Նախագահի թեկնածու, Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ընտրություններին մասնակցում է «Հերոս ժողովրդին` հերոս նախագահ» կարգախոսով: Ընտրողների առաջ իր ելույթներում նա նշում է, որ անհրաժեշտ է բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը, ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման աշխատանքները, ապահովել հանրապետության անվտանգությունն ու զարգացումը և պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը ներկա փաստական սահմաններում: Վիտալի Բալասանյանն ասում է, որ իր նախընտրական ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի և նախագահ ընտրվելու դեպքում պարտավորվում է «առողջ ուժերի աջակցությամբ իրականացնել բովանդակային փոփոխություններ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, կառուցել ազատ և արդար երկիր»:
«Եթե բարելավվեն մարդկանց սոցիալական պայմանները, նրանք իրենք կձգտեն դեպի հարազատ հողը: Իսկ սոցիալական վիճակի բարելավման համար անհրաժեշտ է զարգացնել գյուղերը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, շատ աշխատատեղեր ստեղծել»,-Արցախի համալսարանում կայացած հանդիպման ժամանակ ասել է Բալասանյանը:
«Գյուղը պետք է վերականգնի մշակույթի ինքնատիպ կրողը լինելու իր նախկին առաքելությունը, իսկ դրա համար սոցիալական խնդիրների օջախից պետք է վերածվի կենդանի, արտադրող օրգանի, այդ հարցում նրան պետք է պետության օժանդակությունը, ոչ այնպիսին, ինչպիսին հիմա է»,- հայտարարել է նա:
«Այսօր գյուղացիների վիճակը ծանր է, նրանց տրվող վարկերն իրենց չեն արդարացնում: Ագրարային համարվող երկիրը չորս անգամ ավելի շատ գյուղմթերքներ է ներմուծում` դա գյուղատնտեսական աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք է»,- վստահ է նախագահի թեկնածուն: Նա հայտարարում է, որ եթե «ամեն ինչ ճիշտ ծրագրվի, և միջոցները չփոշիացվեն, հանրապետության ներկա բյուջեով հնարավոր է մեր կյանքը դեպի լավը փոխել»: Բյուջեի միջոցների փոշիացում Բալասանյանը համարում է պետպաշտոնյաների համար անհատական ջիպերի գնումը: Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմերի շփման գծում իրավիճակի առումով` գեներալ մայորը կարծում է, որ սահմանը հնարավոր է առանց զոհերի պաշտպանել: Նրա խոսքով` իր թիմը ծրագիր է մշակել, որով կարելի է վերջ տալ միջադեպերին առաջավոր դիրքերում: Արտաքին քաղաքականության առումով նախագահի թեկնածուն դժգոհ է, որ «իշխանությունները ժողովրդին չեն տեղեկացնում բանակցությունների ընթացքի մասին»: Նա նաև կարծում է, որ «Հայաստանի ու Ղարաբաղի ներկա ու անցյալ իշխանությունները շատ բացթողումներ են ունեցել, որոնք չեն պակասում, այլ ավելանում են»: «Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ և առաջին հերթին` Հայաստանի կողմից: Բայց Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը վերածել են օբյեկտի, իսկ Ղարաբաղի հարցը առևտրի առարկայի: Ղարաբաղի խնդրի հետևում մարդիկ են կանգնած, որ անցել են պատերազմի ու տառապանքների միջով»,- ասում է Բալասանյանը: Նրա կարծիքով, պետք չէ լռության մատնել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու հայտարարությունները:
«Ադրբեջանը ռազմաշունչ հայտարարություններ է անում, իսկ մենք լռում ենք, մենք պարբերաբար սպանվածներ ու վիրավորներ ենք ունենում ու շարունակում ենք լռել: Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծում գտնեն, սակայն ժամանակի հետ դրանք ոչ միայն բազմապատկվում, այլև խորանում են, վերաճում են անլուծելիների: Ոչ միայն հացիվ է ապրում մարդը, և մենք երբեք այդպիսին չենք եղել»,- ընդգծում է պատգամավորը: Ստեփանակերտում մշակույթի աշխատողների հետ հանդիպմանը Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ պատրաստ է ժողովրդին ծառայելու: «Նրանք, ում դուք տվել եք ձեր ձայները, ստիպել են մեզ իրենց ծառայել: Ես պատրաստ եմ ձեզ ծառայելու, ինչպես ծառայել եմ պատերազմի ժամանակ»,-հայտարարել է նախագահի թեկնածուն: