Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը չընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում, միևնույն է, կշարունակի մնալ իշխող ուժի վարչապետի թեկնածուն՝ «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Փետրվարի 6-ից քաղաքական ուժերն ու դաշինքները ԿԸՀ պետք է ներկայացնեն պատգամավորության թեկնածուների ցուցակներն ու անհրաժեշտ փաստաթղթերը: 2015-ին փոփոխված Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարության կայքում տեղադրված կենսագրության մեջ նշվում է, որ նա 2011-ից 2016-ը «Գազպրոմում» բարձր պաշտոններ է զբաղեցրել, հետևաբար կարելի է ենթադրել, որ վերջին չորս տարիներին նա Հայաստանում չի բնակվել:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը, նրա համամասնական ցուցակում ընդգրկվելը լուրջ առավելություն կտա ՀՀԿ-ին, սակայն, իշխող ուժը, Աշոտյանի խոսքով, ցանկանում է անցկացնել բարձր որակի ընտրություններ և խախտումների չի գնալու:
«Պետք է փաստել, որ մենք չենք գնալու և ոչ մի խախտումների՝ անկախ մեր քաղաքական հնարավոր դիվիդենդներից։ Խնդիրն իրավական հարթության մեջ կլուծեն մասնագետները, համապատասխան ծառայությունները, որոնք պետք է տան կամ չտան նմանատիպ տեղեկանք, և այս որոշումը՝ ընդգրկվելու-չընդգրկվելու, պետք է բացառապես իրավական հենքով լինի և ոչ թե քաղաքական որոշում լինի։ Բայց քաղաքական որոշումը պարզ է, որ մենք ուզում ենք անցկացնել բարձր որակի ընտրություններ, հետևաբար չենք գնալու խախտումների, ուստի վարչապետի տեղեկանքի հարցը իրավական է և ոչ թե քաղաքական։ Անկախ նրանից՝ վարչապետը կլինի ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՝ ոչ, բոլոր դեպքերում ինքն իր մասնակցության ձևը, բովանդակությունը, ինտենսիվությունը կորոշի, և վստահ եմ, որ անկախ նրանից՝ կլինի ցուցակում, թե՝ չէ, օգուտ կտա ՀՀԿ-ի աշխատանքներին նաև նախընտրական էտապում։ Ձևը և բովանդակությունը կքննարկվի մեր շտաբում՝ վարչապետի հետ միասին, և դա հավելյալ որոշելու խնդիր է»՝ ասել է Արմեն Աշոտյանը։