Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և ներկայացրել կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տնտեսության խնդիրների ախտորոշման ուղղությամբ, որի հիման վրա կմշակվեն երկարաժամկետ հատվածում խնդիրների լուծման քայլերն ու գործողությունները: Վարչապետի խոսքով՝ կառավարության կարճաժամկետ ծրագրում հստակ սահմանվել են միջոցառումները, որ կարող են արագ արդյունք ապահովել: Նա ավելացրել է, որ նպատակը բիզնեսի համար արդար և թափանցիկ դաշտի ապահովումն է, տարբեր ոլորտներում և ուղղություններով քաղաքացու՝ արդարության պահանջի բավարարումը: «Կառավարությունն այսօր ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզնից: Փոփոխություններ պետք է արվեն կառավարման համակարգում, տնտեսության զարգացման ծրագրերում, տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա նաև քաղաքական մթնոլորտում:
Վարչապետն ավելացրել է, որ կառավարության առաջնային խնդիրներից է լինելու մշակել և առաջարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների փաթեթ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: Կարեն Կարապետյանը կարևորել է միջավայրի փոփոխությունը, ինչը կնպաստի կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի նվազեցմանը և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք քայլեր:
Համազեկուցողները կարևորել են նշված ուղղություններով կառավարության հետևողական քաղաքականությունը, նշել, որ ԵԽ-ն պատրաստակամ է օժանդակել մեր երկրին՝ բարեփոխումների իրականացման գործում և հաջողություններ մաղթել ժողովրդավարության զարգացման ճանապարհին առաջ գնալու համար:
Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Սիրիայի քաղաքացիներին ընդունելու և նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: