Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մասնակցել են միայն դեսպանատան ցուցակում նշված «ցեղասպանագետ» հայեր»

«Մասնակցել են միայն  դեսպանատան ցուցակում նշված «ցեղասպանագետ» հայեր»
20.05.2014 | 11:46

Բելգիայում իսկապես ազգանպաստ գործ անող ու լայն ճանաչում ունեցող հայկական կազմակերպություններից մեկը «Նուարդ» մշակութային միությունն է, որը ղեկավարում է ԳԵՎՈՐԳ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
Միությունը հիմնել է հայկական ժողովրդական պարերի անսամբլ, շաբաթօրյա հայկական դպրոց, հայալեզու թերթ, տեղադրել է խաչքար, ինչն էլ յուրօրինակ աղոթատեղի է դարձել. միշտ կտեսնեք վառվող մոմեր ու կլսեք առ Աստված ելնող աղոթքներ: Մշակութային միությունը հրատարակել է նաև բելգիահայոց մասին գրքեր, տպագրության է ներկայացրել Մեծ եղեռնի ականատեսների վկայությունները, կազմակերպել է հայ գրքի (Անտվերպենի համալսարանի և Անտվերպենի կենտրոնական գրադարանի ցուցասրահներում), գորգի, նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ, Հայաստանից հրավիրել է մեծ թվով երգիչների, արվեստագետների, հայանպաստ հարցեր է բարձրացրել Եվրախորհրդարանում ու Բելգիայի պառլամենտում, ամեն տարի ցեղասպանությանը նվիրված շուրջ քառասունրոպեանոց հաղորդում է հեռարձակում Բելգիայի կենտրոնական ռադիոյով (բելգիացի լրագրողների մասնակցությամբ), հայկական ժողովրդական պարերի անսամբլը շուրջ հարյուր ելույթ է ունեցել` բազմաքանակ հանդիսատեսին ծանոթացնելով Հայաստանի ու հայի հետ, ունի մանկական թատրոն, որը նիդերլանդերենով հայկական հեքիաթներ է ներկայացնում, հիմնել է սպորտային, երիտասարդական կառույցներ, ունի շախմատի ակումբ, տարվա ընթացքում կազմակերպում է ազգային տոներին նվիրված և այլ բազմաթիվ միջոցառումներ, թանգարանների թուրքական բաժիններից գիտական հիմնավորումով առանձնացրել է հայկական գորգն ու ճարմանդը, հիմնել է գրադարան, կազմակերպել հայկական մշակույթի օրեր, հայ-բելգիական մշակույթի օրեր և բարեկամության երեկոներ։ Այսօր զրուցակիցս է «Նուարդի» ղեկավար Գևորգ Մինասյանը։
-Նախ, խնդրում եմ, «Իրատես de facto» թերթի ընթերցողներին շատ հակիրճ պատմեք Ձեր մասին:
-Ծնվել եմ Հայաստանում: Ավարտել եմ Մաստարայի միջնակարգ դպրոցը, այնուհետ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը: Աշխատել եմ մշակույթի նախարարության համակարգում՝ զբաղվել եմ մշակույթի սոցիոլոգիայով, այնուհետև նախարարության ապարատում՝ որպես ակումբային հիմնարկների և ժողովրդական ստեղծագործության վարչության պետի տեղակալ, գլխավոր մասնագետ: 1996-98 թթ. աշխատել եմ Արագածոտնի նորաստեղծ մարզպետարանում որպես մշակույթի և սպորտի բաժնի պետ, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ: Նախարարությունում աշխատելուն զուգընթաց դասախոսել եմ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) մշակույթի ֆակուլտետում, կուսակցական ղեկավար աշխատողների, մշակույթի աշխատողների վերապատրաստման դասընթացներում: ՈՒնեմ մի շարք մասնագիտական աշխատություններ, սցենարներ, պիեսներ, հարյուրի հասնող հոդվածներ: 1991-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ եմ, նույն տարուց ղեկավարել եմ Հայ մշակույթի աշխատողների միությունը: Առաջին անգամ (1993 թ.) Հայաստանում անցկացրել եմ ժողովրդական պարերի միջազգային փառատոն, նաև զուռնայի ու պարկապզուկի և այլ փառատոներ: Արտերկրում մասնակցել եմ բազմաթիվ միջազգային փառատոների, սիմպոզիումների, գիտաժողովների:
1999-ին հաստատվել եմ Բելգիայում: Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության հիմնադիր-նախագահն եմ, տեղի «Լրագիր» ամսաթերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, 2009-ից` Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահը: Ի դեպ, Բելգիայի հայության մասին պատրաստել եմ «Նախավերջին գնացքը» հոդվածներիս ժողովածուն, «Բելգիան և հայերը» երկհատորյակը (3-րդ դարից մեր օրերը): Եկող տարի լույս կտեսնի նույն թեմայով հաջորդ հատորը:
Աշխատեցի հակիրճ ներկայացնել, չխոսեցի մեր աշխատանքների մասին, իսկ դրանք ներկայացնելու համար էջեր կպահանջվեն:
-Պարոն Մինասյան, փաստենք. Բելգիայում ղեկավարելով «Նուարդ» մշակութային միությունը և հրատարակելով «Լրագիր» հայալեզու ամսագիրը, կամա թե ակամա, շփվում եք ինչպես տեղաբնակ, այնպես էլ ճակատագրի կամոք օտարության մեջ հայտնված մեր հայրենակիցների հետ: Ըստ Ձեզ, համախմբվա՞ծ է տեղի հայ հանրությունը: Եվ որքա՞նէ ունակ ազդելու քաղաքական, նաև մշակութային այս կամ այն խնդրի լուծման վրա:
Ո՞րն է հարցիս ենթատեքստը. գաղտնիք չէ, որ տեղի թուրքական համայնքը բավականին կազմակերպված է ու, չեմ խորշի արձանագրելուց իրողությունը, ազդեցիկ: Այնքան, որ Բելգիայում արդեն ազգությամբ թուրք պաշտոնյաներ ու տարբեր հարթություններում գտնվող պատգամավորներ կան:
-Սկսեմ վերջից: Մի տասը տարի առաջ, ասենք, Անտվերպենի քաղաքապետարանի համակարգում աշխատում էին մի քանի հայեր: Հիմա՝ երեք տասնյակից ավելի: Հայ բարձր պաշտոնյաներ, պատգամավորներ չկան: Կան լավ գրողներ, դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, սպորտսմեններ, որոնք ճանաչված են: Մինչև 1915 թվականը Բելգիայում եղել է հիսուն հայ: 15 թվից հետո Բելգիա հասած հայերի թիվը եղել է հազար, որոշ տվյալներով՝ մինչև երկու հազար: 1992 թվականից Բելգիա են եկել հայաստանցի հայեր: Հիմա, ըստ իմ ուսումնասիրությունների արդյունքների, Բելգիայում կա շուրջ 36000 հայ: Կան հայկական բազմաթիվ կազմակերպություններ, որոնցից ոչ բոլորն են ակտիվ, և ոչ բոլորն են ցանկանում միասնաբար գործել: Սա շատ ցավոտ հարց է: Բայց և չի կարելի ասել, թե միասնականություն չկա. օրինակ՝ ապրիլի 24-ին, հատկապես վերջին «Եվրատեսիլի» քվեարկության ժամանակ և այլն: Ազդել քաղաքական անցուդարձի վրա չափազանց դժվար է, թեկուզ ինչ-որ բաներ մեզ հաջողվում է: Այո, թուրքական կառույցները գործում են միասնաբար: Իմ տվյալներով, Թուրքիայի դեսպանատունը, հյուպատոսությունները հաճախակի են կազմակերպում Բելգիայում գործող թուրքական կազմակերպությունների ղեկավարների հանդիպումներ, խրախուսում են նրանց, ցուցաբերում ֆինանսական և այլ աջակցություն: Մերն ուրիշ է… Միասնականության մասին մի թարմ օրինակ բերեմ. բելգիահայ գաղութային վարչության «Հայ» տեղեկատուին (բյուլետեն), որը, ի դեպ, ֆրանսալեզու է և միայն վերնագիրն է հայատառ, ուղարկեցի մի փոքրիկ հայտարարություն, որով կոչ էի անում աջակցել, ձայն տալ Բրյուսելի պառլամենտական ընտրություններում հայազգի երիտասարդի օգտին: Հայտարարությունն ինչ-ինչ պատճառներով… չտպագրվեց: Ահա միասնականության վառ օրինակ: Բերեմ մեկ օրինակ ևս. վերջերս Բրյուսել ժամանած հայաստանյան նախարարաց և այլ պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փակ-գաղտնի հավաքույթին մասնակցել են միայն դեսպանատան ցուցակում նշված «ցեղասպանագետ» հայեր, ոչ մի կազմակերպության հայաստանցի ղեկավար չի մասնակցել այդ հավաքույթին: Թե ինչ են անում այդ ցեղասպանագետները, ոչ մեկին հայտնի չէ: Տեսնո՞ւմ եք, ինչքան միասնաբար ենք գործում։
-Ո՞րն է Ձեր ենթադրությունը. ինչո՞ւ է փակ անցկացվել, ինչո՞ւ Ձեզ չեն հրավիրել…
-Թե ինչու են գաղտնի հավաք անցկացրել, պետք է հարցնել կազմակերպիչներին: Միգուցե հարմար չեն գտել քննարկվող նյութը դարձնել հանրության սեփականություն, կամ այլ՝ մեզ համար անընկալելի հարցեր են եղել:
-Ի դեպ, նշեցիք, թե բելգիահայերը միասնական են եղել «Եվրատեսիլում» մեր հայ մասնակցի օգտին քվեարկելու ժամանակ, մինչդեռ ամբողջ համացանցը ամոթանք է տալիս Բելգիայում ապրող հայերին:
-Ինչ վերաբերում է «Եվրատեսիլին», ապա ես չեմ հիշում նման կազմակեպվածություն, համախմբված աջակցություն մեր երգչին: Բելգիան մեր մասնակիցներին միշտ էլ տվել է 12 միավոր: Անցյալ տարի էլ կասկածելի եղավ քվեարկության արդյունքների ներկայացումը: Այս տարի բացահայտ կեղծվեց բելգիահայերի, և ոչ միայն, ձայնը: Բազմաթիվ բելգիացիներ, ասորիներ, այլք, քվեարկեցին Արամի օգտին: Արամին տրված բազմահազար SMS-ները բելգիական հանձնախումբը զրոյացրեց: Սա վիրավորական է: Թերևս այս հարցով զբաղվի «Եվրատեսիլի» հայաստանյան ներկայացուցչությունը: Թող դիմեն, բողոքեն, դատի տան, որովհետև այդ կառույցն է տիրապետում մանրամասներին և իրավական ուժ ունի: Այս պարագայում, թերևս, կարևոր է Արամի հրաշալի ելույթը: Նա պատվով կատարեց իր առաքելությունը: Աննկարագրելի հուզմունք պատճառեց բոլորիս: Շնորհակալություն, Արամ: Ի՞նչ ասեմ սատանայատեսք հաղթողին: Դա էլ մնա Եվրոպայի խղճին, եթե այն կա:

-Արձանագրենք հայտնի ճշմարտությունը` մշակույթն է ամենամեծ քաղաքականությունը, ամենահզոր զենքը: Այդ տեսանկյունից էլ մոտենանք այն իրողությանը, որ Դուք նկարահանում էիք «Հայերը Բելգիայում» ֆիլմը: Ի՞նչ փուլում են աշխատանքները: ՈՒ, եթե կարելի , մի փոքր պատմեք Ձեր ֆիլմի մասին:
-Այո, իմ գրքերի հիման վրա ես գրեցի կինոսցենար: Ստեղծվեց հրաշալի խումբ: Ես դիմեցի սփյուռքի նախարարությանը` խնդրելով աջակցել նկարահանումներին: Շուրջ մեկ տարի լռելուց հետո ինձ տեղեկացրին, որ հիշյալ նախարարությունը պայմանավորվել է «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի ստեղծագործական խմբի հետ` ֆիլմ նկարահանելու Բելգիայի հայերի մասին: «Ֆիլմը» արդեն մի քանի անգամ ցուցադրվել է Հայաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ: Այն «ֆիլմ» է ռեստորանատերերի, ոսկերիչների մասին, թեկուզ «ֆիլմում» կան մեկ-երկու նկարիչներ, կազմակերպություններ: Օրինակ, մի քանի օր առաջ նորից ցուցադրված, բայց արդեն մոնտաժված ֆիլմում ցուցադրվում է Անտվերպենում մեր տեղադրած խաչքարը: Ոչ մի խոսք խաչքարի մասին: «Ֆիլմում» առկա է անտեղյակությունը, պարզ է, թե ով է ուղղորդել նկարահանող խմբին, այնպես, որ այդ «ֆիլմը» ամբողջությամբ ամայի է, մեզ համար՝ օտար: Հուսանք, որ մեզ կհաջողվի նկարահանել հիրավի հայկականությունը ներկայացնող մի ֆիլմ, իսկ սրա համար մենք ունենք հարուստ ու անաչառ պատմություն: Ֆիլմում կլինի պատմական ակնարկ, կխոսվի անվանի հայերի, հայագետների, հայերին օգնած եկեղեցականների, պաշտոնյաների, հայկական կազմակերպությունների, մեկօրյա դպրոցների, արվեստի տարաբնույթ խմբերի, անսամբլների, մարզիկների և այլոց մասին:

Լյուբա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բելգիայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ