Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ոտքի կանգնեցնել մեր ծնկի եկող երկիրը

Ոտքի կանգնեցնել մեր ծնկի եկող երկիրը
18.07.2023 | 14:12

Մխիթարության համար չեմ զուգահեռում. 1992-ին Արցախում իրավիճակն առավել ծանր էր. չկային գազ ու էլեկտրականություն, վառելիք, բավարար սննդամթերք, և ամենավատթարը՝ նորաստեղծ հանրապետության ամբողջ տարածքը հրետակոծվում էր, դաժան մարտեր էին ընթանում՝ նաև մեր կողմից զգալի նյութական ու մարդկային կորուստներով:

Բայց էսօրվա համեմատությամբ կար մի մեծ առավելություն՝ ժողովուրդն ու իշխանությունը միասնական էին, բարձր էր մարդկանց ոգեկանությունը, գործադիրի ղեկավարներն էլ գործում էին նպատակասլաց ու արդյունավետ: Պետական կառավարման գլխավոր մարմինը բավականաչափ համարժեք էր ընթացիկ պատերազմական իրավիճակին, ի դեմս նշանավոր ՊՊԿ-ի՝ պաշտպանության պետական կոմիտեի, համեստ անվանումով այդ կառույցի:

Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում էին նվիրվածությամբ ու հայրենասիրական անկեղծ մղումով՝ պայքարի մեջ մնալով մարտնչող կամավորների և նոր-նոր ձևավորվող բանակային ստորաբաժանումների հետ: Արցախը միասնական էր Հայաստանի ու Սփյուռքի հետ: Բոլորը միասին պայքարեցին և հաղթեցին:

Հիմա իրականությունը շատ կողմերով հակապատկերային է: Արցախը, որքան էլ իշխանական վերնախավում և հանրային առանձին շերտերում փորձեն աչք փակել, կրկին պատերազմի մեջ է. պաշարումը պատերազմական ակտ է, և դրան հարկ է արձագանքել համարժեք ձևով: Թշնամին պետք է զգա ու տեսնի մեր տեղին ու դիպուկ հակահարվածները:

Ինչպե՞ս:

Բայց էդ հարցի պատասխանը պետք է տան պատկան մարմինները, որոնց պետությունը գուրգուրանքով պահում և ֆինանսավորում է երկրի պաշտպանության ու անվտանգության համար:

Նպատակակետերը ճիշտ ընտրելու դեպքում միջոցները գտնվում են՝ սա է չգրված օրենքը: Մի խոսքով՝ պիտի պայքարել, պայքարել անխտիր բոլոր ուղղություններով՝ պաշտպանական, քաղաքական, տեղեկատվական, դիվանագիտական և այլն:

Թե չէ՝ նստացույց:

Վաղն էլ հացադու՞լ…

Թող դրանով զբաղվեն կանայք ու տարեցները, դա ղեկավարության անելիքը չէ:

Արցախը 20-րդ դարի առաջին կեսի մաքառող Հնդկաստանը չէ, ոչ էլ ձեզնից մեկը՝ Մահաթմա Գանդին:

Վե՛ր կացեք ու պայքարեք:

Օրինակ վերցրեք ձեր նախորդներից, ովքեր մեր ժողովրդի պայքարը հաջողությամբ առաջնորդեցին 1990-ականներին:

Մի քանի ամիս մոռացեք ձեր անձնական, նեղխմբակային շահախնդրությունները, ազնվորեն թիրախավորեք ախոյաններին՝ Արցախում, Հայաստանում, մեր տարածաշրջանում և աշխարհում:

Չե՞ք կարող, վախենու՞մ եք, ընդունա՞կ չեք, ուրեմն մի կողմ քաշվեք, թողեք գործի ու առաջնորոդության ունակ մարդիկ զբաղվեն այդ առաքելությամբ, հատկապես, որ ամենափորձառուներից ոմանք դեռ ողջ են և կարող են դարձյալ ոտքի վրա կանգնեցնել մեր ծնկի եկող երկիրը:

Մի՛ խաղացեք Արցախի ճակատագրի հետ ձեր թուլամորթությամբ ու անգիտությամբ:

Դա խաղ է նաև Հայաստանի ճակատագրի հետ:

Միայն տխմարը կարող է չհասկանալ, որ Հայաստանի իրական գոյությունն ուղղակիորեն շաղկապված է Արցախի հետ:

Քանի դեռ ուշ չէ, Ստեփանակերտի Վերածծնդի հրապարակի հարմարավետ վրանում նստած ղեկավարներ (հետագայում երևի երկար նստելու առիթ կունենաք), մարդ եղեք ու քաղաքացի, պատասխանատվություն ու հեռատեսություն դրսևորեք և մի՛ փոշիացրեք մեր ազգային ներուժը, որ դեռ մեծ է և պատմական գործերի ունակ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ