ՀՀԿ-ն մարտի 5-ին քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճում։ Առաջին օրվա հանդիպմանը կմասնակցի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քարոզարշավին ակտիվ մասնակցելու է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա արձակուրդ չի վերցնելու, քարոզարշավ կանի շաբաթ- կիրակի օրերին և աշխատանքային օրերին ժամը 18։00-ից հետո։
«Ծառուկյան» դաշինքի խմբերը մարտի 5-ին կմեկնեն Տավուշ։ Դաշինքի բուն քարոզարշավը կմեկնարկի մարտի 7-ին, Տավուշում ընտրողների հետ կհանդիպի Գագիկ Ծառուկյանը։
Տավուշի մարզից քարոզարշավը կսկսի նաև «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքը մարտի 6-ին։ Մարտի 5-ին դաշինքն առավոտյան այցելելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետև Հաղթանակի զբոսայգի, իսկ արդեն ցերեկը ներկայացնելու է իր նախընտրական ծրագիրը։
Մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական են այցելելու ԵԼՔ դաշինքի անդամները, երեկոյան «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում ներկայացնելու են իրենց ծրագիրը և կազմակերպելու են դրամահավաք։
Քարոզարշավի մեկնարկի օրն իրենց նախընտրական ծրագրերն են ներկայացնելու «Ազատ դեմոկրատները» և ՀՅԴ-ն:
«Հայկական վերածնունդը» որոշել է քարոզարշավը սկսել մարտի 6-ից. այդ օրը ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագիրը։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը նույնպես մարտի 5-ից չի մեկնարկելու իր քարոզարշավը։
Մարտի 5-ից մեկնարկող քարոզարշավը կտևի 26 օր, ապրիլի 1-ը լռության օր է, իսկ ապրիլի 2-ին տեղի կունենա քվեարկությունը։