Հայրենական ԶԼՄ-ները շարունակում են կառավարության նոր անդամների նշանակումների շուրջ հավանական ու ենթադրյալ լուրեր տարածել` երբեմն-երբեմն դիմելով «եղունգ նայելու» փորձված տարբերակին։ Այսպես, երևանյան օրաթերթերից մեկն այսօր, մասնավորապես, անդրադարձել է քաղաքաշինության նախարարի պորտֆելի հավանական թեկնածուներից մեկի նշանակվել-չնշանակվելու խնդրին։ «Քաղաքաշինության նախարարի պաշտոնի նկատմամբ,- գրում է թերթը,- հավակնություններ է դրսևորում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր (գուցե` Ալեքսա՞ն- Լ. Մ.) Կարապետյանը, ով մի քանի ամիս առաջ նշանակվել էր քաղաքաշինության նախարարի տեղակալ։ ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը փորձել է Կարապետյանի համար բարեխոսել նախագահի մոտ, բայց կարծես թե անարդյունք»։
Լուրի իսկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանին։
«Անմիտ, անհիմն և պրովոկացիոն տեղեկություններ են,- ասաց քաղաքաշինության նախարարի տեղակալը։- Նման լուրեր տարածողները ո՛չ ինձ, ո՛չ էլ, առավել ևս, Արտաշես Գեղամյանին լավ չեն ճանաչում։ Այդ հարցերի վերջնական պատասխանը կարող է տալ միայն հանրապետության նախագահը։ ՈՒմ թեկնածության վրա էլ նա կանգ առնի, ես պարտավոր եմ և կանեմ ամեն ինչ, որպեսզի նորանշանակ նախարարի հետ միասին կյանքի կոչենք քաղաքաշինության բնագավառում ժողովրդի բարեկեցությանն ուղղված ՀՀ նախագահի ծրագրերն ու հանձնարարականները։ Մենք բոլորս էլ մի նավի մեջ ենք, որի կապիտանը Սերժ Սարգսյանն է, մնացած բոլորս նավաստիներ ենք։ Իսկ մեր «բարի կամեցողներին» ասեմ հետևյալը. հանգստացե՛ք, բարեկամներ, ցունամիներ և փոթորիկներ չեն սպասվում և չեն լինելու։ Համենայն դեպս, առաջիկա վեց տարիներին»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ