ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և նրան ներում շնորհելու խնդրին։ «Հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և նրան ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցագործություններին հակազդելու միջազգային համակարգի գործունակությունը:
Այդ քայլը, որը միանշանակ արվել է ի շահ քաղաքական կոնյունկտուրային նպատակների, ոչնչով չի կարող արդարացվել: Ավելին, հանցագործի հերոսացումն ավելի է նպաստելու առանց այն էլ տարածաշրջանում տիրող լարվածությանը:
Համոզված եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի օբյեկտիվ գնահատական տալ տեղի ունեցածին՚»,- ասել է Բորդյուժան: