ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում։ Դրա իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: Հավանություն է տրվել 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը: Կատարելագործվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը. 2017 թ. հունվարի 10-ի դրությամբ մոտ 625 համայնքի ավագանի հաստատել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը:
Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը: Դավիթ Լոքյանը վարչապետի հետ հանդիպմանը ներկայացնելով 2017 թ. գերակա խնդիրները՝ ասել է, որ աշխատանքներ են տարվելու մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման, համայնքներում մատուցվող տարբեր ծառայությունները մասնավոր հատվածի կառավարմանը հանձնելու, աղբահանության գործընթացի կանոնակարգման ուղղությամբ:
Ըստ նրա՝ համայնքների առջև խնդիր է դրվել 2017-ին 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և ավելի հստակեցնել միջոցների բաշխումը:
Տարածաշրջանների և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր են իրականացվելու նաև ԵՄ օժանդակությամբ: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում:
Կարեն Կարապետյանը կարևորել է տարածքային կառավարման ոլորտում վերլուծական խմբի ստեղծումը, որը պետք է թվայնացնի տարածքային կառավարման սուբյեկտը, հստակեցնի մարզպետների գործառույթները՝ բալանսավորելով պատասխանատվությունն ու պարտականությունները:
«Անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել մարզպետների հետ՝ մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Պետք է համայնքներից ընտրել չեմպիոններին և նրանց ամեն կերպ աջակցել: Պետք է ձևավորենք տարածքային կառավարման նոր մոտեցում, 2017-ի վերջին ունենանք հստակ բիզնեսային, պրագմատիկ, տրամաբանական ծրագիր յուրաքաչյուր մարզի և համայնքի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է սահմանամերձ համայնքների համար մշակել կառավարության քաղաքականությունը՝ ուղղված խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: