«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Հալածյալի» կերպարը Սեյրան Օհանյանի «հագով» չէ

«Հալածյալի» կերպարը Սեյրան Օհանյանի «հագով» չէ
25.02.2017 | 11:39

Հեռու եմ այն պարզունակ մտքից, որ մարդը չի կարող ընդդիմադիր լինել, եթե իշխանության մաս է կազմել: Եթե խոսում ենք քաղաքական գործիչների մասին, ապա նույնիսկ բնական է նրանց անցումն իշխանությունից` ընդդիմություն, և` հակառակը: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ անցումը բնական ճանապարհով պետք է լինի` ընտրությունների միջոցով կամ հրաժարականի` պայմանավորված վարվող քաղաքականության հետ անհամաձայնությամբ:

Եթե խնդիրը մասնավորեցնենք, ապա ես չեմ հիշում հրապարակային որևէ առիթ, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր անհամաձայնությունը հայտնած լինի Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: Դա է պատճառը, որ թերահավատորեն եմ վերաբերվում արմատական ընդդիմություն լինելու ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների պնդումներին:

Ավելին, կարծում եմ` ՕՐՕ-ն ներհամակարգային ընդդիմություն է ու ամենևին ոչ այն պրիմիտիվ մատուցմամբ, որ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին հրահանգել է «ընդդիմություն աշխատել»: Ըստ ամենայնի, այդպես չի էլ եղել, բայց նույնիսկ այդ հանգամանքը Սեյրան Օհանյանին չի ազատում գործող համակարգի կապանքներից: Ու խնդիրը` բնավ էլ անցյալը չէ, այլ այն, որ ներկայումս Օհանյանը ղեկավարում է մի համակարգ, որն իր որակով չի գերազանցում ՀՀԿ-ին (Սամվել Բաբայանի ոչ ինստիտուցիոնալ դերակատարությունը բավարար է): Էլ չեմ ասում քաղաքական այլընտրանքի մասին: Ո՞ւր են ՕՐՕ դաշինքի այլընտրանքային մոտեցումները ԼՂ խնդրում, անվտանգության, արտաքին քաղաքականության հարցերում: Չկան, բացակայում են:


Այդ դեպքում ինչո՞ւ է իշխանության կողմից թիրախավորվում հենց ՕՐՕ-ն: Սեյրան Օհանյանն այս առնչությամբ ասել է. «Որովհետև, կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի»: Այն մարդիկ, ովքեր շփվել են գեներալի հետ (այդ թվում` տողերիս հեղինակը), կհաստատեն, որ Օհանյանը համեստ բնավորություն ունի և արտահայտվելու նման ոճը, մեղմ ասած, նրանը չէ: Ինչ-որ մարդիկ, ըստ ամենայնի, «արջի ծառայություն» են մատուցել Օհանյանին` նրան թիրախ դարձնելով ոչ միայն իշխանությունների, այլ նաև մյուս ընդդիմադիրների համար: Եվ օրինաչափ է, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որպեսզի ՕՐՕ դաշինքի առաջնորդը ներողություն խնդրի «ԵԼՔ» դաշինքից: Իսկապես, ո՞րն է տրամաբանությունը, որ ամբողջ կյանքում ընդդիմադիր եղած Նիկոլ Փաշինյանը վերահսկվում է իշխանությունների կողմից, իսկ ընդամենը չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանին «պատիվ անող» նախարարը դարձել է թունդ ընդդիմադիր:


Սակայն, Նիկոլի կարծիքից անկախ, Օհանյանի ասածում իսկապես քաղաքական բլեֆ կա, որովհետև, ինչպես վերը նկարագրեցինք, ՕՐՕ-ն քաղաքական և ինստիտուցիոնալ այլընտրանք չէ իշխանությանը և վերջինիս կողմից թիրախավորվում է միայն այն պատճառով, որ ամենաշատը կարող է ապակենտրոնացնել իշխանությունների ռեսուրսները: Ասել կուզի` իշխանություններն ընդամենը կոնսոլիդացնում են իրենց ռեսուրսները` բումերանգի օրենքով հարվածն հասցեագրելով դրանց վրա «աչք դնողին»:


Իսկ Սեյրան Օհանյանը լավ կանի օր առաջ հրաժարվի «հալածյալի» կերպարից, որը քաղաքական ֆիասկոյի տանող ամենակարճ ճանապարհն է:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ