«Ես համոզված եմ, որ կուսակցական և գաղափարական անհավատարմության մեջ ավելի քիչ տրամաբանություն և ճշմարտություն կա, քան անգամ ամենավիրավորական և կորուստներով լի հավատարմության մեջ»՝ խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվել էին, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ն լքողներին: «Եթե ձեր հարցը կոնկրետ Հովիկ Աբրահամյանի մասին է, չեմ ուզենա մեկնաբանել, բայց ես ցավ եմ զգում, որ ՀՀ նախագահի այդքան մեծ վստահությունից հետո մեր երկրում այսքան մեծ, կարևոր ծրագրերի նախաշեմին Հովիկ Աբրահամյանը զարգացումների այսպիսի ընթացք ունեցավ», ասաց նա: Նաղդալյանը նշեց, որ այն կարծիքին չէ, որ ՀՀԿ-ն թուլանում է, երբ մարդիկ հեռանում են, հեռացածներին էլ ոչ «աբիժնիկ», ոչ էլ դավաճան է համարում, ինչպես ոմանք են սիրում պիտակավորել:
«Ես գտնում եմ, որ նրանք մարդիկ են, ովքեր եղել են կուսակցություն ժամանակավոր ուղեկիցները՝ պայմանավորված անձնական շահով կամ ձգտումներով: Հիմա, երբ մեր ղեկավարի և կուսակցություն ղեկավարի կողմից զարկ է տրված քաղաքական բարեփոխումներին, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցական պետք է հանդես գա գաղափարական, քաղաքական իր ողջ կարողությամբ և նվիրվածությումբ: Այս պարագայում կային մարդիկ, ովքեր անհանգստացան իրենց մակարդակի, իրենց հեղինակության աստիճանի, իրենց էության կամ իրենց տեղի համար, որը զբաղեցրել էին ոչ իրավամբ: Սա օբյեկտիվ պրոցես է՝ բնորոշ քաղաքական կուսակցություններին: Այս պարագայում ավելի կարևոր է հավատարիմ կուսակցականների դերակատարությունը, ովքեր հավատարիմ են իրենց գաղափարներին, իրենց կուսակցությանն ու իրենց դիմագծին, իրենք իրենց»՝ հավելեց Նաղդալյանը: Նա խորապես վստահ է՝ այս ժամանակահատվածում ՀՀԿ-ն կորցնելով իր նախկին կուսակիցներին՝ ոչ թե թուլանում է, այլ հակառակը՝ շահում: Նա ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հեռացման պարագայում ՀՀԿ-ն չի համարում, որ Արարատի մարզը կորցրել է, այնտեղ կան նվիրված ՀՀԿ-ականներ: «Կանանց վեճերի մասին որևէ մեկը ոչ լսել է, ոչ էլ տեսել է: Պարզապես հնարում են, ստահոդ տեղեկություն է, եթե խոսքը Հանրապետական կանանց մասին է»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որՀՀԿ-ական կանայք ընտրությունների նախաշեմին թեժ մրցակցության ու վիճաբանությունների մեջ են: Հերմինե Նաղդալյանը հերքում է այս տեղեկությունները՝ նշելով, որ ՀՀԿ և խորհրդում, և խորհրդարանական խմբակցությունում կա համերաշխ աշխատանք, մրցակցություն, բայց այդ մրցակցությունն ազնիվ ու շիտակ է: Ամեն մեկը հասկանում է, որ իր աշխատանքով պետք է ներկայա ժողովրդին:
«Մեր կուսակցության ղեկավարը արդարամիտ է, բոլորի պոտենցիալն ու աշխատանքը գիտի, որոշումները հիմնված են լինելու հենց այդ փաստարկների վրա: Այդքան մի անհանգստացեք մեր փոխարեն, մենք իհարկե գնահատում ենք ձեր սրտացավությունը»,- նշեց Նաղդալյանը:
Անդրադառնալով տեղեկություններին, թե իր և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները լարված են, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց.
«Ստահոդ բաներ են, հորինում են: Արփինե Հովհաննիսյանն առաջին իսկ օրվանից մեր կուսակցությունում, հետո խորհրդարանում աշխատանքի մեջ է եղել, միասին եղել ենք ԵԽԽՎ-ում, իմ կողմից բացի հոգատարությունից, սրտացավությունից, բացի մեծավարի խորհրդից ոչ մի բան չի եղել: Վստահ եմ, որ ինքն էլ է այսպես մտածում»: Նաղդալյանն ասաց, որ մոտ է բոլոր խորհրդարանական ու կուսակցական գործընկերների հետ: Հարցին, թե որոշե՞լ է ինչպես է առաջադրվելու ընտրություններում, նա պատասխանեց, որ կառավաջադրվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը: «Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է և ռեյտինգային, և համամասնական ձևաչափով աշխատել: Եվ ամեն ինչ անելու ենք, որ մեր կուսակցությունն ունենա ձայների մեծամասնությունն ու ընտրողների վստահությունը»,- հավելեց նա: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ մտավախություն չկա՞, որ ռեյտինգային ընտրակարգի պատճառով ՀՀԿ-ականները միմյանց դեմ դուրս կգան, կուսակցությունում պայթունավտանգ իրավիճակ կլինի, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ պայթունավտանգ իրավիճակ է լինելու: Դուք այդքան մի անհանգստացեք ՀՀԿ-ականների մասին, իրականում մենք գնալու ենք նրան, որ կուսակցության ներսում էլ ընտրապայքարը լինի ազնիվ ու շիտակ: Քաղաքական այս գզվռտոցը որևէ մեկին պատիվ չի բերում: Պետք է լինի մրցակցային, գաղափարական պայքար, անձերի պայքարից պետք է հեռանանք: Այդ ուղղությամբ նոր համակարգով մեծ աշխատանք ենք տարել»,- ասաց Նաղդալյանը: