ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փոր չի կշտացնում, բայց քաղցից հաստատ փրկում է

Փոր չի կշտացնում, բայց քաղցից հաստատ փրկում է
16.02.2016 | 00:48

«Մա՛հ կամ ազատություն» կարգախոսը որդեգրած, զենքի վրա երդվող Հայ հեղափոխական դաշնակցությունը, կոալիցիոն համագործակցության դաշն կնքելով իշխանության հետ, չստացավ այն փափագելի առավելագույնը, ինչն ուզելով ուզում է այս էլ որերորդ «դաշնագրից»: Չիրականացավ «հասնինք Սասուն, մտնինք Վան»-ի ռոմանտիկայով տոչորվող «հեղափոխականների» վաղեմի երազանքը: Իսկ երազանքը խիստ առարկայական էր ու «հողեղեն»` ուժային կառույցներում մի քանի ներկայանալի պորտֆել ձեռք գցել: Չստացվեց: Չտվեցին: Սերժ Սարգսյանը չտվեց ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՛չ արդարադատության նախարարությունը` ի դերև հանելով կոալիցիոն գործընկերոջ վարդագույն երազանքը սնող հույսի ճաճանչները: ՀՅԴ-ն, սակայն, ՀՅԴ չէր լինի, եթե «զենքերն» այդքան շուտ վայր դներ ու գնար «կռիվ տալու», դիցուք, կրթության և գիտության «ճակատներում»: Եվ, խնդրեմ, «ռազմավարական» նշանակություն ունեցող նոր փաթեթ է դրել հանրապետության նախագահի սեղանին` այս անգամ իղձերի շոշափելի իրականացում ակնկալելով: Իսկ ակնկալում է կամ՝
ա. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որն առայսօր թափուր է` Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո: ՈՒ թեև խոսվում էր այն մասին, որ ԱԱԽ-ն Արմեն Աշոտյանին է «սպասում», սակայն վերջինիս, հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «սպասում» է բոլորովին այլ առաքելություն` կուսակցության փոխնախագահի դիրքերից համակարգել, ուժեղացնել երիտասարդական թևը, թարմ շնչառություն հաղորդել «ծերակույտացող» ՀՀԿ-ին` 2017-ի խորհրդարանական ընտրություններին նոր դեմք-դիմագծով ներկայանալու համար: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ԱԱԽ քարտուղարի պաշտոնում դաշնակցական վերնախավը տեսնում է ԼՂՀ ներկայիս փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, և, պետք է ասել, շատ հեռատեսորեն է «տեսնում»: Եթե չմոռանանք, որ 2000-2007 թվականներին Արթուր Աղաբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն էր, պաշտպանության նախարարն էլ` Սերժ Սարգսյանը, կարելի է գրեթե վստահաբար ենթադրել, որ նախկին պաշտոնակից ընկերների 7-ամյա համատեղ աշխատանքն իր նոր պտուղները կտա` կստանձնի Արթուր Աղաբեկյանը ԱԱԽ քարտուղարի պաշտոնը:
բ. Վերահսկիչ պալատը ևս ընդգրկված է ՀՅԴ-ի «ռազմավարական փաթեթում», անկասկած, Իշխան Զաքարյանի «ժառանգորդ» էլ ունեն կոալիցիոն դաշնակից դաշնակցականները, միայն թե, մեր հաստատ համոզմամբ, Սերժ Սարգսյանն այնքան միամիտ չէ, որ բոլորին, այդ թվում` հանրապետական գործարարներին վերահսկելու խիստ պատասխանատու գործը «հեղափոխականորեն» տրամադրված սոցիալիստ-դաշնակցականներին վստահի:
գ. Եվ վերջապես, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որ «փաթեթի» տնտեսական մարտավարությունն է ամբողջացնում: Հասկացաք` հանձնաժողովի ներկայիս նախագահ Արտակ Շաբոյանին էլ են դաշնակցականները մտադիր այլ պաշտոնի տեղափոխել` իրենց «մարդուն» այս պաշտոնում «ամրագրելով»: Կստացվի՞: Խիստ կասկածում ենք: Հայաստանում տնտեսությունն այնքան քաղաքականացված է, այն աստիճանի մենաշնորհայնացված, որ մրցակցության պաշտպանություն կոչվող խաղի կանոնները փոխելուց առաջ նախ քաղաքական համակարգ պիտի փոխել, իսկ դրա «շորշոփներն» առայժմ չեն ուրվագծվում:
Այնպես որ, ոնց գցում-բռնում ենք, ՀՅԴ-ի բացված ախորժակն ու այդ ախորժակը բավարարելու ՀՀԿ-ի պատրաստակամությունը, գոնե մինչև 2017 թվական, արժեկշռային խիստ տարբեր մակարդակներում են, և «հին ընկերները», ուզեն թե չուզեն, ստիպված են լինելու գոհանալ «կերակրամանի» այն համեստ պարունակությամբ, որը փոր չի կշտացնում, ճիշտ է, բայց քաղցից հաստատ փրկում է:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 13588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ