ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ըստ Վարդան Հովհաննիսյանի` Ջերմուկի բնակիչները նախընտրում են զբոսաշրջությունը և ոչ թե հանքարդյունաբերությունը

Ըստ Վարդան Հովհաննիսյանի` Ջերմուկի բնակիչները նախընտրում են զբոսաշրջությունը և ոչ թե հանքարդյունաբերությունը
15.06.2012 | 16:32

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է «Գեոթիմ» ընկերությանը, խորհրուրդ տալով «զբաղվել սեփական գործունեությունից բխող ռիսկերի պարզաբանմամբ և պատասխանել ժողովրդի անհանգստությանը», քանի որ ընկերությունն իր հետագա գործունեությամբ «քաղաքը կանգնեցնելու է առավել մեծ խնդիրների առջև»: Քաղաքապետը միաժամանակ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը` պահանջելով Ջերմուկին տալ ազդակիր համայնքի կարգավիճակ:
Վ. Հովհաննիսյանն իր նամակում խնդրել է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ընկերության ուսումնասիրությունները իրականացվել են որոշակի դիտավորությամբ և բացթողումներով, իսկ տարածքի ջրաերկրաբանական հետազոտությունները կատարվել են տարվա համեմատաբար չոր (սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 20-ը) ժամանակահատվածում: «Չի բացառվում, որ Ամուլսարի բաց հանքի պայթեցումները, քաղաքային շինություններին հասցվելիք հնարավոր վնասներից բացի, վտանգեն-խախտեն հանքային աղբյուրների հիդրոդինամիկ ռեժիմը», - նշել է Վ. Հովհաննիսյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև Ջերմուկի տուրիզմի և դրա ենթակառուցվածքների զարգացմանը, վերջին 5 տարում քաղաքում կատարված շուրջ 4 մլրդ դրամի ներդրումներին, դրանց շնորհիվ կառուցվող երկու խոշոր հյուրանոցներին և ստեղծվելիք շուրջ 150 աշխատատեղերին: Նա նշել է, որ, հաստատվել է «Կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանի ստեղծման» ծրագիրը, իսկ առաջիկայում կառուցվելու է «Աղբի վերամշակման գործարան», որը կսպասարկի նաև հարակից համայնքներին:
«Կատարված ներդրումները քաղաքի համար ունեն կենսակարևոր նշանակություն և երկարաժամկետ բնույթ, որոնք ի չիք կդառնան հանքի շահագործման դեպքում: «Ջերմուկ զբոսաշրջային կենտրոնից» ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող նման խոշոր հանքարդյունաբերությունը «Ջերմուկ» բրենդի վրա չի կարող որևէ ազդեցություն չթողնել: Քաղաքն այժմ ունի ընտրության երկու ուղի` դառնալ զբոսաշրջության կամ հանքարդյունաբերության կենտրոն: Ի լուր աշխարհի հայտնում ենք, որ համայնքի բնակչությունն ընտրել է առաջին տարբերակը» - նամակում նշել է Վ. Հովհաննիսյանը:
Հավելենք, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն (հիմնադրվել է 2005-ին) հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որը մասնագիտանում է Հայաստանում նոր հանքավայրերի հայտնաբերման գործում: Ընկերությունն իր լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայումս իր առաջնային ծրագիր հանդիսացող ոսկու հանքավայր Ամուլսարը, որը վերջին 20 տարում իր մեջ պարունակող հանքանյութով առաջինն է Հայաստանում: «Գեոթիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է Լիդիանին: Լիդիանի առավել խոշոր բաժնետերերն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (Համաշխարհային բանկի խումբ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և «Նյումոնթ» լեռնահանքային կորպորացիան (ոսկու արդյունահանման ծավալով աշխարհում երկրորդ ընկերությունը):

Դիտվել է՝ 1844

Մեկնաբանություններ