ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Wiener Zeitung. Պատմականորեն եւ մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է

 Wiener Zeitung. Պատմականորեն եւ մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է
30.04.2016 | 22:45

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի Wiener Zeitung-ին հարցազրույցը ներկայացրել է NEWS.am-ը:


-Ինչո՞ւ Ադրբեջանի հետ հակամարտությունը հենց այս պահին նորից բռնկվեց:
-Դա իհարկե ինչ-որ տեղ սպասելի էր: Անցյալ տաս տարիներին ադրբեջանցիների շրջանում հայերի նկատմամբ ատելությունը մեծապես արմատավորել է: Կառավարության պաշտոնական հայտարարություններից պարզ երեւում էր, որ նրանք հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում՝ ռազմական: Այս պետությունը, չնայած միջազգային ջանքերին, համագործակցության ուղիներ չի փնտրում:
-Ասում են՝ Թուրքիան Ադրբեջանի կողմից մասնակցում է այս կոնֆլիկտին: Դուք Անկարայի ռազմական միջամտության ապացույցներ ունե՞ք:
-Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական համագործակցությունը հաստատված է պաշտոնական փաստաթղթերով: Ադրբեջանի սպառազինությունների մի մասը մատակարարում է հենց Թուրքիան: Ադրբեջանի հատուկջոկատայինները ռազմական պատրաստություն են անցնում Թուրքիայում եւ հետո այդ հմտությունները գործի դնում առաջնագծում:
-Հնարավո՞ր է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ներկա լարվածությունը հանգեցնի Լեռնային Ղարաբաղում առճակատման:
-Կարծիքը, թե այս հակամարտությունը միջնորդավորված պատերազմ է աշխարհի հզորների միջեւ, շեղում է ուշադրությունը հիմնական պատասխանատուից: Բռնությունը գալիս է Ալիեւից եւ նրա ռեժիմից:
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում այս հակամարտության լուծումը:
-Սա տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարց: Ժողովրդի կամքը պետք է լսելի լինի, հակառակ դեպքում մենք հետ ենք մղում լուծումը: Ադրբեջանը սխալ է ներկայացնում աշխարհին խնդիրը, ասելով թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտություն է:
-Որքանո՞վ է հավանական, որ Լեռնային Ղարաբաղը անկախանալուց հետո միանա Հայաստանին:
-Պատերազմը սկսվել էր Հայաստանին միանալու պահանջով: Դա տրամաբանական է: Պատմականորեն եւ մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է, մենք էթնիկ հայեր ենք, ունենք նույն մենթալիտետը, բացառությամբ թերեւս նրանից, որ մենք՝ որպես լեռնցիներ, շատ ավելի համառ ենք: Մենք անկախ ենք, բայց մեզ Հայաստանի մասն ենք համարում:
-Այսպիսով՝ միավորումը ձեր նպատա՞կն է:
-Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու իր ապագան: Մենք երկու անգամ՝ 1991-ին եւ 2006-ին, հանրաքվեով կողմ ենք արտահայտվել անկախությանը: Եթե ժողովուրդը հաջորդ անգամ այլ բան որոշի, մենք հավատարիմ կմնանք նաեւ այդ որոշմանը: Մեր երկրում ժողովրդավարություն է: Ժողովուրդն է որոշում Լեռնային Ղարաբաղի ապագան:
-Ինչպե՞ս են Ղարաբաղում արտասահմանյան ներդրումների հարցը լուծում: Ի՞նչ անել, եթե Ավստրիան, օրինակ, ուզում է ներդրում կատարել Ձեր երկրում:
-Օտարերկրյա ներդրումները մեր երկրում տարեկան մեկ շնչին 250 ԱՄՆ դոլար են կազմում: Մենք միայն բարի գալուստ ենք ձեզ ասում: Բայց մի մոռացեք, որ այդ դեպքում Ադրբեջանը ձեր երկիրն իր թշնամին է համարելու:
-Եվրապատգամավոր Ֆրանկ էնգելն ուզում է համոզել Եվրախորհրդարանին աջակցել Լեռնային Ղարաբաղին: Նա ուզում է իր օգնությունը հիմնավորել նրանով, որ մարդիկ վտանգի մեջ են: Հայ ժողովրդի նկատմամբ մինչեւ հիմա հնարավոր է, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի, ասում է Էնգելը: Դա հնարավո՞ր է:
-Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն բավականաչափ իրավական փաստաթղթեր ունի: Եվրոպան պետք է ավելի ակտիվ լինի: Մենք Եվրոպայի պաշտոնական սահմանների ներսում չենք, սակայն նրա մի մասն ենք: Լեռնային Ղարաբաղում Եվրոպան չի ավարտվում, այլ սկսվում է այստեղից: Մենք ծխում ենք, շատ ենք խմում, խոլեստերինով հարուստ սնունդ ենք ուտում: Տեսեք, թե ժողովրդավարությունն ինչ դեր է խաղում մեզ մոտ: Այն օրը, երբ մենք տոտալիտար պետություն դառնանք, Լեռնային Ղարաբաղը կմահանա: Ադրբեջանի դեմ մեր պայքարը նման է Դավթի եւ Գողիաթի պայքարին: Մենք միայն մեկ զենք ունենք. մենք ավելի ազատ ենք եւ ժողովրդավար: Մենք առաջ ենք շարժվում, իսկ Ադրբեջանը հակառակ ուղղությամբ է գնում:

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ