ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հայաստանում առկա ցանկացած խոշոր կարողություն կոռուպցիոն գործարքների արդյունքում է դիզվել»

«Հայաստանում առկա ցանկացած խոշոր կարողություն կոռուպցիոն գործարքների արդյունքում է դիզվել»
10.02.2015 | 12:14

«Հայաստանում առկա ցանկացած խոշոր կարողություն կոռուպցիոն գործարքների արդյունքում է դիզված»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց քաղաքական գործիչ ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ` հավելելով, որ այդ կարողությունների տեր մարդիկ ցանկանում են, որ իշխանության ռոտացիա տեղի ունենա:
-Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին ներկա էին քաղաքական ասպարեզում «ներկա ու բացակա» շատ քաղաքական գործիչներ: Դուք հրավեր ստացե՞լ եք, և խորհրդաժողովի այդ «կազմով» հնարավո՞ր է Հայաստանում նոր «որակի» իշխանություն ձևավորել:
-Անվանական հրավեր չեմ ստացել, թեև այդ միջոցառմանը մասնակցելու համար, որքան հասկանում եմ, այդպիսի հատուկ հրավերի կարիքը չի եղել. ցանկացողները կարող էին ներկա գտնվել: Նոր որակի իշխանություն ձևավորելը ենթադրում է այդ նպատակադրումն ունեցողների մեջ համապատասխան գիտելիքների ու արժեհամակարգի, ինչպես նաև շատ որոշակի մարդկային և ֆինանսական ռեսուրսների առկայություն: Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի գործողություններն առայժմ հիմք չեն տալիս կարծելու, որ այս նախապայմաններն ապահովված են:
-«Մարդկանց համբերության բաժակը լցվել է»,- ասում է Գագիկ Ծառուկյանը: Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ամենախոշոր հարուստներից մեկի նման հայտարարությունը չափազանց կեղծ չէ՞: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ իշխանափոխության մասին է խոսում մի ուժի ներկայացուցիչ, որն «անմիջական» կապ ունի գործադիր մարմնի ղեկավարի հետ, և ում միլիոնները կուտակվել են այս իշխանությունների բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ:
-Մենք պետք է իրատես լինենք՝ Հայաստանում առկա ցանկացած խոշոր կարողություն կոռուպցիոն գործարքների արդյունքում է դիզված: Այլ խնդիր է, որ տարիների ընթացքում իրավիճակը որոշակիորեն կայունացել է՝ իշխանությունը, ֆինանսներն ու սեփականությունը կենտրոնացել են մարդկանց շատ որոշակի նեղ շրջանակի ձեռքին: Ես կարծում եմ, որ այդ շրջանակի ներկայացուցիչներն անկեղծորեն շահագրգռված են, որ տեղի ունենա իշխանության ռոտացիա, սակայն տեղի ունենա այնպես, որ չլինեն տնտեսական դաշտի վերաձևումներ:
-Հայ հասարակությունը, որն այս բոլոր տարիներին տեսել է ընդդիմությունների տապալումը և շատ ընդդիմադիրների «առքուվաճառքը», կարո՞ղ է հավատ ընծայել այսօր հարթակում կանգնած ոչիշխանականներին:
-Հեղափոխական ոչիշխանականների հանդեպ հանրության հարաճուն անվստահությունը կարելի է համարել իշխանականների մեծագույն նվաճումը: Սակայն այսօր հարթակում են նաև մարդիկ, ովքեր իշխանության մաս են այնքանով, որքանով կայուն դիրքեր ունեն երկրի տնտեսական ներուժի մի զգալի մասը վերահսկելու շնորհիվ: Այսինքն՝ այսօրվա հարթակը կիսված է երբեմնի հեղափոխականների ու փաստացի անպաշտոն, սակայն տնտեսական լծակներին տիրապետելու հաշվին քաղաքական զգալի կշիռ ունեցող ունևորների միջև:
-Հայաստանում կարծես «խելքը գլխին», նոր, թարմ դեմքերով քաղաքական ուժ չի ձևավորվում, որն իր արմատականությամբ ու սկզբունքայնությամբ կարող է իրավիճակ փոխել: Մենք մշտապես հայտնվում ենք նույն մարդկանց շրջապտույտում, որոնք մեկ ընդդիմություն են, մեկ էլ հանկարծ իշխանություն ու հակառակը: Ինչո՞ւ գաղափարական ու «գործունյա» ուժ մեզանում չի ստեղծվում:
-Շատ ավելի կարևոր է, որպեսզի եղածները «խելքը գլխին» դառնան. սա է արդյունավետ ճանապարհը: Հայաստանի քաղաքական դաշտը, այնուամենայնիվ, էվոլյուցիոն զարգացում ապրում է, և շատ կարևոր է այն, որ նյութական ռեսուրսների համար կատաղի պայքարն արդեն հիմնականում ավարտվել է ու նոր փուլ է սկսվում, որը լուծում պահանջող նոր խնդիրներ է առաջ բերում: Այս փուլում բիրտ ուժի կիրառումն այլևս արդյունավետ չի լինելու և մասնագիտական բարձր որակները վերջապես կարող են պահանջված ու բարձրարժեք «ապրանք» դառնալ:
-Հայաստանում արտաքին գործոնների, օտարի «ձեռքի» ազդեցությունը չափազանց մեծ է: Սա մեր երկրի փոքրությունի՞ց է, թե՞ իշխանությունների անկարողությունից:
-Այս երևույթի հիմնական պատճառները մի քանիսն են ու, Ձեր նշածներից բացի, կան նաև ներքին ու արտաքին այլ գործոններ:
-Տարին սկսվեց սահմանային լարվածությամբ, հետո Գյումրու սահմռկեցուցիչ դեպքը, որին հաջորդեց բերձորյան միջադեպը: Այս ամենում Դուք ընդհանուր կապ տեսնո՞ւմ եք:
-Այդ կապն առայժմ տեսական է, սակայն դրա առկայության հնարավորությունը բացառել այս պահին չի կարելի՝ անհրաժեշտ է լուրջ ու անաչառ հետաքննություն Գյումրիում կատարված սպանության ու բերձորյան ծեծի միջադեպի մասով: Վստահ չեմ, որ այդպիսի հետաքննություն կիրականացվի:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ