ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակարանային գողությունների դեպքերի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի քննության արդյունքները։ Քաղաքացիների սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունների բացահայտումը կարևորելով՝ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու 2015-ին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության արդյունքները, վեր հանելու բացահայտմանը խոչընդոտող պատճառները։
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2015-ին գրանցվել է 1389 բնակարանային գողություն, որից բացահայտվել է 509-ը, այսինքն՝ 36,6 տոկոսը։ Բացահայտումն անհամեմատ ցածր է Երևանում. եթե մարզերում բացահայտումը կազմել է 48,5 տոկոս, Երևանում՝ 28,1։
ՀՀ ՔԿ նախագահը խիստ բացասական է գնահատել բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքները։ «Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը։ Տարածքներ կան, որտեղ բացահայտման ցուցանիշը զրո է։ Չենք կարող ստեղծված իրավիճակն անտեսել»,- ասել է Աղվան Հովսեփյանը՝ անընդունելի համարելով քաղաքացիների սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նկատմամբ ոչ բավարար միջոցների ձեռնարկումը։ «Ինքներս պետք է բացահայտենք մեր աշխատանքների բացթողումները, պատճառները և հետևություններ անենք»,- ընդգծել է ՀՀ ՔԿ նախագահը։
Մտահոգիչ են գնահատվել նաև գողոնի հայտնաբերման աշխատանքները։ 2015-ին գրանցված գողությունների հետևանքով ֆիզիկական անձանց պատճառված վնասը կազմել է 1.066.780.516 դրամ, վերականգնվել է մոտ 88 մլն դրամը, ինչը կազմում է 8,5 տոկոսը։ Հովսեփյանը շեշտել է հանցագործությունների հետևանքով քաղաքացիների նյութական վնասների փոխհատուցման կարևորությունը՝ որպես սոցիալական արդարության վերականգնման կարևոր նախապայման։
Խորհրդակցությունում վերլուծվել են գողությունների բացահայտմանը խոչընդոտող հանգամանքներն ու պատճառները։ ՀՀ ՔԿ նախագահը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մասնակիցները կարևորել են դեպքի վայրի պահպանությունը։ Խորհրդակցության ընթացքում արձանագրվեց, որ դեպքի վայրի պահպանությունը շարունակում է օրախնդիր լինել ոչ միայն գողությունների դեպքում, այլև ընդհանրապես, որի հետևանքով մի շարք հետքեր ոչնչանում են, դառնում ոչ պիտանի, այդ պայմաններում նվազում է դեպքի վայրի զննության արդյունավետությունը։ Զեկուցվեց, որ մշակվել է դեպքի վայրի պահպանության կանոնների նախագիծ ու դրվել շրջանառության մեջ։
Ա. Հովսեփյանն ընդգծել է, որ հանցագործությունների բացահայտման բանալին մեծ մասամբ գտնվում է դեպքի վայրում և դեպքի վայրի պահպանությունը, պատշաճ զննության իրականացումն էական նշանակություն ունեն վարկածների մշակման ու հանցագործության բացահայտման համար։ Հանձնարարվել է քննության աջակցության վարչությանը՝ մշակել մեթոդական ձեռնարկ՝ դեպքի վայրի զննության և քրեագիտական տեխնիկայից օգտվելու վերաբերյալ ու դրա հիման վրա կազմակերպել քննիչների վերապատրաստման դասընթացներ։ Կարևորվել է նաև քննության ճիշտ պլանավորումը և օպերատիվ-որոնողական մարմինների հետ սերտ համագործակցությունը։
Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին մեկ ամիս ժամանակ տրվեց՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու և միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար։