«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Քարոզարշավ. օր յոթերորդ. Կարեն Կարապետյանի «իշխանափոխությունը»

Քարոզարշավ. օր յոթերորդ. Կարեն Կարապետյանի «իշխանափոխությունը»
11.03.2017 | 16:27

Գուցե պարադոքսալ հնչի, բայց այս ընտրություններում իշխանափոխության ուղերձներով գործնականում հանդես է գալիս հենց ՀՀԿ-ն: Երևի հենց այս նպատակով է քարոզարշավի հիմնական դեմք դարձել Կարեն Կարապետյանը, ով հանրային գիտակցության մեջ չի նույնանում գործող իշխանության հետ: Ժողովուրդը վաղուց չի հավատում, որ ընդդիմությունը կարող է իշխանափոխություն իրականացնել և փոփոխությունների հույսը կապել է Կարեն Կարապետյանի հետ` տեսական հույսով, որ հենց նա է լինելու իշխանության իրական կրողը: Ընդդիմությունը, թերևս, նույնիսկ ճիշտ է, երբ պնդում է, որ իշխանությունը` Կարեն Կարապետյանի «մարդկային դեմքով», ընդամենը ձգտում է վերարտադրության: Ընդդիմությունը գուցե ճիշտ է, բայց չի կարողացել փոփոխության հետ ասոցացվող գաղափար կամ անհատ ներկայացնել, և այս հարթության մեջ Կարեն Կարապետյանը մնացել է առանց այլընտրանքի:

Գուցե` քաղաքական մտածողությանն ու բանականությանը հակառակ: «Ուզում ենք փոխվել, փոխվում ենք ու փոխելու ենք»,-երեկ Սյունիքում ասել է վարչապետը, և մեր հասարակության մի մասը հավատում է դրան` նույնիսկ չհասկանալով, թե հատկապես ինչը կամ ով է փոխվելու: Հասարակության մի շերտ էլ կա, որ այլևս չի հավատում որևէ բանի ու սպասում է ընտրակաշառքի: «Ցինիզմի է հասել ամեն ինչ, արդեն առանց ամաչելու ընտրողն ուղղակի կոչ է անում, որ իրեն շատ փող տան, փող տվողն էլ չի ամաչում ասել, որ ՝ այո՛, փող է տալու, որ իրեն ընտրեն: Տեսեք ու՞ր ենք մենք հասել, որ ընտրողների համար ընտրությունը դարձել է փող աշխատելու միջոց»,-երեկ նեղսրտած ասել է ՀՅԴ ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը, և դժվար է նրա հետ չհամաձայնելը: Մյուս կողմից` ո՞ւմ դեմ է բողոքում Ռուստամյանը` իր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի՞, նախկին դաշնակից ԲՀԿ-ի՞ , թե՞ կարծում է` ընտրակաշառք բաժանում են այլմոլորակայինները: Ընտրակաշառքը գործոն է, երբ ժողովուրդը չի տեսնում քաղաքական դիրքորոշում, այլընտրանք: ՀՅԴ-ն այն ուժերից մեկն է, որը հետևողականորեն սպանել է քաղաքականությունը` այն վերածելով իշխանության հետ առևտրի, և բնական է, որ «ընտրողների համար ընտրությունը դարձել է փող աշխատելու միջոց»: «Մուկուչյանը չի թողնում ժողովրդին հանդիպեմ՝ խոստումներ տամ իրենց հարցերը կարգավորելու համար»,- Վարդենիսում էլ անկեղծացել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդն իրականում գիտի, որ խնդիրը Մուկուչյանը չէ, այլ բարձր իշխանությունը, որը Ծառուկյանին թույլ է տվել զվարճացնել լյումպենին, բայց ոչ այն չափով, որ մեծահարուստը դառնա ընտրարշավի ֆավորիտ: Ապրիլյան պատերազմը բացահայտեց իրական հերոսներին` նրանց լուսավոր կերպարը հակադրելով հակահերոսներին` քրեաօլիգարխիային:

Դա բարոյական Հայաստանի կայացման հզոր ազդակ էր, բայց չանցած մեկ տարի` իրական հերոսի մայրը քարոզում է քրեաօլիգարխիայի հենասյուներից մեկի օգտին: Երևույթը ու հատկապես` ՀՀԿ-ի ու նրա թեկնածուի վարքագիծը քննադատել են շատերը, երեկ նաև` Սեյրան Օհանյանն ու Նիկոլ Փաշինյանը: Բայց, ավաղ, հասարակությունը դեգրադացվում է, ու շուրջն ունայնություն է, ոչնչով չլցվող դատարկություն:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ