Մասնագիտական եզրակացությունները հանգում են նրան, որ խորհրդարանական ընտրապայքարին մսսնակցող ինը քաղաքական ուժերից միայն կոմկուսը նույնիսկ տեսականորեն չի կարող հայտնվել հաջորդ խորհրդարանում: Մյուսները պայքարելու նոմինալ հնարավորություններ ունեն` չնայած ընտրարշավի առաջին հինգ օրերը բացահայտում են, որ ակնհայտ հետնապահ է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը: Գյումրիում և Վանաձորում անցյալ աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն արդեն բացահայտեցին վստահության այն ճգնաժամն, որն առկա է համաժողովրդական երբեմնի շարժման շուրջ: Թեև դրանով էր բացատրվում այն հանգամանքը, որ անցյալ տարեվերջին Տեր-Պետրոսյանը հանդես եկավ «խաղաղության ծրագրով»` Սերժ Սարգսյանին անուղղակիորեն առաջարկելով քաղաքական դասավորության մի սխեմա, որը ձեռնտու է իշխանություններին ու կարող է նպաստել ՀԱԿ-ի քաղաքական ռեաբիլիտացիային: Իշխանությունները, ըստ ամենայնի, այս պահին չունեն Տեր-Պետրոսյանի թիմի անհրաժեշտությունը կամ հաշվարկել են, որ նույնիսկ իրենց աջակցությունը չի կարող փրկել ՀԱԿ-ին:
Վերջինիս մարզային հանդւպումները տխուր են ու անբովանդակ և սահմանափակվում են երկու տասնյակ մարդու ներկայությամբ: Սրա պատճառով ՀԱԿ գործիչները կորցնում են քաղաքական ադեկվատությունը: Երեկ պարզվեց, որ ՀԱԿ-ը 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ անել չի կարողացել, իսկ սա խոսուն ապացույցն է այն բանի, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքում առկա է կադրային աննախադեպ ճգնաժամ, մի իրավիճակ, որը փաստում է` այս ուժը չունի ոչ միայն հանրային վստահության ռեսուրս, այլև մինիմալ կազմակերպչական պոտենցիալ` ընտրական գործընթացը վերահսկելու համար: Համարձակվում եմ կախատեսել, որ այս քարոզարշավը, դեռ մեկնարկում, արդեն բացահայտել է ՀԱԿ-ի քաղաքական ֆիասկոն, և տեսանելի չէ որևէ հանգամանք, անգամ` ֆորսմաժորային իրավիճակ, որը կարողանա փոխել դրությունը:
Գլոբալ ինաստով` փակուղում է հայտնվել ողջ ընտրական գործընթացը, որովհետև դրա ֆավորիտներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, որևէ ասելիք, քաղաքական մեսիջ չունի, ժողովուրդն էլ նրանից միայն փող և օգնություն է ակնկալում: Վիճակն այս առումով` նույնն է նաև Արմավիրում, որտեղ երեկ հանրահավաքի էր գնացել Գագիկ Ծառուկյանը ու դարձյալ նյութական խոստումներ էր տալիս` ըստ էության շրջանցելով ԿԸՀ նախազգուշացումները: Լյումպենին տանում են հեղափոխության կամ կաշառում են: Հայաստանի ամենահարուստ մարդն ընտրել է երկրորդ ճանապարհը, և պատական չէ, որ երեկ Արմավիրում հայտարարել է. «Այսօր ընտրություն է, դա արդեն հեղափոխություն չի»:
ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրարշավում` սոցիոլոգները գրեթե միաբերան խոստանում էին Հիլարի Քլինթոնի հաղթանակը, և փորձը ցույց տվեց, որ իրենց կանխատեսումներում սխալվեցին բոլորը: Ասածս այն է, որ սոցիոլոգիային չեն հավատում ոչ միայն մեր տանջված երկրում, այլև` կուշտ Ամերիկայում: Բայց, այ, երբ Կրեմլի պատվերները կատարող Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցումներով` ընտրական գորմընթացի ֆավորիտ է «Ծառուկյան» դաշինքը, բայց ժողովրդի «խելքը գնում» է Կարեն Կարապետյանի համար` սա արդեն ոչ թե գիտություն է, այլ ռուսական մեսիջ Սերժ Սարգսյանին: Մոտավորապես այսպիսի տեքստով` իշխանությունը հանձնիր մեր մարդուն կամ կիսիր նրա հետ, հակառակ դեպքում, խնդիրներ կունենաս:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ