ՀՀԿ խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 26-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվել է ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, ԳՄ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները քարոզարշավի ժամանակ կուսակցության ռազմավարության, թեկնածուների հետ կապված խնդիրները, կուսակցության խորհրդի անդամների թեկնածուների հարց է քննարկվել: Պարզվեց՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստին չի մասնակցել, պատճառը հայտնի չէ:
«Ցուցակի հետ կապված հարց չի քննարկվել, դա կքննարկենք խորհրդի նիստից հետո, քարոզչական խումբը և շտաբի աշխատանքները սկսվել են, բայց չեն ավարտվել, մինչև փետրվար կներկայացնենք շտաբի կառուցվածքը»,- ասաց Շարմազանովը: ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցին՝ նշելով. «Եթե պարզվի, որ վերջին տարիներին վարչապետի Հայաստանում չբնակության հարցը խնդիր է, նա չի լինի կուսակցության համամասնական ցուցակում»: