«Ելք» դաշինիքի առաջին համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Օսկանյան - Օհանյան դաշինքին, նշեց, որ դաշինքում ներգրավված Արամ Գ. Սարգսյանը չի կարող ստորագրել այդ փաստաթղթի տակ, քանի որ նրա մոտեցումները բացարձակ այլ դաշտում են.
«Ինձ համար երկու կուսակցությունները նոր են և հասկանալի չէ նրանց մոդելը: Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին ու Սեյրան Օհանյանին: Ես շատ-շատ հարգում եմ Սեյրան Օհանյան զինվորին, որպես զինվոր՝ հրաշալի օրինակ է, արցախյան պատերազմին տված իր ներդրումով, ջանքերով, առողջությամբ: Մարդ, որը վիրավորվելուց մեկ ամիս հետո վերադառնում է դիրքեր, այդ մարդը արժանի է հերոսության: Նա իմ եղբորից հետո հարազատի նման է վերաբերվել իմ ծնողներին ու իմ ընտանիքի անդամներին: Բայց ես բացարձակապես չեմ ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին: Ես չգիտեմ ինչ նպատակներով է ինքը քաղաքական դաշտ մտնում: Միայն ֆեյսբուքյան հայտարարությունները բավարար չեն հետևություն անելու, թե ինչ ուղի, ինչ ճանապարհ է ինքը ուզում անցնել: Սկիզբը, որը Սեյրան Օհանյանը դրեց, այն կուսակցություններն ու շրջանակը ում հետ փորձում է համագործակցել այնքան էլ օգտակար չեն, շատ ծանր շրջանակ է, և դրա միջոցով հաջողության հասնելը անհնարին է»:
Օսկանյանի վերաբերյալ Ա. Սարգսյանը նշեց, որ նրան համարում է շատ խելացի մարդ, և հավելեց. «Ափսոս այդ խելքը ծառայեցրել է Ռոբերտ Քոչարյանին և այդ պատճառով էլ կրակն է ընկել»: Լրագրողների հետ զրուցում Արամ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ մտադիր է «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրվել Սյունիքի մարզում: «Երբ հաղթենք, այդ ժամանակ էլ կսկսենք մտածել՝ ո՞վ է դառնում վարչապետ, ով՝ ԱԺ նախագահ, կամ նախագահ, ով է նախարար դառնալու և այլն: Ես մշտապես մտածել եմ, որ մեր երկիրը պետք է ոչ թե մի մարդ ղեկավարի, այլ պետք է լինի խումբ, պետք է հավաքվեն, մեզ նման գիշեր-ցերեկ կռվեն, բայց կարողանան ընդհանուր հայտարարի գալ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը: