Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել է, որ հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը։ «Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ոչ տնօրեն ենք հանում, ոչ էլ որոշակի քայլեր կատարում»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Կարեն Կարապետյանը կարևորել է հետադարձ կապի շարունակական ապահովումը և հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում մշակել հանրային իրազեկման ռազմավարություն և դրա իրագործման կոնկրետ քայլեր: