Պաշտոնը ստանձնելիս Կարապետյանն անկեղծ էր՝ տնտեսության վիճակը չափազանց ծանր է․ «Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու և սոցիալական լարվածության իջեցմանը ուղղված, և նաև բիզնեսի զարգացման առումով: Բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա: Եվ այս պահին ես կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»:
Նա խոստացավ՝ իր կառավարության ծրագիրը երկու մասից է բաղկացած լինելու՝ մոտ ապագայի համար նախատեսված քայլեր և երկարատև զարգացման ռազմավարություն: Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից երեք ամիս անց՝ կառավարությունը ստեղծեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, որը դեռ նոր պետք է կազմավորվի և կազմավորվելուց հետո անցնի Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակմանը:
Վարչապետը զերծ մնաց ամփոփիչ որևէ խոսքից: Ազգային վիճակագրական ծառայությունը երկու օր առաջ հրապարակել էր այս տարվա առաջին տասնմեկ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ընդամենը 0,6 տոկոս աճ: Շարունակում է աճել երկրի պետական պարտքը. նոյեմբերի վերջին Հայաստանի քաղաքացիները պարտք էին գրեթե 5,6 միլիարդ դոլար: Տարվա սկզբից պարտքն աճել է կես միլիարդ դոլարով և մինչև տարվա վերջ, ինչպես վերջերս խոստովանեց ֆինանսների նախարարը, կաճի ևս կես միլիարդով:
Հունվար - նոյեմբերին հավաքվել է 974,4 միլիարդ դրամ հարկ ու տուրք, որ 60,4 միլիարդ դրամով պակաս է պետբյուջեով նախատեսվածից: Փորձագետների պնդմամբ՝ պետական պարտքի ավելացման հիմնական պատճառը հարկային եկամուտներն ապահովելու կառավարության անկարողությունն է:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գոհ էր Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքից: «Ազատության» հարցին, թե վարչապետին հաջողվե՞լ է իրագործել խոստումները, Կարայանը պատասխանեց. «Այո, միարժեքորեն: Եվ ոչ միայն ես կարող եմ դա արձանագրել, այլև մասնավոր հատվածն է արդեն արձանագրում, որ լուրջ դրական փոփոխություններ կան»։ Բայց նախարարը շուկայի նոր խաղացողների, ներդրողների անուններ չտվեց: