«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մոտ, որտեղ քիչ առաջ մահացել է «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ: Այնտեղ են նաև «Ելք» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, բազմաթիվ ակտիվիստներ, Արթուր Սարգսյանի հարազատները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` մահվանից կես ժամ անց ինքն ստացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանը նրա մահվան վերաբերյալ: «Ես հիմա չեմ կարող եզրակացություններ անել, համոզված եմ և հույս ունեմ, որ մահվան պատճառը պատշաճ մասնագիտական քննության կենթարկվի: Ես, մահվանից միայն կես ժամ անց ստացել եմ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Նրանց խոսքով` մահվան պատճառը որովայնի սուր ինտոկսիկացիան է և սրտի անբավարարվածությունը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ «Հաց բերողի» մահը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես խայտառակ էջ. «Գլխավոր դատախազի հետ խոսակցության ժամանակ մենք ասել ենք, որ նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում, և եթե որևէ մեկը հույս ունի, որ Արթուր Սարգսյանը մեկ, երկու օր հացադուլ է հայտարարելու և դադարեցնի, ապա դա այդպես չէ: Մենք հույս ունեինք, որ ազատելով նրան բանտից՝ փրկել ենք նրա կյանքը, բայց մեր հույսերը չարդարացան: Այս ամենի մեջ մեղավոր են այն մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին, որ այս մարդը ազատության մեջ հայտնվի: Սա շատ տխուր, շատ դաժան և սոսկալի իրավիճակ է, և «Հաց բերողի» մահը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես խայտառակ էջ»: