Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Փիլիսոփայությունն այսօր ոչ միայն տեսություն է, այլև ապրելու և Աստծո հետ զրույց բացելու արվեստ»

«Փիլիսոփայությունն  այսօր ոչ միայն տեսություն է, այլև ապրելու և Աստծո հետ զրույց բացելու արվեստ»
21.10.2014 | 12:36

Լրացավ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 50-ամյակը, որը 1964-ից բացվել և մինչև 1981 թվականը գործում էր որպես պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին: 1982 թվականին բաժինը դարձել է ֆակուլտետ, որի բազայի վրա ստեղծվել և մինչ օրս գործում է երեք ամբիոն:
Հոգեբանության բաժնի բացվելուց հետո՝ 1991 թվականից, կառույցը կոչվել է փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998 թվականը վերջինիս շրջանակներում գործել է նաև քաղաքագիտության բաժինը` հետագայում ընդգրկվելով նորաստեղծ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:
Ֆակուլտետը «փիլիսոփայության և հոգեբանության» անվանումը ստացել է 2004 թվականին, երբ սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի բաժինները վերջինից առանձնանալով դարձել են առանձին ֆակուլտետներ:


-Քանի՞ ուսանող ունի այսօր ֆակուլտետը,- հարցրինք դեկան ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ։
-Ֆակուլտետում առկա և հեռակա հիմունքներով սովորում են համապատասխանաբար` 520 և 215 ուսանող (514-ը` բակալավրիատում, 221-ը` մագիստրատուրայում) և 54 ասպիրանտ, որոնցից 14-ը արտերկրացի են:
-Սովորողների մեջ ո՞ր սեռի ներկայացուցիչներն են գերակշռում:
-Հիմնականում իգական: Սակայն նոր ուսումնական տարվանից այս մասնագիտությունն ընտրող արական սեռի ներկայացուցիչների թիվն ավելացել է, որոնք ավելի խոր են ըմբռնել մասնագիտության կարևորությունը: Նշեմ, որ ընթացիկ ուստարում ընդունված 43 ուսանողների ավելի քան մեկ երրորդը տղաներ են, մնացածը` աղջիկներ:
-Որտե՞ղ են իրենց պրակտիկան անցկացնում ֆակուլտետի ուսանողները:
-Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հիմնարկներում, ԶԼՄ կառույցներում, հիվանդանոցներում, հոգեբանական ծառայության կենտրոններում, տնտեսական, վարչական, քաղաքական, կրթամշակութային, խորհրդատվական հաստատություններում և այլ հիմնարկ ձեռնարկություններում:
Նշեմ, որ ինչպես տեսական, այնպես էլ գործնական-կիրառական դաշտում աշխատելիս մեր հոգեբան պրակտիկանտներն ու շրջանավարտները առանձնանում են ոչ միայն իրենց գիտելիքներով, կրթվածությամբ, այլև մարդկային և մասնագիտական որակներով:
-Անկախացումից հետո ֆակուլտետում ի՞նչ հիմքերի վրա է դրվել ուսուցումը:
-Անկախացումից հետո ֆակուլտետի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համատեղ ջանքերով գործող ծրագրերից (մանրազնին վերանայելուց հետո) դուրս են հանվել իրենց դարն ապրած մի շարք դասընթացներ, մտցվել՝ նորերը: Բովանդակային փոփոխության են ենթարկվել նաև ավանդական դասընթացները: Նույն ձևով փոփոխվել և արդիականացվել են նաև գիտահետազոտական թեմաները` հումանիտար գիտությունները ձերբազատելով նախորդ կաղապարներից:
-Ինչպիսի՞ գիտական ներուժ է կերտել ֆակուլտետը կեսդարյա իր դարբնոցում:
-Բավական մեծ: Ֆակուլտետի շրջանավարտներից շատերն այսօր փիլիսոփայական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ և դոցենտներ են և ղեկավարում են ԵՊՀ-ի և հանրապետության այլ բուհերի փիլիսոփայական ամբիոններ ու ֆակուլտետներ: Նրանց մեջ կան նաև պետական, քաղաքական և հասարակական ճանաչված դեմքեր, հայտնի լրագրողներ, գիտության և մշակույթի տարբեր ոլորտներում աչքի ընկնող մասնագետներ:
Հոգեբանության բաժնի շրջանավարտներից շատերն արդեն գիտության թեկնածուներ են, ակնկալում ենք, որ շուտով կդառնան գիտության դոկտորներ:
-Այսօրվա պայմաններում ինչպե՞ս եք արժևորում փիլիսոփայության և հոգեբանության դերը:
-Փիլիսոփայությունն այսօրվա համար ոչ միայն տեսություն է, հոգևոր փորձառություն, հմտություն, այլև ապրելու և Աստծո հետ զրույց բացելու արվեստ: Այն միաժամանակ մարդուն հնարավորություն է տալիս կայուն լինելու արտաքին աշխարհի հարափոփոխ հանգամանքների հորձանուտում` զուգահեռաբար պահպանելով իր ազգային նկարագիրն ու մշակութային ակունքները: Փիլիսոփայությունը հնարավորություն է տալիս նաև արժևորելու ինչպես մարդու և հասարակության, այնպես էլ մարդու և շրջապատող միջավայրի հարաբերությունները, քանի որ դրանց անտեսումը բերում է մարդկային կորստի, անհանդուրժողականության, ագրեսիվության:
Իսկ այսօրվա հոգեբանության խնդիրը մարդուն նեցուկ լինելն է, որը պետք է անձին հնարավորություն տա՝ բացահայտելու և իրականացնելու իր ներուժը, ստեղծագործաբար հարմարվելու ինքն իրեն և շրջապատի հարափոփոխ պայմաններին: Այս գիտությունների զարգացման ճիշտ ուղղվածությունից են կախված նաև մեր պետականության կայացումն ու հզորացումը:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հ. Գ.-1- Նշեմ, որ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Բացմանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին կրթական, գիտահետազոտական ասպարեզում և անձնական կյանքում նոր հաջողություններ և ձեռքբերումներ մաղթեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և մշակութային պատերազմների մերօրյա աշխարհում փիլիսոփայության և հոգեբանության դասական մասնագիտությունների դերը գնալով ավելի է կարևորվում, և այս պարագայում արժեհամակարգային և մտածելակերպային ավանդույթները նույնպես պահպանման կարիք ունեն: Հաշվի առնելով, որ արտաքին աշխարհը բավականին ագրեսիվ և ինտենսիվ կերպով է մեզ հրամցնում այլ մտածողություն, այլ արժեքներ, այլ հոգեբանություն, բնական է, որ հոգեբանների և փիլիսոփաների հայկական դպրոցը այստեղ նույնպես ասելիք ունի»,- ասաց նա:
Միջոցառման շրջանակներում ԿԳ նախարարից և ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանից պարգևներ, մեդալներ և պատվոգրեր ստացան ֆակուլտետի բազմաթիվ երախտավորներ: Նրանք շեշտեցին, որ երիտասարդ սերնդի արժեհամակարգի ձևավորման աշխարհայացքային ու գաղափարական դաստիարակության ժամանակակից պայմաններում, չափազանց մեծ է հումանիտար` մասնավորապես փիլիսոփայական և հոգեբանական գիտելիքի դերը և իրենք այդ ուղղությամբ դեռևս շատ ասելիքներ և անելիքներ ունեն:
Հ.Գ. -2 փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ԵՊՀ-ում անցկացվեց նաև «Արդիականության մարտահրավերները. փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Ֆրասիայից և ՌԴ-ից եկած բազմաթիվ հյուրեր: Վերջիններս գիտաժողովին ներկայացրել էին փիլիսոփայության և հոգեբանության ոլորտներին առնչվող շուրջ 100 կրթական, գիտական նյութեր, թեմաներ, հոդվածներ, զեկույցներ, վերլուծություններ, ուսումնասիրություններ:
Գիտաժողովը նախապատրաստություն էր նաև Հայոց ցեղասպանության հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ծանրակշիռ մասնակցությունն ապահովելուն: Այդ կապակցությամբ ելույթներ և անդրադարձեր եղան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, վերջինիս բարոյագիտական վերլուծության, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների ընկալման, Օսմանյան կայսրության «արևմտականացման», ինչպես նաև Մեծ եղեռնի հետևանքների համար բարոյական պատասխանատվության ստանձնման հիմքերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 1362

Մեկնաբանություններ