ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Չեմ մեղադրում, չեմ արդարացնում, ընդամենը հասկանում եմ»

«Չեմ մեղադրում, չեմ արդարացնում,  ընդամենը հասկանում եմ»
17.03.2015 | 00:25

Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ ընդդիմադիրների հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ տարաբնույթ մեկնաբանությունների ու քննադատությունների առիթ տվեց: Հյուրընկալվածների թվում չէին ՀԱԿ-ը և համանուն խմբակցության մեջ եղած կուսակցությունների ներկայացուցիչները: ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ հանդիպման վերաբերյալ մի քանի հարց ուղղեցի:


-Ինչո՞ւ ՀԱԿ-ը չկար հրավիրյալների թվում:
-Նախ` ՀԱԿ-ին հրավեր չի եղել: Հրավեր չեն ստացել նաև ՀԱԿ խմբակցությունում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչները: Կարծում եմ, չհրավիրելու պատճառը հավանաբար այն է, որ հասկացել են` մեր մոտեցումները, արմատական դիրքորոշումը չեն փոխվել:
-Եթե հրավեր լիներ, կգնայի՞ք:
-Եթե հրավեր լիներ, գնալու կամ չգնալու մասին կմտածեինք: Հիմա անիմաստ է գնալ-չգնալու հարցը քննարկելը:
-Ովքեր գնացել էին, համարվեցին Բաղրամյան 26-ի «հաճախորդներ»: Դուք համաձա՞յն եք այդ որակման հետ:
-Չեմ ցանկանում նման գնահատականներ տալ: Հասկանում եմ, որ երկրում իրավիճակ է փոխվել, ընդդիմությունը շատ թույլ է: Ստեղծված իրավիճակում կուսակցությունները գոյատևման խնդիր ունեն ու հավանաբար ակնկալում են, որ փոփոխությունների արդյունքում կարող են լինել ապագա խորհրդարանում: Չեմ մեղադրում, չեմ արդարացնում, ընդամենը հասկանում եմ այդ մարդկանց:
-Հրավերն ընդունած ընդդիմադիրներն իրենց քայլը բացատրում էին սեփական մոտեցումների ներկայացմամբ: ՀԱԿ-ը և նրա կազմում եղած կուսակցություններն ինչպե՞ս են պատրաստվում այդ փոփոխությունների մասին տեսակետները բարձրաձայնելու:
-Առայժմ չեմ կարող ասել: Ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, սահմանադրական երկու մոդել է ներկայացնելու` գործողը և փոփոխվածը, հույս ունեմ, որ գործողը կպահպանվի, այսինքն` կառավարման համակարգը, բայց որոշակի փոփոխություններ կլինեն:
-Այդուհանդերձ, ո՞րն է Ձեր բացատրությունը` ինչո՞ւ իշխանությունը ՀԱԿ-ին և նրա կազմում ընդգրկված կուսակցություններին չի հրավիրել:
-Դրանով Սերժ Սարգսյանն ընդգծում է, թե ում է համարում արմատական ընդդիմություն: Սրանով է պայմանավորված հրավեր չուղարկելը: Իսկ արմատական ընդդիմությունը չի փոխում իր դիրքորոշումը:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ