Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մարդիկ արտագաղթում են՝ ապօրինությունների պարիսպը քանդելու անզորությունից»

«Մարդիկ արտագաղթում են՝ ապօրինությունների պարիսպը քանդելու անզորությունից»
06.07.2013 | 16:39

irates.am-ի հարցերին պատասխանում է Պրահայում ապրող մեր հայրենակից, լրագրող ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ:


-Դուք երկար տարիներ է, ինչ ապրում եք Չեխիայում, մոտիկից ծանոթ եք չեխահայ համայնքին ու նրա խնդիրներին: Ըստ Ձեզ՝ ո՞վ է այսօր սփյուռքահայը, ինչպե՞ս է կարողանում դրսևորել իրեն արտերկրում:
-Չեխիայի համայնքը, ի տարբերություն այլ երկրների համայնքների, հետխորհրդային է, որովհետև Չեխիան չի ունեցել ձևավորված հայկական համայնք: Եղել են առանձին անհատներ, մտավորականներ, ովքեր զբաղվել են մշակութային խնդիրներով: Օրինակ՝ Նշան Մարտիրոսյանը, ով փիլիսոփայություն էր դասավանդում Կառլովի համալսարանում: Ավելի ուշ, Նշան Մարտիրոսյանի և մի քանիսի ջանքերով, 1995-ին Կառլովի համալսարանում բացվեց հայագիտության բաժին, բազմաթիվ ուսանողներ սկսեցին թարգմանություններ անել, սակայն մի քանի տարի առաջ, ցավոք, փակվեց այդ բաժինը: Չեխ գրականագետ, թարգմանիչ Լյուդմիլա Մոտոլովայի (նա հայ գրականությունը թարգմանել էր չեխերեն) գործը փաստորեն, շարունակում էին այդ բաժնում, և հիմա Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ջանքեր է գործադրում, որ պահպանի գրադարանն ու Մոտոլովայի ժառանգությունը: Գրական կապերը խորհրդային շրջանում շատ ամուր էին: Չեխահայ համայնքը փոքր է՝ 3000-4000 հայ, հիմնականում՝ մշակույթի մարդիկ: Շատ նկարիչներ, չունենալով Հայաստանում ապրելու և ստեղծագործելու հնարավորություն, եկել են Չեխիա և հիմա դարձել են հայտնի, Պրահայի կենտրոնում ունեն ցուցասրահներ, բացում են ցուցահանդեսներ եվրոպական տարբեր երկրներում: Արտագաղթողների մեջ փոքր թիվ չեն կազմում նաև լրագրողները, երգիչները:
Հայտնի է նաև եվրոպական <Օրեր> ամսագիրը, որը խմբագրում է Հակոբ Ասատրյանը: Պրահայում գործում է նաև շաբաթօրյա հայկական դպրոց, որը ղեկավարում է ամուսինս՝ Արմեն Քոլոյանը: Տասնյոթ տարի է, ինչ դպրոցի ղեկավարներն ամեն ինչ անում են, որ երեխաները չմոռանան հայերենը:
-Հետևե՞լ եք, թե մարդիկ ինչ պատճառաբանություններ են ներկայացնում եվրոպական երկրներ արտագաղթելիս: Պատճառը սոցիալակա՞ն է, թե՞ ինքնադրսևորման հնարավորության բացակայությունը:
-Սոցիալական պատճառներից ելնելով չէ, որ արտագաղթում են: Արտագաղթում են անարդարությունից, իրավական անպաշտպանվածությունից և իրենց առջև խոյացած այդ ապօրինությունների պարիսպը քանդելու անզորությունից: Մարդիկ ուզում են ապրել իրավական պետությունում: Նորմալ մասնագետը կարողանում է իրավական պետության մեջ ինքնադրսևորվել, գնահատվել:
-Դուք հաճախ եք այցելում Երևան: Սովորաբար այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ լինում են դրսում և հետո վերադառնում Հայաստան, խոսում են միայն դրական փոփոխություններից:
-Գիտեք, շատ փոփոխություններ, թվում է, դրական են. փողոցներ են ասֆալտապատվում, նոր շենքեր են կառուցվում: Բայց ես շատ լավ գիտեմ մեր քաղաքը, նրա պատմությունը, ինչպես է հենց խորհրդային իշխանության տարիներին զարգացել մեր երկիրը: Հիմա տեսնում ենք, թե ինչպես է այլակերպվել քաղաքը, ինչ փոփոխությունների է ենթարկվել: Ես զարմանում եմ, թե ինչպես է մեր ժողովուրդը դա թույլ տալիս: Տիրում է ահավոր խորը սոցիալան բևեռվածություն: Այսօր տեսնում ենք, թե պատերազմին մասնակցած ազատամարտիկները որքան արհամարհված և անտեսված վիճակում են հայտնվել:
-Հայաստանում տեղի ունեցող ամեն մի ընտրությունից հետո ակնհայտ է դառնում, որ մեր երկրում հնարավոր չէ ընտրություններով հասնել փոփոխությունների, քանի որ ընդդիմադիր ուժերը հայտնվում են մարգինալ վիճակում, իսկ ժողովուրդն ավելի է հիասթափվում: Չե՞ք կարծում, որ սփյուռքահայերն էլ պետք է ակտիվություն ցուցաբերեն և կանգնեն իրենց հայրենակիցների կողքին:
-Լիովին համաձայն եմ: Պետք է սատարեն ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ՝ ժողովրդին: Ամեն հայ, որ մեկնել է արտերկիր, երազում է վերադարձի մասին: Երբ այնտեղ մարդուն նայում են, վերաբերվում ոչ թե որպես տվյալ երկրի քաղաքացու, այլ՝ օտարի, դա անպատվաբեր և նվաստացուցիչ է: Այլ երկրից եկած քաղաքացին ավելի թանկ է վճարում բժշկական ապահովագրության համար, հարկերն ավելի բարձր են:
-Բայց սփյուռքահայերը բարձրաձայնում են միայն Ցեղասպանության, Հայ դատի խնդիրների մասին և ոչ թե ՀՀ-ում մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումների, սոցիալական խորը բևեռվածության: Միայն ամերիկահայ համայնքն է, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո կազմակերպում է բողոքի ցույցեր:
-Սփյուռքը շատ մեծ դեր ունի: Նա չպետք է ֆինանսապես աջակցի պետության կոռումպացված ղեկավարներին, նաև՝ ժողովրդին: Միայն այդ դեպքում ժողովուրդը ստիպված ոտքի կկանգնի և կպայքարի իր իրավունքների համար: Տեսեք, երբ կարկտահարվել էին գյուղերը, գյուղացիներն ասում էին՝ եթե կառավարությունը չաջակցի, կթողնենք, կգնանք: Իսկ այլ երկրներում մարդիկ ոտքի են կանգնում, պայքարում, մինչև հասնում են իրենց խնդիրների լուծմանը:
Հենց Չեխիայում, տեսեք, ինչպես հրաժարական տվեց վարչապետը: Նախկին վարչապետն էլ չէր գույքագրել իր բնակարանը քաղաքի կենտրոնում, խայտառակեցին: Երկիրն այսպես պետք է լինի:
Միայն Ղարաբաղի հարցն արծարծելով չէ, որ Սփյուռքը պետք է մտահոգություն ցուցաբերի: Չկա Հայաստան՝ չկա նաև Ղարաբաղ: Ու սրա մասին պետք է մտածեն նաև Սփյուռքում գտնվող ինտելեկտուալ մարդիկ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ