ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը, դիմել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` խնդրելով արձագանքել մամուլում վերջերս հայտնված այն տեղեկություններին, համաձայն որոնց` Ռոբերտ Քոչարյանն իբր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Կայքը հետաքրքրվել է, թե երբ կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Ինչպես երևում է այս օրերի հրապարակումներից, մամուլի տարբեր միջոցներ ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել, թե որտեղ է բնակվում Ռոբերտ Քոչարյանը՝ ԱՄՆ-ում, Մոսկվայում, Փարիզում կամ մեկ այլ տեղ, և, թե ում հետ է միաժամանակ հանդիպում տարբեր քաղաքներում: Այս խնդիրը հաղթահարելու համար ես մեր գրասենյակում պատրաստ եմ ժամանակավոր տարածք տրամադրել առանձին թերթերի ներկայացուցիչներին՝ ստեղծագործական հանդիպում կազմակերպելու և նոր` իրապես սենսացիոն բնակավայրերի մասին հոդվածներ հորինելու համար: Առկա տարբերակները չափազանց պարզունակ են:
Իսկ եթե լուրջ` ապա Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բնակվել Երևանում և բնակավայրը փոխելու որևէ մտադրություն չունի: ԱՄՆ վերջին անգամ այցելել է 2014 թվականին, մի քանի օրով: Մեկ տողով ասեմ նաև, այսպես կոչված, «գաղտնի» հանդիպումների մասին, ավելի ճիշտ՝ կրկնեմ. երկրորդ նախագահը ում հետ և երբ ցանկանում է՝ հանդիպում է Հայաստանում, ու գաղտնի ձևաչափերի կարիք չունի»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Ինչ վերաբերում է խոստացված հարցազրույցին, որում երկրորդ նախագահը պետք է հանրությանը ներկայացնի իր գնահատականները իրավիճակի վերաբերյալ, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ ուշացումը մի քանի պատճառ ունի:
«Քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռևս չի ձևավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարևոր գործոններ: Այդպիսով, ներքաղաքական իրավիճակը վերլուծելու միակ ձևը բազմակի ենթադրություններ անելն է, ինչը նախագահ Քոչարյանի ոճը չէ»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը: