«1878 թվականին, երբ հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես էր նա իր տպավորությունները ներկայացնում: Նա ասում էր՝ Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար մատուցվում էր հոգեճաշ հարիսա: Դուք ինձ ուղարկել էինք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան և իրենց երկաթե շերեփներով վերցրին, տարան սեփական բաժինը: Երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր և լխճվեց, մնաց հարիսայի մեջ: Ես վերադարձա ձեռնունայն: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը, ցավոք, դեռ երկաթից չէ»,- «Ելք» դաշինքի այսօրվա համաժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը: Ո՞րն է մեր երկաթե շերեփը:
Բանա՞կը, ոչ միայն, որովհետև եթե դու ունես հզոր բանակ, բայց ունես թույլ կառավարման համակարգ, ապա դու նմանվում ես հզոր մկաներով, սակայն թույլ մտքով տկար հսկայի: Եթե դու ունես ուժեղ կառավարման համակարգ, բայց ունես թույլ բանակ, նրա խոսքով, ապա դու նման ես տկար հանճարի: Եթե դու ունես ուժեղ միտք ու ուժեղ կառավարման համակարգ, սակայն չունես ուժեղ տնտեսություն, ապա շատ շուտով սկսպառվեն և քո առողջ դատողությունը, և մկանների հզորությունը:
ՈՒրեմն, երկաթե շերեփը միայն հզոր բանակը չէ, հզոր տնտեսությունը չէ և միայն հզոր կառավարման համակարգը չէ: ՈՒրեմն, ո՞րն է այն երկաթե շերեփը, որը մինչև հիմա չենք ստեղծել: Հայաստանի անկախացումից հետո մեր երկիրն անվերադարձ լքել է ավելի քան մեկ միլիոն երկու հարյուր հազար մարդ: Դա հավասար է երկու հազար նման դահլիճի: Նրանք հեռացել են, որովհետև բոյկոտել են այն պետական կարգը, որը հաստատված է Հայաստանում: Նրանց հեռացրել են աղքատությունը, անհավասարությունն ու անարդարությունը, զոռբայությունն ու իշխանության տգիտությունը: Այնտեղ, ուր մարդկային ստեղծագործ ջանքը բախվում է տգիտության անանցանելի պատին, պետությունը կորցնում է սեփական գրավչությունն իր քաղաքացիների աչքում: Այդ մարդիկ հեռացել են ոչ թե իրենց հայրենիքից, այլ պետությունից, որովհետև հայրենիքն առանց ուժեղ պետության նման է թղթե շերեփի: ՈՒրեմն երկաթե շերեփը ուժեղ պետությունն է»,- նշեց Կոնջորյանը: Նրա խոսքով՝ պետությունը գործիք է, ինչպես ցանկացած գործիք, եթե ճիշտ է օգտագործվում, դառնում է օգտակար: Եթե սխալ է կիրառվում, դառնում է աղետաբեր՝ հայտնվելով վտանգավոր արկածախնդիրների ձեռքին:
«Եթե մեր ատամը ցավում է, գնում ենք ատամնաբույժի մոտ, ոչ թե դերձակի: Երբ մեր համակարգիչը փչանում է, մենք չենք տանում անասնաբույժի մոտ: Երբ մեր կատուն հիվանդանում է, մենք նրան չենք տանում փականագործի մոտ, որովհետև մեզ համար թանկ են մեր առողջությունը, մեր համակարգիչն ու կատուն: Բայց եթե մենք մեր ատամները չենք վստահում դերձակին ու համակարգիչը չենք վստահում անասնաբույժին, ապա ինչո՞ւ ենք մեր պետությունը վստահում այն մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբույժը համակարգիչների հետ»,- նշեց Հայկ Կոնջորյանը:
Նա հարցադրում արեց՝ ո՞ւմ ենք մենք վստահում այն գործիքը, որը կարգավորելու ու կառավարելու է մեր և մեր սերունդների հետագա ճակատագիրը: Այս հարցի պատասխանից է կախված Հայաստանի հետագա զարգացումը: Եվ կախված այս հարցից՝ Հայաստանը հետագա տասնամյակներում կարող է ունենալ զարգացման երկու ճանապարհ: «Ճանապարհ առաջին՝ մենք նորից մեր պետության կառավարումը կվստահենք մարդկային այն տեսակին, որը տարբեր կերպարանքներով տասնամյակներ շարունակ հարստահարել է Հայաստանը: Արդյունքում՝ մեր տնտեսությունը կթուլանա, աղքատությունն ու արտագաղթը կահագնանան, մեր անվտանգությունը կդառնա ավելի խոցելի, և նորից կկանգնենք նույն կոտրված տաշտակի առաջ: Ճանապարհ երկրորդ, մենք վերջապես կկարողանանք առողջացնել Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգը և կկարողանանք ունենալ որակյալ ու առողջ սերնդափոխություն: Կստեղծենք այնպիսի մրցունակ տնտեսություն ու միջավայր, որտեղ մարդկային տաղանդն ու աշխատասիրությունը ավելի ծանր կշիռ կունենան, քան զոռբայությունն ու մարտնչող տգիտությունը»,- նշեց նա: Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են ելք յոլա գնացող Հայաստանից դեպի զարգացող Հայաստան: