Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Կառավարության ծրագրի լուրջ բացթողումը

Կառավարության ծրագրի  լուրջ բացթողումը
23.05.2014 | 12:00

Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանում ժողովրդագրական խնդիրներն ուշադրության կենտրոնում պետք է լինեն, սակայն դրանից ոչինչ չի փոխվում, եթե չասենք՝ հակառակը: Չնայած պաշտոնյաների հավաստիացումներին, թե քայլեր են ձեռնարկվում ծնելությունը խթանելու ուղղությամբ, միևնույն է, մենք համարվում ենք ծերացող ազգ, իսկ ծնելության ցուցանիշը շատ հեռու է գոհացուցիչ լինելուց: Նոր կառավարությունն իր ծրագրում այս դրույթը ոչ միայն չի կարևորել, այլև սրբագրել է իր նախորդին և «ծնելության խթանում» դրույթը փոխել, թեև առանց այդ էլ բավականին սխալ մեխանիզմ է գործում այս համակարգում: Այսինքն, և՛ առաջին, և՛ երկրորդ ծնված երեխաների համար պետությունը հատկացնում է ընդամենը 50 հազար դրամ, ոչ մի առավելություն չի տրվում այն ընտանիքին, որի հարկի տակ երկրորդ զավակն է լույս աշխարհ գալիս: Պատկերը լիովին փոխվում է երրորդ երեխայի դեպքում, կտրուկ աճում է գումարի չափը` 1 մլն դրամ:
Կառավարության ծրագրի այս թերացումը նկատել էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ումից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ է կառավարությունն այս ցավոտ խնդիրը լիովին տապալում: «Նախկին կառավարության ծրագրում կար դրույթ ծնելության խթանման մասին, որին այսօր փոխարինել է «ծնելության խրախուսումը»: Խրախուսելու համար մենք տալիս ենք միանվագ օգնություն և այլն: Մեր խնդիրը խթանելն է, որը լրիվ տարբեր հասկացություն է: Սա ծրագրից դուրս է եկել»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ «խթանելը» գլոբալ հասկացություն է։ «Մենք պետք է սկսենք մեր երկրում ծնելությունը խթանել, որը տարբեր միջոցառումներ է ենթադրում, ոչ միայն ֆինանսական խրախուսում: Մյուս դրույթով ասվում է, որ մեր երկրում ծերացող հասարակություն կա, որի դեմ պետք է պայքարել և այլն, և այլն: Որպեսզի այդ վատ ցուցանիշները հաղթահարենք, պետք է ծնելությունը խթանենք»,- ընդգծեց տիկին Բիշարյանը և նշեց, որ «խթանելը» և «խրախուսելը» տարբեր մոտեցումներ են ենթադրում:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը նաև անբավարար է համարում առաջին և երկրորդ երեխաներին տրվող միանվագ օգնությունը: «Համալիր մոտեցում է պետք, որ ընտանիքը չվախենա ոչ միայն առաջին, այլև երկրորդ, երրորդ, չորրորդ երեխան ունենալուց: Մենք դեմոգրաֆիական խնդիր ունենք, արտագաղթ: Այս ֆոնին ամենալուրջ խնդիրը ծնելության խթանումն է»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը և նշեց, որ, ըստ անցկացված մոնիթորինգի, Հայաստանում նույնիսկ երկրորդ երեխան են վախենում բերել, էլ ուր մնաց` երրորդը: «Սա լուրջ ահազանգ է: Այսօր երիտասարդ ընտանիքներին պիտի աջակցել, որոնք արտագաղթում են այն երկրներ, որտեղ լուրջ աջակցություն են ստանում: Հասկանում եմ, որ մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են, բայց երբ ծրագրից հանում ենք ծնելության խթանումը, նշանակում է՝ այս խնդրին համալիր մոտեցումներ չենք ցուցաբերում: Առաջին երեխային էլ, երկրորդին էլ 50 հազար դրամ՝ սա մոտեցո՞ւմ է: Երրորդից անցնում ենք 1 միլիոնի: Այստեղ աբսուրդ կա: Երկրորդի դեպքում գոնե 200 հազար տանք: Մեզանում երկրորդ երեխան են փորձում ունենալ ընտանիքները, բա չխրախուսե՞նք: Առաջինը, որպես ամուսնական նոր զույգ, ունենում են ընտանիքի ձևավորման համար: Նրանց տրվող 50 հազարը ձևական բնույթ է կրում, որովհետև դրանով ո՛չ օգնում ենք, ո՛չ էլ խրախուսում: Իսկ այս սոցիալական պայմաններում երկրորդ երեխան ունենալն արդեն համարձակություն է, բա որոշակի գումարային տարբերակում չլինի՞»,- տարակուսեց Հեղինե Բիշարյանը:
Ի դեպ, թեև երրորդ երեխայի դեպքում պետությունը սահմանել է 1 միլիոն դրամ, սակայն պարզվում է, այս գումարն էլ չի ցանկանում ժամանակին տալ: Երրորդ երեխան լույս աշխարհ բերած կնոջ հետ մեր զրույցից պարզվեց, որ երեխայի ծնվելուց հետո հինգ ամիս շարունակ չեն կարողացել ստանալ գումարը: Հետո մի կերպ հաջողվել է կեսը` 500 հազար դրամը վերցնել: Մյուս մասը, սոցապի աշխատողների փոխանցմամբ, պահվելու է բանկում: Ծնողների զարմանքին, թե երբ ու ինչ երաշխիք ունեն, որ այդ գումարը, ի վերջո, կտրամադրվի իրենց, վերջիններս հակադարձել են. «Մենք էլ ձեզ նման, ոչինչ չգիտենք»: «Գոնե հաշվեհամար կամ որևէ փաստաթուղթ տվեք, որպես ապացույց, որ այդ գումարը կա ու տրվելու է երեխային»,- սոցապի աշխատողներին դիմել են ծնողները, սակայն կրկին ապարդյուն: Մեզ հետ զրույցում ընտանիքի մայրը նշեց, թե հույս չունեն, որ այդ գումարը երբևէ կտրվի իրենց: Ահա այսպես են խրախուսում ու խթանում ծնելությունը Հայաստանում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ