ՀՀ կառավարությունը Գյումրին տուրիզմի քաղաք դարձնելու համար կստեղծի ֆոնդ, որի ներդումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է։
«Դա լինելու է տարբեր աղբյուրներից։ Մենք այդ ծրագիրն իրագործելու ենք»,- Գյումրի այցի ժամանակ լրագրողներին ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ ծրագրերն իրականություն են դառնալու, վարչապետը պատասխանեց. «Ես ձեզ ի՞նչ երաշխիք տամ, բարաթ տա՞մ, ի՞նչ ձևով եք պատկերացնում երաշխիքը, ասեք՝ տամ»։
Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իր ընտանիքը Գյումրիում 500 հազար դոլարի ներդրում կանի։ Լրագրողի դիտարկմանը՝ երկրում գործազրկություն է, մարդիկ արտագաղթում են, պետք չէ՞ աշխատատեղ ստեղծել, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մտածում եմ, դրա համար այստեղ եմ։ Դուք էլ մի քիչ ձեր տրամադրությունը փոխեք, չի կարելի այդ տրամադրությամբ երկիր փոխել»։ Վարչապետը լրագրողներին հորդորեց լինել մի քիչ պրագմատիկ։
«Էդ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ սոցիալական ծանր պայմաններով Գյումրիում հնարավոր չէ միշտ ժպտալ, Կարեն Կարապետյանը նշեց. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք, տենց կլինի՞»։