ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ եթե նրան որոշ ժամանակից ռուսական լավագույն ընկերություններից առաջարկվի տնօրենների խորհրդում բարձր աշխատավարձով աշխատանք, կփոխի՞ աշխատավայրը:
Տիգրան Ուրիխանյանը նաև հարցրեց, թե վարչապետը տիրապետում է ՀՀ տնտեսության տարբեր ֆինանսական ցուցանիշների: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ձեր հարցի մեջ մի ենթադրություն կա, որ ես Երևանի քաղաքապետի պաշտոնից գնացել եմ այլ, բարձր աշխատավարձով աշխատանքի։ Բայց եթե դուք հիշում եք, իմ հարցազրույցի մեջ դա այդպես չի նշվել, մեկ: Երկրորդը՝ այսօր ես տեղափոխվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին՝ այդ եկամուտների տեսակետից շատ ավելի ցածր աշխատավարձով: Ինչ վերաբերում է հարցին՝ տիրապետո՞ւմ եմ ես ամբողջ թվերին՝ մակրոտնտեսական, ոչ: Եթե ՀՀ վարչապետը պետք է լինի միայն այն մարդը, ով տիրապետում է, դա նշանակում է, որ կառավարության շենքից բացի, մենք ոչ մի այլ տեղից վարչապետ չպիտի վերցնենք»:
Նա հավելեց, որ ըստ նախատեսված ժամկետի ներկայացնելու են ծրագիր, որտեղ բոլոր հարցերը լուծելու եղանակները տալու են: