Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում
15.09.2016 | 12:33

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող թվով 9 միջին մասնագիտական ուսումնական հասատատություններում «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի աջակցությամբ նոր ուսումնական տարվա մեկնարկին հիմնվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

Սոցիալական ուղղվածությամբ կրթական ծրագրի շրջանակում հերթական լաբորատորիան բացվել է ՀՀ ԿԳՆ Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանում: Նորաբաց լաբորատորիաներում անվճար հիմունքներով կգործի ռոբոտիկայի խմբակ, որին կարող են հաճախել ոչ միայն համապատասխան ուսումնական հաստատությունների ուսանողները, այլ նաև հարակից բնակավայրերի աշակերտները:

Բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը:
Շնորհավորելով լաբորատորիայի բացման կապակցությամբ` Ա. Աղբալյանը ԿԳՆ անունից շնորհակալություն է հայտնել «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամին համագործակցության համար` շեշտելով, որ սկսած 2006 թվականից՝ բարերարը նախարարության հետ համատեղ ՄԿՈՒ ոլորտում իրականացնում է համատեղ ծրագրեր մարզային ուսումնական հաստատություններում. «Մենք լիահույս ենք, որ այս լաբորատորիան տվյալ տարածաշրջանի աշակերտների համար դառնալու է յուրօրինակ «Թումո» կենտրոն: Սա առաջին քայլն է` ուսումնարանում նոր մասնագիտություն բացելու ուղղությամբ: Այս լաբորատորիայում մենք ուզում ենք տեսնել նոր մոտոցումներ և նորարարական նախագծեր»,- նշել է նա:
Բարերար Ա. Աբրահամյանը շեշտել է, որ ուրախ է մասնակցություն ունենալ հայրենիքի համար կարևոր մասնագիտությունների ներդրմանը. «Մեր աշխատանքի արդյունքը երևալու է Ձեր կրթության արդյունքներից: Մեր հիմնադրամի նպատակն է եղել աջակցել Հայաստանում միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, և ես ավանդել եմ, որ այն լինի մշտական»,- նշել է Ա. Աբրահամյանը:


Բացմանը ներկա ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի ընգծմամբ՝ ԿԳՆ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նպատակը ինժեներական կրթության զարգացումն է, որը մեր պետության համար ունի ռազմավարական առաջնահերթություն. «Այս լաբորատորիան աշակերտներին հնարավորություն կտա ծանոթանալ ծրագրավորմանը, հետագայում նաև ռոբոտաշինությանը և եռաչափ մոդելավորմանը: Ինժեներական մտքի զարգացմնան կարևորությունը մեզ համար առանձնակի ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, և մենք, այս կարգի լաբորատորիաների բացմամբ, փորձում ենք լրացնել այն բացը, որն ունենք այս ասպարեզում»,- իր խոսքում նշել է Կարեն Վարդանյանը:


Ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Սարիբեկյանն իր խոսքում նշել է, որ ինժեներական լաբորատորիայի բացումը նոր էջ է ուսումնարանի տարեգրության մեջ. «Ուսումնարանում գործող մասնագիտություններից երկուսը ինժեներական ուղղավածություն ունեն, և ես կարծում եմ, որ լաբորատորիան նոր որակ կապահովի ուսումնական գործընթացում, ինչպես նաև հիմք կհանդիսանա համակարգչային ուղղվածության մասնագիտություն ներդնելու ու զարգացնելու համար»,- նշել է Ա. Սարիբեկյանը` հավելելով, որ գալիք տարվանից ուսումնարանում կգործի նաև «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը:


«Արմաթ» ինժեներական լաբորատորիայում առկա են հայրենական արտադրության եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Աշակերտները վերապատրաստված խմբակավարների օգնությամբ կսովորեն ծրագրավորման տարրական հմտություններ, կստեղծեն ռոբոտներ, կմասնակցեն մի շարք խրախուսական մրցույթների:


«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի օժանդակությամբ՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է գործում նաև Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում, Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջում, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջներում, Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական և Արարատի պետական քոլեջներում:
ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ:

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ