Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«ՇԱ՞Տ ԷԻՐ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՆԿԵՂԾԱՆԱՄ. ԱՆԿԵՂԾԱՑԱ՛»

«ՇԱ՞Տ ԷԻՐ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԱՆԿԵՂԾԱՆԱՄ. ԱՆԿԵՂԾԱՑԱ՛»
10.02.2012 | 00:00

Հրազդանյան ընտրությունների քարոզարշավը մնաց հետևում: Խոսվեց` ինչից ասես: Այնուհանդերձ, «լռության օրվա» նախաշեմին քաղաքապետի թեկնածու ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ փորձեցինք խոսել անցնող-դարձողից, «գազեթից-բանից», այն ամենից, ինչից սովորաբար քիչ են խոսում:
-Պարոն Դանիելյան, նախ` ինչպե՞ս եք գնահատում քարոզչության ընթացքը. Ձեզ և Կովալենկո Շահգելդյանին ինչ հնարավոր և անհնար մեղքերի մեջ ասես չմեղադրեցին:
-Կարծում եմ` իզուր, բոլորն էլ տեսան, որ նորմալ-քաղաքակիրթ ընթացք էր: Ինչ վերաբերում է «մեղադրանքներին», ապա մեր մրցակիցն իր հայտնի քաղտեխնոլոգիաներից այդպես էլ չհրաժարվեց և, բուն քաղաքական պայքարի փոխարեն, մեղադրանքների ռեժիմ կիրառեց: Չարժե ևս մեկ անգամ արձագանքել այդ ամենին, այնուհանդերձ, հարկ է նշել, որ որևէ վարչական լծակ չի կիրառվել, որևէ ճնշում որևէ մեկի վրա չի իրականացվել: Յուրաքանչյուր հրազդանցի գիտե` ինչ է ուզում, ինչու, և ինքն է որոշելու` որ թեկնածուին պետք է պաշտպանի: Եվ սա` ի պատիվ մեր քաղաքի ու նրա քաղաքացու:
-Նախորդ բլիցում ասել էիք` ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը վաղուց և միշտ Ձեր կողքին են. Լևոնը միտինգի չեկավ Հրազդան` Սասունի համար (՞), բայց Սերժ Սարգսյանը մոմ վառելու եկավ Ձեզ հետ: Սիմվոլիկան մի կողմ թողնենք, այնուհանդերձ և փաստորեն, Ծաղկաձոր շտապող երկրի նախագահը ժամանակ էր գտել Ձեր կողքին կանգնելու: Այո՞:
-Դո՛ւք ասացիք:
-Ի դեպ, երբ գալիս էի բլից-զրույցի, Հրազդանի մասին տեղեկություններ փորձեցի քաղել ձեր քաղաքի կայքէջից. բավականին թարմ, «տյունինգ» արված կայք էր, արձանագրված էին նույնիսկ այս տարվա բոլոր օրերի բյուջետային մուտքերը: Հետն էլ լիքը նորություններ իմացա ձեր քաղաքի մասին, բայց ամենից հետաքրքիրը «Հրազդանի նշանավոր մարդիկ» էջն էր, շատ ուրախացա, որ այնտեղ հանդիպեցի իմ սիրելի Լևոն Խեչոյանի անվանը: Չնայած դրանից առաջ էլ իմացա, որ հարգարժան Էդվարդ Նալբանդյանը նույնպես Ձեր համաքաղաքացին է: Շատ հեռու չգնամ` ուղիղ հարցնեմ. ոչ քաղաքի, այլ մարզի «մույս» նշանավորի` Գագիկ Ծառուկյանի և նրա ԲՀԿ-ի մասին. ինչպե՞ս են «դասավորվել» հարաբերությունները: Մարզն ավանդաբար համարվում է ԲՀԿ «չադա»:
-Նորմալ-գործնական հարաբերություններ են:
-Նախորդ` խորհրդարանական ընտրություններին Հրազդանում ԲՀԿ-ՀՀԿ ի՞նչ համամասնություն է եղել. ո՞վ է հաղթել:
-Բնականաբար` ՀՀԿ-ն: Վաթսուն տոկոս եղել են ՀՀԿ-ի ձայները, մնացյալը` այլ կուսակցություններինը:
-ԲՀԿ-ն իր անդամներին թողել է, այսպես ասած, ազատ անկման տարածքում. ինչպես միշտ` անքննելի են ԲՀԿ-ի գործերը։ Ի՞նչ եք կարծում` ո՞ւմ ձայն կտան նրանք:
-Եթե անհամեստ չթվա` ինձ, որովհետև մենք այսքան տարի ԲՀԿ-ի հիմնական մասի հետ միասին ենք իրականացնում մեր աշխատանքները, ճամփա ենք անցնում:
-Հա, ի դեպ, ասում են` Կովալենկո Շահգելդյանն ու Գագիկ Ծառուկյանն առժամանակ առաջ հանդիպել են «զմիմյանս», պայմանավորվել, որ ԲՀԿ-ն Ձեզ է սատարելու: Ինչևէ, անցանք առաջ. քանի՞ տարի է ՀՀԿ անդամ եք:
-98-ից:
-Քանի՞ կուսակցություն եք փոխել:
-ՀՀԿ-ն իմ միակ կուսակցությունն է:
-«Неужели?»: Նույնիսկ կոմունի՞ստ չեք եղել:
-Նո՛ւյնիսկ:
-Բայց 93-ից մինչ 98-ը եղել եք տարբեր պատասխանատու պաշտոններում, ուրեմն առնվազն պետք է որ ՀՀՇ-ական լինեիք:
-Ո՛չ: Չեմ եղել:
-Նույնիսկ «Երկրապա՞հ» չեք եղել:
-«Երկրապահին» աջակցել եմ: ՈՒնեինք «Ալաշկերտ» ջոկատ, որին օժանդակել ենք մշտապես. պատերազմի օրերին զենք-զինամթերք, սնունդ էինք հասցնում Ղարաբաղ, ռազմաճակատ:
-Ինչո՞ւ դարձաք ՀՀԿ-ական:
-Սպասում եք, որ ասեմ հայտնի մտքերը, այո՞. ասում եմ` ընդունում եմ ՀՀԿ գաղափարախոսությունը, արժեքները:
-Նժդեհի՛ստ եք:
-Ե՛մ:
-Խորապե՞ս:
-Խորապե՛ս:
-Կուսակցության շունչը Ձեր աշխատանքում, այս ընտրություններում զգո՞ւմ եք:
-Անշո՛ւշտ: Ինքս Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն եմ, ինքս պահպանողական արժեքների կրող եմ, կուսակցությունն էլ այսօր, առավել քան երբևէ, կանգնած է հրազդանցու կողքին:
-Վաղն արդեն «լռության օր» է, քաղաքականությանն ու ՀՀԿ-ին թողնենք իր մտորումների-հաշվարկների հետ միայնակ, մենք անցնենք առավել «մտերմիկ» հարցերի. Դուք տարով Վագր եք, ամսով` Ջրհոս: Երկուսն էլ բավականին հետաքրքիր, հզոր նշաններ են: Ո՞րն է Ձեզ մոտ առավել իշխում:
-Երկուսն էլ` երբեմն-երբեմն Ջրհոսի գերակայությամբ:
-Գիտեք երևի, որ Ջրհոսի դարաշրջանում ենք ապրում արդեն. իսկ Ջրհոսը նոր մարդու, տեսակի, վիբրացիաների, այլ կերպ ասած` փոխակերպման դարաշրջան է, իսկ Դուք Ջրհոս եք:
-Ջրհոս եմ:
-Ի՞նչն եք կյանքում ամենից շատ կարևորում:
-Ընտանիքը, բարոյականությունը:
-Լրիվ իրավունք ունեք. որքան գիտեմ` Դուք տասը երեխա եք եղել, ի դեպ, նրանք բոլորը քաղաքապե՞տ են:
-Ո՛չ, տարբեր ոլորտներում աշխատող նորմալ-հասարակ մարդիկ են:
-Նորից եմ ասում` իրավունք ունեք, որովհետև ինքներդ էլ ունեք չորս երեխա. կայքում էր այդպես գրված. կրկնվո՞ւմ եք Ձեր երեխաների մեջ:
-Անշո՛ւշտ:
-Կցանկանայիք Ձեր ո՞ր գիծը նրանք չունենային:
-Ես մի քիչ նեղացկոտ եմ:
-ՈՒմի՞ց եք «մի քիչ» նեղանում:
-Նոր չասացի՞ք` Ջրհոսի դարաշրջա՜ն է, վիբրացիաների արագացում. ումից, ինչից էլ նեղանամ` «Չրպ ՏվՌ ՎՏՌ». իմ մեջ եմ պահում, իմ մեջ պատճառները որոնում:
-Գտնո՞ւմ եք:
-Որոնողը գտնում է, չէ՞:
-Անկեղծ-անկեղծ` ի՞նչ եք գտել մինչև հիմա:
-Խիստ ներանձնական ոլորտում հայտնվեցինք, նման բաներից այլոց հետ չեն խոսում:
-Բա ես «ա՞յլ» եմ, պարոն Դանիելյան, բա եղա՞վ, ես լրագրող եմ և ունեմ տեղեկացված լինելու իրավունք: Իսկ հե՞շտ եք ներում:
-Այո, բայց ոչ ամեն ինչ:
-Ի՞նչը չեք ներում:
-Դավաճանությունը:
-Շա՞տ են Ձեզ դավաճանել:

-Չէ, բայց, միևնույն է, ծանր եմ տանում:
-Քաղաքական կյանքո՞ւմ, թե՞…
-Բնականաբար` քաղաքական կյանքում, անցած ճանապարհի ընթացքում առանց դրա չէր լինի:
-Սերժ Սարգսյանին էլ շատ դավաճանեցին էս կողմերում: Դո՞ւք ինչ հակազսպիչներ և հակադեպրեսանտներ եք կիրառում:
-Ո՛չ մի, թողնում եմ, որ իրենք իրենց արարքների համար պատասխան տան, ամենքին էլ պետք է ժամանակ տալ, ժամանակն ամեն ինչ գցում է իր տեղը:
-Հավատացյա՞լ եք:
-Անշո՛ւշտ:
-Պրուստն ու ես Ձեզ հարցնում ենք` եթե կանգնեք Աստծու առաջ, ի՞նչ կասեք Նրան:
-Որ մարդկանց մեջ բարություն մտցնի:
-Ոնց երևում է, բոլոր դեպքերում, շա՜տ են ցավեցրել Ձեզ:
-Չէ՛, բարությունն ամեն հարցի-խնդրի ներքին կոդն է, եթե շարժվի, այնքա՜ն հարց կլուծվի: Ազգն ու երկիրն այսօր այսպես բաժան-բաժան են, որովհետև քիչ ենք հանդուրժում, քիչ ենք միմյանց սիրում:
-Դուք բոլորին սիրո՞ւմ եք, պարոն Դանիելյան:
-Դե ո՞նց կլինի, որ բոլորին սիրեմ:
-Հատկապես ո՞ւմ չեք սիրում:
-…Բառադի-դավաճան, անգործունյա մարդկանց… շա՞տ էիր ուզում, որ անկեղծանամ: Անկեղծացա՛:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ