Կառավարության ծրագրում ամրագրված բոլոր քայլերը, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, իրականում համապատասխանում են Եվրամիության և ԱՄՆ դեսպանի կամ այլ գործընկերների սահմանած առաջնահերթություններին՝ ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հնչեցրած դժգոհությունների մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունների կողմից տարվող աշխատանքի վերաբերյալ:
Դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը իրեն չի արդարացրել և հատկացվել է ֆինանսական աջակցության ընդամենը 2,5 տոկոսը, քանի որ չեն եղել բավարար արդյունքներ, իսկ ավելի վաղ ԱՄՆ դեսպանը ասել էր, որ եթե չլինեն կոնկրետ արդյունքներ, չի լինի նաև ֆինանսավորում: Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Նախ և առաջ, չեմ կիսում դեսպանի գնահատականը, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առաջընթաց չի արձանագրել: Չեմ կարծում, որ արդարացված է չնկատելը, որ մի շարք կարևոր օրինագծեր հենց Հակակոռուպցիոն խորհրդում են քննարկվել, հանձնարարականները հնչել են այդ խորհրդում և դրա գործունեության արդյունքում են իրողություն դարձել: Սա վառ ապացույցն է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք ունեն և կառավարությունն այդ քաղաքական կամքը դրսևորում է: Շատ մտահոգություններ, որոնք դեսպանն իր խոսքում բարձրաձայնել է, դրանց լուծումներն արդեն իրականություն են»:
Նախարարը շեշտեց, որ իրենք գնացել են այն ճանապարհով, որ «չսպասեն, մինչև մարդուն բռնեն կաշառք ստանալու պահին կամ լավություն անելիս», իսկ ապօրինի հարստացման քրեականացումը հենց այդ նպատակն է հետապնդում, որ եթե հայտարարագրերի վերլուծությունից հետո ակնհայտ է դառնում, որ տվյալ անձի օրինական եկամուտը որևէ առնչություն չունի այն գույքի հետ, որն ինքը հայտարարագրել է կամ նույնիսկ չի հայտարարագրել, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
«Իրավական դաշտի առումով ՀՀ կառավարությունն արդեն իսկ ձեռնարկել է այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց մասին մի քանի տարի առաջ նույնիսկ խոսք անգամ չէր կարող գնալ, և նույնիսկ շատերը թերահավատությամբ էին լցված: Մասնավորապես, քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են պաշտոնատար անձանց կողմից կանխիկով կատարվող գործարքները, աշխատանքներ են տարվում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ուղղությամբ: Հուսամ՝ փարատեցի դեսպանի մտահոգությունները և վստահ եմ, որ մեր կառավարության ծրագրում ամրագրված բոլոր քայլերը, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, իրականում համապատասխանում են ինչպես Եվրամիության, այնպես էլ, վստահ եմ, ԱՄՆ դեսպանի կամ այլ գործընկերների սահմանած առաջնահերթություններին»,- ընդգծեց ՀՀ արդարադատության նախարարը: