Oգոստոսի 22-27-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը: 14 երկրից ժամանած պատվիրակությունները հայաստանյան կողմի հետ քննարկել են Եվրասիական միության ստեղծման գաղափարը:
Համաժողովի վերջում ստորագրվել է հայտարարություն, որտեղ պատվիրակները հանդես են եկել հետխորհրդային տարածքի երկրների բազմակողմ կապերի ամրապնդման և համագործակցության օգտին։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնում Եվրասիական միության կազմավորման գաղափարին։
Հետաքրքիր է հայտարարության վերջին պարբերությունը։ Եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակիցներն իրենց հատուկ շնորհակալությունն են հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամին համաժողովի կազմակերպման և անցկացման համար։ Ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ականներն իրենց կուսակցության ղեկավարի մեծարման ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում։ Սական հատուկ Ծառուկյանի փիառշչիկների համար նշենք, որ թագավորներին մեծարելու միջնադարյան ժամկետանց մեթոդները 21-րդ դարում արդիական չեն, եթե չասենք՝ ծիծաղելի են։
Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների, հայտարարության տակ չի ստորագրել համաժողովին մասնակցող ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Պատճառների մասին ՀՀԿ ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։