 
													ՈՒ կրկին հորդուն կարկտահարվում է հայոց 5000-ամյա ազգապետական տաճար-տունը: Կիսալուսին յաթաղանը զորագնդեր է հանում փողոց: Թուրանաթուրքական երազանքն անկախ Հայաստանում կարծես թե միս ու արյուն է ստանում: Խնկարկու կռապաշտների ենիչերիական ավանգարդը հերթական գրոհն է ձեռնարկում: Թիրախում մեր ազգային պետական ինքնության գլխավոր պատվարն է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Վեհափառը հայոց:
 Օրեր առաջ խնկարկու կռապաշտների հոգևոր և մարմնավոր կնքահայրերի խորհրդանշական հանդիպումն էր Իսթանբուլում: Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը դիվային պետության ներկա նախագահ Էրդողանին նվիրաբերեց խորհրդանշանական զենք` տապար: Նվիրաբերեց` անթաքույց ակնարկելով, որ վճռական մարտերի անցնելու ժամանակն է: Ժամանակն է իսպառ գլխատելու թուրանաթուրքական երազանքի առջև կանգնած գլխավոր խոչընդոտը` Հայաստան պետությունը: 
 Զուգահեռաբար մոլագարվում է մեր ներքին թուրքը:
Նեռական այս դիվապարը հրապարակ է փորձում իջնել Վարդանանք սրբազնական անվան տակ, Վաղարշապտ քաղաքի կենտրոնական հրապարակում: 
 Որ այս պղծանքը հօդս է ցնդելու, չունեմ որևէ կասկած: Այնուամենայնիվ, նշյալ դիվապարի կնքահայրերին հորդորում եմ փոխել իրենց նեռական շարժման անունը:
Վարդանանքը հայոց քրիստոնեական հավատի պատերազմն էր վասն մեր ազգային պետական ինքնության հարատևման: Տկարամիտ հրոսակները սա պետք է գիտակցեն: Եվ ահա Վարդանանց անվան տակ հրապարակ իջնող նեռականներին առաջարկում եմ իրենց ոգուն և գործին հարիր անվանումներ`
 1. Թուրանի ասպետներ:
 2. Յաթաղանի և տապարի հոգեզավակներ:
 3. Սորոսի արտավիժանք:
 Ընտրությունը վիժանքներինն է:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
 Հ.Գ. 1.
 Հնարավո՞ր է Վաղարշապատի կենտրոնական հրապարակում ներկա խորհրդարանական ընդդիմությունը կուռ շարքերով ի հայտ գա և տապալի Թուրանի ասպետների որքան նողկալի, նույնքան էլ վտանգավոր արշավանքը և սա վասն մեր ազգային պետական ինքնության հարատևման: 
 Անկեղծ ասած` խիստ կասկածում եմ, քանի որ մինչ օրս երկրի քաղաքական ընդդիմության խորհրդարանական լեգիոնն ընդամենը բարենպաստ ընդդիմադիր գործընթացների տիրույթում է և լիարյուն ջրում է իշխանության ջրաղացները:
 Հ.Գ. 2.
Իր գոյության 27 տարիների ընթացքում ներկա խորհրդարանական ընդդիմությունը տնօրինելով ֆինանսական ահռելի միջոցներ, ունենալով կուսակիցների և համակիրների առնվազն 150 հազարանոց բանակ, նաև բավականին պատկառելի քաղաքական փորձառություն` գոնե հիմա պիտի գիտակցի իր պատմական առաքելությունը. այն է` փրկելու Հայոց պետականությունը, սեփական վարքն ու արժանապատվությունը: