Ի՞նչ միջազգային չափանիշների մասին է խոսքը, երբ քարոզարշավի ժամանակ կրակում են, իրար քաշքշում են, ընտրակաշառքը դառնում է թիվ մեկ գործոն, իսկ քաղաքական գործիչների լեքսիկոնն իջնում է փողոցային մակարդակի: Ինչքան էլ ՀՀԿ-ն փորձում է ընտրողին ներկայանալ նոր` «մարդկային դեմքով», մեկ իրադարձությունը բավական է, որ «հերոսի» կարգավիճակում հայտնվեն իշխանության օդիոզ դեմքերը: Եվ եթե իշխանությունները չեն պատժում Լյովա Երանոսյանին, իրավիճակը չի կարող փրկել նույնիսկ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան դատապարտող գրառումը, որովհետև ՕՐՕ-ում առաջին պլան է մղվել այդ դաշինքի փաստացի առաջնորդ Սամվել Բաբայանը` շեշտելով, որ ոստիկանության զորքերի հրամանատարն իր բարեկամներով գործել է իշխանությունների կողմից հրահանգավորված՝ փորձելով այդ կերպ վախի մեջ պահել ժողովրդին և թույլ չտալ մասնակցել Սեյրան Օհանյանի դաշինքի նախընտրական հավաքին:
Մյուս կողմից, իշխանությունները գուցե չեն կարող պատժել Լյովա Երանոսյանին, որովհետև տեղերում քվե ապահովում են հենց օդիոզները` քողարկվելով ՀՀԿ «նոր ոգու» տակ: Ասել կուզի, որ Երանոսյանն ու մյուսներն ընդամենն ապահովում են այն ցուցանիշները, որ «ուզում» են «վերևից»: Ապահովում են այնպես, ինչպես միշտ արել են` տարիներ շարունակ: Ու հիմա, եթե դրվի Երանոսյանի պատասխանատվության հարց, համակարգը կարող է փլվել: Նոր համակարգի մասին վաղուց էր պետք մտածել, իսկ հինն աշխատում է «մենթալիտետային» կանոններով: Համոզիչ չեն ոստիկանության պնդումները, որ վիճաբանության ու կրակոցի ժամանակ Երանոսյանը դեպքի վայրում չի եղել: Նույն կերպ` որևէ մեկը չի հավատում Քննչական կոմիտեի այն պնդմանը, թե տեղի ունեցածն ընտրությունների հետ որևէ կապ չունի:
ՕՐՕ-ում, կարծես թե, սպասում էին հենց այս իրադարձությանը` ընտրական գործընթացի ողջ լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, հետընտրական «թեժությունը» նախապատրաստելու համար: Երեկվա լրահոսի հերոսը Սամվել Բաբայանն էր, ով չի էլ հերքում, որ դաշինքի փաստացի առաջնորդն է ու ոչ այնքան մեղավորներին պատասխատավության ենթարկելու խնդիր է դնում, որքան սպառնում է դիմացիններին` հասկացնելով, որ Ջրառատը շարունակություն է ունենալու: «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է, մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,-ասել է նա: Այն հանգամանքը, որ ՕՐՕ-ում նախապատրաստվում են հետընտրական զարգացումների` հաստատվում է մեկ այլ փաստով: Երեկ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը» հանդես են եկել հայտարարությամբ, որով ողջունել են «Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային նկրտումը»։
Երեկ «ԵԼՔ» դաշինքի թիմի և «Տորք Անգեղ» անվան դպրոցի անձնակազմի միջև վիճաբանություն և բախում է տեղի ունեցել: Վիճաբանողների թվում է եղելՆիկոլ Փաշինյանը: Տարածքով քարոզչություն իրականացնելիս դպրոցի դռնապահն ասել է, թե դպրոցի տարածքում Ն. Փաշինյանն իրավունք չունի քարոզչություն անցկացնել: Այդ պահին պատգամավորը դպրոցի ներսում նկատել է քարոզչական պաստառ՝ մեկ այլ պատգամավորի թեկնածուի լուսանկարով ու կարգախոսով: Այս վիճաբանությունը գուցե շարունակություն ունենար, եթե զսպվածություն չցուցաբերեին «ԵԼՔ» և «Ծառուկյան» դաշինքների ներկայացուցիչները:
Եթե հավատանք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակառուպցիոն կենտրոնի ուսումնասիրություններին, Հանրապետականից բացի, ընտրակաշառքներ են բաժանել նաև «Ծառուկյան» դաշինքը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, խոսակցություններ կան նաև ՕՐՕ դաշինքի հետ կապված: Սա գալիս է փաստելու տխուր այն իրականությունը, որ ապրիլի 2-ին մեզ սպասում են ոչ թե ընտրություններ, այլ գործարք՝ քաղաքական համակարգի ու հասարակության մեծամասնության միջև:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ