիկական ու բարոյական ավերին։

Նրանք այլևս չունեն այն ինքնավստահությունը, ինչը ցուցադրում էին հանրության համբերությունը բռնաբարող ամենօրյա Reels-երով ու էժան սրտիկներով։ Այժմ նրանք կծկված են, «գորշ ու դժգույն»՝ սեփական ժողովրդի հայացքի ներքո։

Նստածներից յուրաքանչյուրը պատասխանատու է լռության, սեփական ստորագրության կամ «կույր» հնազանդության համար:

- «Հայկական Նյուրնբերգը», որն ուղենիշային կլինի Հայրենիքի ու Ազգի դեմ կատարած հանցագործությունների հատուկ դատարան ստեղծելու ճանապարհին, դատապարտելու է բոլոր այն հանցագործությունները, որոնք այնքա՜ն չարամիտ են, որ մարդկային քաղաքակրթությունը չի կարող հանդուրժել դրանց անտեսումը։

Մեղադրողի ձայնն է, որ հուժկու շեշտադրմամբ հայտարարում է․

- Դուք մեղադրվում եք ոչ թե սխալվելու, այլ դիտավորյալ հայրենազրկման մեջ։ Յուրաքանչյուր ստորագրություն, որ դրել եք այս թղթերի տակ, եղել է մի բեկոր Հայաստանի ողնաշարից։ Դուք փորձեցիք թանաքով սպանել այն, ինչը սերունդները պահել էին արյամբ։

Մեղադրողի խոսքին հընթացս ներսում և դրսում տեղադրված էկրաններին հայտնվում են Արցախի դատարկվող ճանապարհները, Շուշիի լքված բարձունքները, անտերունչ գյուղեր ու քաղաքներ, պղծված սրբավայրեր, լքված բարձունքներ ու քարտեզներ, որոնցով թշնամուն էին հանձնվում մեր տները, մեր հայրենիքը։

Դահլիճում շունչը պահած ժողովրդի հառաչանքի տակ մեղադրողը բարձրացնում է զինվորական ինչ-որ գրքույկ՝ որպես ընդհատված կյանքի սիմվոլ, և սահմանային մի քարտեզ, որի վրա դեռ թաց է այն «սրբապիղծ ստորագրությունը», որով փորձել են վերագծել մեր հազարամյա հայրենիքի դիմագիծը։

- Այս քարտեզը ոչ թե աշխարհագրություն է, այլ դատավճիռ ձեր տեսակի համար,- եզրափակում է Մեղադրողը՝ հայացքն ուղղելովմեղադրյալների աթոռին կծկվածներին։

Հանկարծ Մարզահամերգայինի բարձր կամարներից, կարծես երկնքի անտեսանելի ծալքերից, սկսեցին իջնել լուռ ու ծանր ստվերներ։

Լույսը մի պահ խավարեց։

Սովորական մթություն չէր, որ իջավ դահլիճում։

Ասես դարերի խորքից եկող հայոց նահատակների, 1,5 միլիոն ցեղասպանվածների, Արցախյան բոլոր պատերազմներում ընկածների հոգիներն էին մեկտեղվել Ծիծեռնակաբերդի բարձունքում։

Նրանք զբաղեցրին դահլիճի յուրաքանչյուր անկյունը՝ շրջապատելով մեղադրյալների վանդակը։

Օդը սառեց, և լույսերն իսպառ խամրեցին ստվերների ներկայությունից։

Բոլոր ողջերը սեփական ծոծրակին զգացին սառը, բայց արդար պահանջի շունչը։

Սա միայն ապրողների իրականացրած դատը չէր, այլ պատմության դատաստանն էր, որտեղ վկաները նաև նրանք էին, ում առջև այլևս հնարավոր չէր ստել։

Դիվոտածի նման տեղից անսպասելի թռավ գլխավոր ամբաստանյալն ու միացրեց խորհրդավոր լռությունը ճեղքող զզվելի ֆալցետը։

- Դուք ուզում եք խոստովանությու՞ն։ Դուք ուզում եք, որ ես խնդրեմ ձեր ներողամտությու՞նը։

Հույս չունենաք․․․ որևէ մեկդ, որևէ մեկդ։

Ի՞նչ իրավունքով եք ինձ դատում,- ձայնը լացի երանգներ ստացավ։- Այն նույն իրավունքո՞վ, որով ինձ բերեցիք ու նստեցրիք վարչապետի աթոռին՝ գիտակցելով, որ ես ոչինչ չեմ խոստանում, բացի ավերակներից։

Ես ձեզ երբեք չեմ խաբել։ Իմ թերթի էջերում, իմ փողոցային գոռոցների մեջ միշտ էլ ասել եմ՝ ինձ համար չկան սրբություններ, կան միայն նպատակներ։

Ինձ բերեցիք, որովհետև դուք ուզում էիք մեկին, ով կքանդի այն ամենը, ինչը ձեզ թվում էր ծանր ու հոգնեցուցիչ՝ ձեր պատմությունը, ձեր հողը, ձեր բարդությունները։

Արցա՞խը... Քանի՞ միլիարդ արժեր այն։

Իսկ դուք գիտե՞ք իշխանության համը։ Երբ դու ընդամենը ոչնչություն ես, բայց քո մի ստորագրությամբ աշխարհի քարտեզներ են փոխվում, դա ավելի թանկ է, քան ցանկացած ոսկի։ Ես վաճառեցի այն, ինչը դուք արդեն հոգու խորքում վաղուց էիք վաճառել՝ ձեր հանգստության դիմաց։

Ես պարզապես ձևակերպեցի այդ գործարքը։

Մեղադրում եք, որ ծախվեցի՞ թուրքին։ Ես ծառայել եմ նրան, ով տվյալ պահին ուժեղ էր։ Միշտ էլ այդպիսին եմ եղել՝ Բաղրամյան 26-ի միջանցքներից մինչ օրս։ Ես «քցել» եմ բոլորին, որովհետև դա իմ տեսակն է, և դուք՝ ինձ բերողներ, գիտեիք ճշմարտությունը։ Դուք ընտրեցիք «քցողին» և հիմա զարմանում եք, որ ձե՞զ էլ «քցեցի»։

Իմ ընտանի՞քը... Նրանք իմ ստվերներն էին։ Եթե պետք լինի, նրանց էլ կզոհաբերեմ, միայն թե ապացուցեմ, որ միակն էի, որը համարձակվեց լինել էնքան ցինիկ, որքան դուք էիք վախենում լինել։

Դատապարտեք ինձ ցմահ։ Փակեք ինձ պատերի հետևում։ Բայց հիշե՛ք՝ ամեն անգամ, երբ նայեք ձեր կորսված սարերին, դուք իմ դեմքն եք տեսնելու։

Ես ձեր ամոթն եմ, որը դուք երբեք չեք կարողանա լվանալ։ Ես ձեր հայելին էի, իսկ հիմա դուք ջարդում եք հայելին, որովհետև ձեր իսկ արտացոլանքը ձեզ դուր չի գալիս։

Գիտե՞ք՝ որն է իմ և ձեր տարբերությունը։ Դուք վախենում եք անդունդից, իսկ ես անդունդի մեջ տուն կառուցեցի։

Դուք ինձ մեղադրում եք «հայրենազրկման» մեջ, բայց եկեք անկեղծ լինենք՝ ես ձեզ տվեցի էն, ինչ դուք ենթագիտակցորեն խնդրում էիք։ Դուք հոգնել էիք «հաղթանակած ազգի» ծանր լծից, դուք հոգնել էիք սահման պահելուց, պատասխանատվությունից ու հավերժական պայքարից։ Ես ընդամենը թեթևացրի ձեր հոգսը։ Ես վերցրի ձեր հողը, որպեսզի դուք ստիպված չլինեք դրա համար մեռնել։

Դաժա՞ն է հնչում։

Գուցե և։ Բայց էդ է ճշմարտությունը, որը դուք չեք խոստովանի անգամ ինքներդ ձեզ։

Ինձ դատում եք, որովհետև ես ձեր կյանքի ամենամեծ սուտն էի, որին դուք հավատացիք հաճույքով։

Ես ձեր ընտրած «փրկիչն» էի, իսկ հիմա ձեզ պետք է «քավության նոխազ»՝ ձեր սեփական մեղքերը լվանալու համար։

Խփե՛ք ձեր մուրճերով, հնչեցրե՛ք դատավճիռը։

Բայց հիշե՛ք՝ ես չեմ պարտվել։

Ես հաղթել եմ այն պահին, երբ ստիպեցի ձեզ ատել միմյանց ավելի շատ, քան թշնամուն։

Ես հաղթել եմ, որովհետև անգամ ստեղ՝ ճաղերի հետևում, մնում եմ ձեր մտքերի միակ տիրակալը։

Դուք դեռ երկար եք ապրելու իմ թողած ավերակների մեջ և ամեն առավոտ, երբ բացեք աչքերը, տեսնելու եք իմ ժպիտն ու սրտիկը։

Ես գնում եմ, բայց իմ սերմանած քաոսը ձեր նոր հայրենիքն է։

Բարի գալուստ իմ կառուցած իրականություն։

Դուք ինձ հարցնում եք այդ տղաների՞ մասին...

Էն սերնդի՞, որն էսօր քարացել ա Եռաբլուրում։

Գիտեք՝ ինչն ա ձեր խնդիրը։

Դուք հուզական եք, իսկ ես՝ ռեալիստ։

Պատմությունը չի գրվում արցունքներով, այն գրվում ա թվերով։

Ի՞նչ ա հինգ հազարը աշխարհաքաղաքական մեծ խաղատախտակի վրա։

Փոքրիկ սպրդում՝ «պլյուս-մինուս» մի քանի հարյուր հոգի։ Ես նրանց չեմ ուղարկել մեռնելու, ես նրանց օգտագործել եմ որպես միջոց՝ մի նպատակի համար, որը ձեր խելքի բանը չէր։

Իսկ ինչ վերաբերում է իմ երգ ու պարին, իմ թմբուկներին... Դուք էդ անվանում եք սրբապղծությու՞ն։ Իսկ ես անվանում եմ կենսասիրություն։ Ես պարում էի ձեր տների ավերակների վրա, որովհետև ես ողջ էի, իսկ նրանք՝ ոչ։ Ես թմբուկ էի զարկում, որպեսզի խլացնեմ ձեր սգի ձայնը, որովհետև սուգը թուլություն է, իսկ ինձ պետք էր հնազանդ ու կույր ամբոխ, ոչ թե մտածող ազգ։

Ես ձեզ սովորեցնում էի ապրել առանց սրբությունների։ Ես ձեզ ցույց տվեցի, որ կարելի է թաղել մի ամբողջ սերունդ և նույն երեկոյան խնջույք անել։ Եվ դուք արեցիք։ Դուք ուտում էիք, խմում էիք ու ծափահարում էիք ինձ, երբ ես թմբուկ էի զարկում։ ՈՒրեմն մի՛ փորձեք հիմա սուրբ ձևանալ։

Նրանք զոհվեցին հանուն ոչնչի, որովհետև ինձ համար հողն ընդամենը անշարժ գույք է, իսկ մարդը՝ վառելափայտ իշխանությանս կրակը թեժ պահելու համար։ Եթե պետք լիներ ևս հինգ հազարը զոհել իմ աթոռի մեկ օրվա համար՝ ես կանեի առանց աչքս թարթելու։ Որովհետև ես եմ այս թատրոնի ռեժիսորը, իսկ դուք ընդամենը հանդիսատես էիք, որը տոմսի փոխարեն վճարեց սեփական զավակների արյունով։

Վայելե՛ք ձեր տոմսի գինը․․․

«Դուք ինձ հիշեցնում եք Եկեղեցու մասին իմ խոսքե՞րը... Այն Եկեղեցու, որը դուք համարում եք 1725-ամյա ամրոց, իսկ ես համարում եմ ընդամենը անցյալի մնացուկ, որը ինձ՝ որպես իսկական ճարտարապետի, խանգարում էր կառուցել «նոր հային»։

Այո՛, ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ ինձ համար չկան սքեմավոր սրբեր։ Ես նրանց մեջ տեսնում էի միայն КГБ-ի արխիվային փոշին ու օտարի շահը։ Ինչու՞։ Որովհետև ինձ պետք էր, որ դուք դադարեիք հավատալ անգամ Աստծուն, եթե Աստված իմ կողմից չէր։ Ես պետք է կոտրեի էդ վերջին հենարանը, որպեսզի դուք մնայիք բացարձակ որբ ու մենակ՝ իմ դեմ հանդիման։

Ես նրանց անվանեցի «պատերազմի կուսակցություն», որովհետև նրանք հիշեցնում էին ձեզ արժանապատվության մասին, իսկ ինձ պետք էր ձեր ծնկած խաղաղությունը։ Ես նրանց կապեցի «օտարերկրյա հատուկ ծառայությունների» հետ, որովհետև ինքս լավ գիտեի՝ ինչ է նշանակում ծառայել օտարին, և ուզում էի, որ դուք բոլորին կասկածեք։ Ես ուզում էի, որ հայի համար այլևս սրբություն չմնա՝ ո՛չ հողը, ո՛չ զինվորը, ո՛չ էլ խաչը։

Եվ դուք նորից հավատացիք ինձ։ Դուք նայում էիք, թե ինչպես են իմ «թավշյա» խմբակները հարձակվում Վեհափառի վրա, ու լռում էիք։

Դուք լսում էիք իմ ցինիկ բանսարկությունները Եվրոպաներում ու մտածում էիք՝ «գուցե իրո՞ք այդպես է»։ Ես ձեր մեջ սպանեցի հավատը, որպեսզի դրա տեղը լցնեմ իմ վախերն ու իմ կիսատ-պռատ իրականությունը։

Ես զոհաբերեցի Եկեղեցու հեղինակությունը, որպեսզի փրկեմ իմ անձնիշխանությունը։

Եվ եթե այսօր այդ նույն հոգևորականները կանգնած են ձեր կողքին, ուրեմն ես ձախողվել եմ միայն մի հարցում՝ ինձ չհաջողվեց վերջնականապես պղծել ձեր հիշողությունը։ Բայց ես փորձեցի և էդ փորձի համար ես չեմ զղջում։ Քանի որ իմ աշխարհում սուրբ է միայն նա, ով տիրում է ամբիոնին, իսկ այն ժամանակ ամբիոնն իմն էր։

Խեղդող լլռության մեջ լսելի էր միայն էկրաններին ցուցադրվող ավերակներում ոռնացող քամու տնքոցը։

Ամբաստանյալը վերջին անգամ հայացքով չափեց դահլիճը՝ իր այն նույն արտահայտիչ ցինիզմով, որով տարիներ շարունակ սնվում էր հանրային աղետից։

Նա չէր զղջում։

Նա վայելում էր իր սերմանած քաոսի վերջին արարը։

- Վայելե՛ք ձեր տոմսի գինը,– շշնջաց նա՝ վերջին անգամ ժպտալով այն նույն ժպիտով, որը ժամանակին սիրում էին միլիոնները։

Այդ պահին դահլիճում լույսերը կարծես վերջնականապես խամրեցին, և միայն առաջին շարքի դատարկ աթոռներն էին սպիտակին տալիս մթության մեջ՝ որպես լուռ ու անողոք դատավճիռ, որը դեռ պետք է հնչեր։

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ