Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եթե ընթերցողը չի մտածում, ուրեմն անիմաստ է գրել»

«Եթե ընթերցողը չի մտածում,  ուրեմն անիմաստ է գրել»
04.06.2013 | 01:15

«Իրատես de facto»-ն բոլորել է իր հինգ տարին: Հնգամյակը լրագրության մեջ հոբելյան չէ, բայց հրաշալի առիթ է անցած ճանապարհը ամփոփելու և անցնելիքը որոշարկելու համար: Համազգային տոնախմբություն չենք կազմակերպելու մեր տարեդարձին, որ նույնքան մեր տոնն ենք համարում, որքան մեր ընթերցողների, ու հենց այդ պատճառով ընդհանրական մեր տոնը կնշենք միասին: Հարցազրույցների մեր շարքը ձեզ կներկայացնի մեզ` այնպիսին, ինչպիսին ինքներս ենք մեզ տեսնում: Կամ` ցանկանում ենք, որ մեզ տեսնեն ուրիշները: Եվ, որովհետև տոնն իրապես ընդհանրական ենք համարում, պատրաստ ենք տպագրելու ձեր շնորհավորանքները ևս:


«Իրատես de facto»

Հարցազրույց «Իրատես de facto» թերթի քաղաքական մեկնաբան ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԻ հետ

-Կենդանակերպի Ձեր նշանը:
-ՈՒշ Խեցգետին:
-Ի՞նչ է նշանակում Ձեր պարագայում:
-Հուզականություն` հավելած տիրականություն ու սթափ դատողություն:
-Սիրաշահո՞ւմ եք Ձեզ:
-Բնավ, փաստն եմ արձանագրում ապրած տարիների:
-Ի՞նչն էր կարևոր այդ տարիներին, և ի՞նչն էր խանգարում:
-Բոլոր դեպքերում տաբուների ու սկզբունքների առկայությունը:
-Մասնագիտության մեջ նո՞ւյնպես:
-Մասնագիտության մեջ հատկապես, եթե մասնագիտություն համարեմ լրագրությունը, որովհետև նույնքան լրագրող եմ, որքան գրականագետ, որքան թարգմանիչ, որքան քննադատ: Եվ խորապես ցավում եմ, որ վերջին երեք հարթությունները շատ հաճախ են ստվերվել լրագրությամբ, որովհետև միշտ էլ համոզված եմ եղել ու համոզված եմ, որ մնայունը գրականությունն է, ոչ լրագրությունը:
-Բայց լրագրությունն էլ միշտ չի եղել:
-Այո, իմ դեպքում լրագրությունը դարձել է անվերջ վերադարձի արվեստ, ու ամեն վերադարձիս սկսել եմ 0 կետից, որովհետև կյանքի աննախընթաց փոփոխությունները ամենաարագ ու ամենաշատ ազդել են լրագրության վրա: Իսկ ես գալիս եմ անցյալ դարից և լրագրության սովետական դպրոցից, որը այլ խնդիրներ էր առաջադրում լրագրողին, նրա միջոցով` ընթերցողին ու հասարակությանը: Այսօր լրագրությունը ամենահեշտ ասպարեզն է, որտեղ ինքնադրսևորման համար բավարար է դարձել տառաճանաչ լինելը:
-Սերունդների ու մտածողության հակասությո՞ւն է, թե՞ անձնական վերաբերմունք:
-Սերունդների մտածողության տարբերությունը ամենաբնական և ճիշտ իրողությունն է, այլապես կյանքը տեղապտույտի մեջ էր մնալու: Տարբերությունը խնդրի ձևակերպումն ու ընկալումն է: Ես երբեք չեմ գրել ու չեմ գրի այն, ինչ մակերեսին է, ինչ առաջին զգացումն ու առաջին միտքն են թելադրում, որովհետև կա ու հնարավոր է ավելին, որովհետև ընթերցողը կարդալուց հետո պիտի մտածի ու մասնակից դառնա: Եթե ընթերցողը չի մտածում, ուրեմն անիմաստ է գրել: Առավել ևս այսօր, երբ տարատեսակ տեղեկատվության պակաս չկա, կա կողմնորոշման, կա ընտրության, կա չափանիշի չափանիշ ունենալու խնդիր:
-Կողմնորոշումը, ընտրությունն ու արժեքային համակա՞րգն եք համարում գլխավորը լրագրության մեջ:
-Հավելած ստորագրության պատիվը, որ այսօր համարյա մոռացված է, և հարգանքը ընթերցողի նկատմամբ: Լրագրական դաշտն այսօր շատ խայտաբղետ է, հրաշալի լրագրողների կողքին, համարյա նույն իրավունքներով, ընթերցողին են ներկայանում ասելիք չունեցող, բայց շատ բեղուն գրիչ ունեցողներ: Նրանց դեպքում ուղղակի ափսոսում ես, որ բոլորը այբուբենը գիտեն: Ավելի վտանգավորը վարձավճարված լրագրությունն է, որ հրապարակման առանցքում բոլորովին այլ խնդիրներ է դնում: Այս դեպքում լրագրողը նույնքան մեղավոր է, որքան պատվիրատուն, իսկ ամենամեղավորը հասարակությունն է, որովհետև, ունենալով ընտրության իրավունք, չի մերժում անորակը, անմակարդակը, բացահայտ անհեթեթությունը:
-ՈՒրեմն դա ավելի է հետաքրքրում, ինչո՞ւ եք սահմանափակում տեղեկացվածության մարդկանց սահմանադրական իրավունքը:
-Որովհետև մարդիկ իրավունք ունեն ավելիի, և հողի զգացողությունը ամենից շատ երկնքին նայելիս ես ունենում: Իսկ ընդհանրապես ոչինչ էլ չեմ սահմանափակում, ի վերջո, ընթերցողը ինքն է ընտրում ինչ կարդա ու ինչ չկարդա` իբրև ընթերցող ես էլ ունեմ իմ ընտրության իրավունքը: Ընդամենը:
-Հեքիաթներին հավատո՞ւմ եք:
-Երեսուն տարեկանից հետո` ոչ:
-Չե՞ք կարծում, որ Ձեր գրածներն էլ նման են հեքիաթի ու նույնքան կապ ունեն կյանքի հետ, որքան հեքիաթները:
-Հրաշալի կլիներ, եթե նույնքան կապ ունենային, որովհետև կյանքի ու հեքիաթի կապը շատ ավելի խոր է, քան կարծում ենք: Հեքիաթները միայն երեխաների համար չեն, պարզապես մեծերիս հեքիաթները ավելի անհետաքրքիր ու պարզունակ են` հայտնի ավարտով, որտեղ մեր սթափ ու պրագմատիկ, ուտիլիտար ու պարզունակ մտածողությունը մերժում է հրաշքները ու հաստատում կյանքի ռեալիզմն ու տաղտուկը:
-Ձանձրացե՞լ եք լրագրությունից:
-«Ես գիտեմ բոլոր բառերը և ընդամենը նրանց ճիշտ դասավորությունն եմ որոնում»,- ասում էր Ջեյմս Ջոյսը:
-Ջոյսը լրագրող չէր:
-Յուրաքանչյուր գրող, ի վերջո, իր գրքերում գեղարվեստորեն վերարտադրում է այն իրականությունը, որ լրագրողը վավերագրում է, և այդ գրքերում կյանքը շատ ավելի հստակ ու ամբողջական է, քան հասցնում է անել լրագրողը: Ցավոք:
-Ի՞նչ չեք արել իբրև լրագրող:
-Տպագրության եմ պատրաստել չորս գիրք` իբրև գրող, թարգմանիչ ու գրականագետ, որոնց տպագրությունից հետո միայն կարող եմ ասել` ինչ եմ արել ոչ իբրև լրագրող, իսկ ընդհանրապես համոզված եմ, որ հռոմեացիները ճիշտ էին` ժամանակն անշարժ է, մարդիկ են գալիս-գնում: Երբեմն նրանց ընթացքը անվանում է ժամանակը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
Հ. Գ.- Սխալ չկա, հարցազրույցի ժանրը չի բացառում ինքնահարցազրույցը:

Դիտվել է՝ 3237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ