ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայ քաղաքական մշակույթը կենթարկվի որակական փոփոխության, եթե...

Հայ քաղաքական մշակույթը կենթարկվի որակական  փոփոխության, եթե...
20.02.2015 | 00:39

Ինչպես հայտնի է, քաղաքական մշակույթը դասակարգվում է երեք տիպերով՝ մասնակցային, հպատակային և ավանդական: Մասնակցային քաղաքական մշակույթի կրող հասարակության ներկայացուցիչները աչքի են ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ դրսևորած մեծ հետաքրքրությամբ, սեփական անհատականության բարձր գիտակցությամբ, քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ակտիվ մասնակցությամբ: Քաղաքական մշակույթի այս տիպը բնորոշ է ժողովրդավարական համակարգերին: Հպատակային քաղաքական մշակույթի կրող հասարակությունն աչքի է ընկնում քաղաքական կյանքի նկատմամբ դրսևորած մեծ հետաքրքրությամբ, բայց քաղաքական գործընթացներին պասիվ մասնակցությամբ, քաղաքական կողմնորոշվածության բացակայությամբ: Քաղաքական մշակույթի այս տիպը բնորոշ է ավտորիտար համակարգերին: Ավանդական տիպի քաղաքական մշակույթի տարրեր առկա են տարբեր մշակույթներում, սակայն այս տիպը ամբողջապես չի գերիշխում որևէ հասարակությունում: Ներկայումս հայ հասարակությունը գտնվում է հպատակայինից մասնակցային տիպի քաղաքական մշակույթ ձևավորելու անցումային փուլում:
Հայաստանի երրորդ Հանրապետության սկզբնավորման առաջին տարիներից կարևոր նշանակություն ձեռք բերեց ազգային քաղաքական մշակույթի ձևավորման խնդիրը: Մենք՝ հայերս, մեծ մասամբ լինելով հպատակային տիպի քաղաքական մշակույթի կրող, մինչ օրս չենք կարողացել ձևավորել հասարակակենտրոն քաղաքական մշակույթ՝ մնալով անհատակենտրոնության տիրույթում: Վերջինս վաղ ժամանակներից իր ուրույն տեղն է գտել արևելյան հանրույթներում: Այսօր անհատակենտրոնությունը, ավանդույթի ուժով պահպանվելով հայ քաղաքական մշակույթի սահմաններում, որոշակիորեն դրսևորվում է նաև հասարակական հարաբերություններում և հանդես գալիս որպես ազգային բնավորության գիծ: Հայ քաղաքական մշակույթում անհատակենտրոնությունը նկատելի է դառնում հատկապես քաղաքական էլիտայի շրջանակներում, երբ քաղաքական միավորները ձևավորվում և գործունեություն են ծավալում անհատների նախաձեռնությամբ ու գլխավորությամբ: Այդպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ գաղափարական պայքարն իր տեղը զիջում է անձնական և կուսակցական շահերի բախման արդյունքում ի հայտ եկած պայքարին: Այս գործընթացն ընթանում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության շրջանակներում, ուստի իշխանություն-ընդդիմություն ծայրահեղ բևեռները համահավասարվում են՝ որպես անհատակենտրոնության դրսևորման տիրույթներ: Հետևաբար, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը դուրս են մնում փոխլրացման գործընթացից՝ հայտնվելով ոչ թե համագործակցային, այլ անառողջ մրցակցային հարթությունում: ՈՒշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր և իշխանական օղակները ներկայացնող քաղաքական էլիտայի ներկայացուցիչները համակարծիք չեն ՀՀ կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների ընտրության շուրջ:
Դեռ ավելին, այսօր հասարակական գործընթացներն այնպես են ընթանում, որ հասարակությունը, իր հերթին, խորապես չի գիտակցում ՀՀ իշխանությունների որդեգրած բարեփոխումների կուրսը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների կարևորությունը, որը միտված է մասնակցային քաղաքական մշակույթի ձևավորմանը: Կարևոր է արձանագրել նաև այն, որ տարբեր բնագավառներում իրագործվող ուղղափոխումները Հայաստանի զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրի հիմքերն են, որոնց սոցիալ-տնտեսական արդյունքը նկատելի կլինի մոտ ապագայում:
Այդպիսով, հանուն Հայաստանի ապագայի ու համընդհանուր օգուտի անհրաժեշտ է, որ հայաստանյան քաղաքական էլիտայի ներկայացուցիչները ձերբազատվեն անհատի պաշտամունքից՝ անձնական շահը ստորադասելով հասարակական շահին և համագործակցեն միմյանց հետ ՀՀ կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման շուրջ:
Արդյունքում հայ քաղաքական մշակույթը կենթարկվի որակական փոփոխության, և անհատակենտրոն մշակույթի կրող քաղաքական էլիտային կփոխարինի հասարակակենտրոն մշակույթի կրող քաղաքական էլիտան: Այս պարագայում որոշում կկայացնեն ոչ թե անհատները, այլ անհատների համախումբը, որն էլ, իր հերթին, կդառնա Հայաստանի զարգացման կարևոր գրավականներից մեկը:


Վահրամ ՄԿՐՏՉՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ