ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Տարվա ամենամեծ հիասթափությունը ՀԱԿ-ի դիրքորոշումն էր»

«Տարվա ամենամեծ հիասթափությունը ՀԱԿ-ի դիրքորոշումն էր»
07.01.2014 | 13:56

Վաշինգտոնում բնակվող մեր հայրենակից, քաղաքագետ Արմեն ԽԱՐԱԶՅԱՆԻՆ irates.am-ը խնդրեց հետահայաց անդարադարձ կատարել Հայաստանի՝ անցյալ տարվա քաղաքական կարևորագույն իրադարձություններին: «Անցած տարի Հայաստանի ամենանշանակալից իրադարձությունը երկրի ռազմավարական շրջադարձն էր դեպի ռուսակենտրոն, եվրասիական ինտեգրացում՝ սեպտեմբերի 3-ով, Պուտինի այցով և գազային պայմանագրի շուրջ զարգացումներով։ Սա իր բացասական հետևանքներն է ունենալու Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում՝ ժողովրդավարություն, կառավարման որակ, տնտեսություն, ինչպես նաև` արտաքին քաղաքական հեղինակություն։ Հայաստանը հայտնվել է ԵԱՀԿ տարածքի առավել կոռումպացված, բռնատիրական, տնտեսապես կաղ, իսկ արտաքին քաղաքականության առումով դոգմատիկ երկրների շարքում, որոնք նաև զարգացման ամենահոռետեսական հեռանկարն ունեն՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան։ Ընդսմին, նույնիսկ այդ խմբում Հայաստանն առաջատարի հավակնություններ չունի, այլ պարզապես հետևում է մյուսներին։ Մեկ այլ նշանակալից իրադարձություն, որից Հայաստանը, ցավոք, միայն համեստ հնարավորություն է ունենալու օգտվել, ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավման հեռանկարն է, որտեղ անցած տարում զգալի առաջընթաց է տեղի ունեցել։ Հայաստանի ինքնուրույնությունն այստեղ խիստ սահամանափակ է՝ հաշվի առնելով, որ երկրի ռազմավարական, թերևս նաև արդեն տակտիկական և օպերատիվ կառավարումը հանձնվել է ռուսներին, որոնք չեն կարող հանդուրժել իրենց ուղեծրից դուրս հայ-իրանական որևէ հարաբերությունների զարգացում։ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում առավել ուշագրավ հանգամանքը երկրի եվրասիականացման նկատմամբ տիտղոսային ընդդիմության անտարբեր, թերևս նաև հանդուրժողական կամ ավելի վատ՝ խրախուսական կեցվածքն էր։ Տարվա ամենամեծ հիասթափությունը ՀԱԿ-ի դիրքորոշումն էր այս խնդիրներում, որն իր մի շարք հանրային ելույթներում լավագույնս ձևակերպեց ՀՀ առաջին նախագահը՝ Ռուսաստանի հետ միությունը խնդիր չէ, խնդիրն իշխանությունը վերցնելն է։ 2013 թվականին, ցավոք, Հայաստանի ղեկավարությունն ու քաղաքական դասը ճակատագրական սխալների շարք թույլ տվեցին՝ անտրամաբանորեն մերժելով Հայաստանի եվրոպական քաղաքակիրթ հեռանկարը հօգուտ կառավարման գավառական, ոստիկանաֆեոդալական մոդելի։ Հայաստանը ցավալի հետադարձ ընթացք մտավ, որից դուրս գալն ավելի դժվար է լինելու, քան ներս մտնելը։ Դրա հաղթահարման միակ հնարավորությունը հասարակական կտրուկ, համակարգային դիմադրությունն է, որի կազմակերպման համար հայությունը չպետք է այլևս ուժ խնայի, այլապես հանրապետությունը կկորցնի իր անկախության վերջին, ձևական ատրիբուտները ևս»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ