Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդեն-Հարիսի օրոք՝ հայաթափվեց:
Այս ամենն ուղղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ-ի նախագահի և ոչ մի թեկնածուի:
Այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են: Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու և հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում՝ էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:
Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում, և բացարձակապես ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար:
Սուրեն Սարգսյան