Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պայքար 2-րդից 9-րդ տեղերի համար

Պայքար 2-րդից  9-րդ տեղերի համար
24.03.2017 | 10:20

Ընտրություններին մնացել է 9 օր։ Պաշտոնական քարոզարշավի երեք շաբաթները հետևում են, ուստի վերջին տասնօրյակում առավել արդյունավետ լինելու համար ընտրարշավի մասնակիցները, վերլուծելով քարոզարշավի արդյունքներն ու ստեղծված իրողությունները, որոշակի մարտավարական և քաղաքական ճշգրտումներ են մտցնում իրենց գործողություններում, անում վերջին սրբագրումները: Խոսքն առաջին հերթին ոչիշխանական ուժերի մասին է։

Այսպես՝ «Ծառուկյան» դաշինքը առաջին հայացքից թեև բավականին լայն զանգվածների է կարողանում ներգրավել իր միջոցառումներին, սակայն, այդուհանդերձ, այստեղ հասկացել են, որ սա իրենց ակնկալած ընտրազանգվածը չէ։ Չկան այն էներգետիկան և ցանկալի վճռականությունը։ Դրա պատճառը գուցե նաև այն է, որ Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, ասոցացվում է իշխանությունների հետ, և շատերը կարծում են, որ Ծառուկյանը խաղում է իրեն պարտադրված դերը։ Հավանաբար նշված հանգամանքով է պայմանավորված այն, որ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ՝ ինքը Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան ՈՒրիխանյանը, միաժամանակ սկսեցին պնդել, որ ԱԺ ընտրություններից հետո չեն պատրաստվում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու՝ հավաստիացնելով, որ արդար ընտրությունների պարագայում, ստանալով ձայների մեծամասնություն, դաշինքն իր կառավարությունն է ձևավորելու:


Եվ այս հայտարարությունը նոր խաղ ու հեռանկարներ բացեց ոչիշխանական ճամբարում գտնվող ուժերի համար։ «Ելք» դաշինքի շահերը սպասարկող լրատվամիջոցներից մեկում ուղիղ առաջարկ հնչեց ԱԺ ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ։ Փաստորեն, «Ելքը» փորձում է հասկացնել ընտրողներին, որ ոչիշխանական ճամբարում ուժերը համախմբելով՝ կարելի է որոշակի հարցեր լուծել։ Բացի այդ, այս դաշինքի իրական և ստվերային գործող անձինք փորձում են վերստին կյանքի կոչել 2014-2015 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» կոչվող նախագիծը՝ այս անգամ Գագիկ Ծառուկյանի ներգրավմամբ։


Հետաքրքիր է, որ պայմանավորվածությունների շրջանակներում «Ծառուկյան» դաշինքն ուղղակիորեն չի կարողանում խոսել ՀՀԿ-ի դեմ, ուստի փորձում են դա անել ուրիշների ռեսուրսներով։ Մասնավորապես, մամուլում և փորձագիտական շրջանակներում ենթադրություն հնչեց, որ հակաՀՀԿական կրակոցները արձակվում են «Ելքի» միջոցով, ընդ որում՝ թիրախավորված է անձամբ վարչապետը։ Հասկանալի է՝ քանի որ Կարեն Կարապետյանի վարկանիշը բարձր է, և ընտրությունների տրամաբանությունն էլ վարչապետի ընտրության համատեքստում է, ուստի նույն «Ծառուկյան» դաշինքին էլ է ձեռնտու, որ Կարեն Կարապետյանը լինի մշտական քննադատության առարկա։ Եվ քննադատողի գործառույթն ավելի շատ «Ելք» դաշինքն է ստանձնել։ Փաստորեն, կատարվել է դերերի որոշակի բաժանում։ Դա քաղաքակա՞ն համաձայնություն է, թե՞ բիզնես գործարք, ապագայում կյանքը ցույց կտա։
Հանդիպումներում, ելույթներում նկատելի է, որ «Ելքի» նյարդերը վերջին շրջանում կարծես թե տեղի են տալիս։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն անգամ հանրությանն է մեղադրում իրենց լուրջ աջակցություն չցուցաբերելու և իշխանությունների հետ գործարքի գնալու համար։ Վերջինիս ելույթներում ակնհայտ դժգոհությունները հանրության նկատմամբ ցույց են տալիս, որ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես ծրագրել էին։


Ընտրապայքարի մյուս դերակատարը՝ ՕՐՕ դաշինքը, հավանաբար այս ընթացքում հասկացել է, որ խորհրդարան մուտք գործելու հնարավորությունները շատ մշուշոտ են, և ձայները, որոնք ակնկալում էին ի սկզբանե, հիմնականում բաշխված են «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների, նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև։ ՈՒստի ՕՐՕ-ին այլ ելք չի մնում, եթե ոչ արմատական ընդդիմադիր կեցվածք ընդունելը, ժամանակ առ ժամանակ էլ իշխանության հետ բախումներ բեմականացնելը։ Ընդ որում` այդ բախումները շատ սազում են հենց այս դաշինքին, քանի որ վերջինիս կազմում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ստվերային դերակատարում ունի ուժային մեկ այլ գործիչ` Սամվել Բաբայանը։ Այս առումով Ջրառատի հայտնի դեպքերն ամբողջությամբ տեղավորվում են վերոնշյալ սցենարի տիրույթում: Այս պայմաններում զարմանալի չէ, որ դաշինքի մոդերատոր համարվող Սամվել Բաբայանը, դուրս գալով ստվերից, կոշտ, ուժային բնույթի հայտարարություններով էր հանդես գալիս, իսկ մամուլում ուղղորդված տեղեկություններ էին հայտնվում առ այն, որ Սամվել Բաբայանը սպառնացել է, որ եթե ՕՐՕ-ն չհայտնվի խորհրդարանում, ապա դաշինքը կդիմի հետընտրական գործողությունների, ընդ որում, չի բացառվում, նաև ուժային: Նման հայտարարությունները դաշինքին ձայներ ավելացնելու փորձեր են, մյուս կողմից էլ շանտաժ իշխանությունների նկատմամբ՝ ձայներ կորզելու նկատառումով։ ՈՒշագրավ է, որ այս օրերին հանրությանը և իշխանությանը ուղերձներ էին հղվում առ այն, որ իշխանափոխության հարցում ՕՐՕ-ում վճռական են տրամադրված, և չի բացառվում «Սասնա ծռեր»-2 գործողությունը։ Այս ամենի տրամաբանության տիրույթում են Ջրառատի զինված բախումների ֆոնին «Սասնա ծռերի» ներկայացուցիչների աջակցող հայտարարությունները ազատազրկման վայրերից։ Այս ընթացքում, բնականաբար, բողոքական տրամադրություններ գեներացնելու և կապիտալ կուտակելու համար օգտագործվեց նաև «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքը: ՕՐՕ-ն էլ, որ լուրջ խնդիրներ ունի խորհրդարան անցնելու, իր հերթին է կոալիցիա կազմելու հայտարարություններ անում, բնականաբար, հիմնական գործընկեր նկատի ունենալով «Ծառուկյան» դաշինքը։


ՕՐՕ-ի կողմից հետընտրական զարգացումներ ծավալելու համատեքստում արտահոսքեր էին արվում, թե չի բացառվում՝ ԱԱԾ-ն գործողություններ իրականացնի Սամվել Բաբայանի նկատմամբ։ Եվ այդ ամենին հաջորդեցին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ապօրինի տեղափոխելու պատմությունները, Սամվել Բաբայանի ձերբակալությունը։ Այս ամենը գուցե որոշակիորեն բարձրացնի ՕՐՕ-ի բավականին թույլ վարկանիշը։ Մեզ մոտ սիրում են տուժածներին, և ՕՐՕ-ն կօգտագործի այն թեզը, թե իշխանությունները, վախենալով իրենցից, սկսել են հալածել։ Հասարակությունում կա խավ, որի վրա նման պնդումներն ազդեցություն ունենում են։ Փաստորեն, եթե անգամ հետընտրական զարգացումների նշույլներ կային, մանավանդ ուժային բնույթի, ապա այս գործողություններով ԱԱԾ-ն կանխարգելում է նման հնարավոր զարգացումները։


Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդին», ապա թեև երկար ժամանակ համարվում էր, որ իշխանությունն ինքն էլ է շահագրգիռ, որ այն անցնի խորհրդարան, քանի որ ՀՎԿ-ն միշտ էլ հարմար գործընկեր է եղել, ում հետ հեշտ է պայմանավորվել, սակայն քարոզարշավի հասարակածը հատելուց հետո շատերը սկսեցին կասկածել ՀՎԿ-ի անցողիկ տոկոսներ հավաքելու հնարավորությանը. հանդիպումներն ընթանում են բավականին գաղջ, տխուր ու ձանձրալի մթնոլորտում։ Ընտրազանգվածն ակնհայտորեն հոգնել է նույն մարդկանցից, որոնք բավականին ծանր հետագիծ ունեն։ «Հայկական վերածնունդը», ամենայն հավանականությամբ, առաջիկայում փորձելու է աղմկոտ ակցիաներ մտածել՝ գոնե ինչ-որ կերպ աչքի ընկնելու համար։


Ի սկզբանե հասկանալի էր, որ «Կոնգրես»-ՀԺԿ դաշինքը՝ բավականին թույլ ռեսուրսներով ու հին ռեպերտուարով հանդես եկող այդ ուժը, բավականին խնդիրներ ունի անցողիկ շեմը հաղթահարելու, քանի որ նրա ծայրահեղ խաղաղասիրության գաղափարախոսությունը հանրության շրջանում լուրջ հենարան չունի։ Նույնիսկ ծանր հրետանու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կրկին ի հայտ գալը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան օգուտ տվեց։ Մանավանդ միանգամից երևաց, որ «Կոնգրեսը» ըստ էության ՀՀԿ-ի՝ Արցախի շուրջ որդեգրած քաղաքականության առավել ծայրահեղ մոտեցումներն է դրսևորում և որպես գործընկեր կարող է հանդես գալ։ ՈՒ պատահական չէ, որ խոսակցություն կա, որ հենց ՀՀԿ-ն պետք է նրանց անցկացնի խորհրդարան, քանի որ այլ կերպ նրանք մուտք չունեն Ազգային ժողով։ Տարբեր սոցհարցումներ վկայում են, որ նրանց սեփական վարկանիշը չի գերազանցում 2,5-3 տոկոսը։ Եթե «Կոնգրեսը» միայնակ մասնակցեր ընտրություններին, իշխանություններին ավելի հեշտ կլիներ նրանց խնդիրը լուծել։ Սակայն դաշինքով հանդես գալով՝ «Կոնգրեսը» ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին փորձում է իր ծառայությունները բավականին թանկ վաճառել՝ ոչ թե 5, այլ 7 տոկոսի տեսքով։


Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներին»՝ նշենք, որ նրանք փորձում են ամեն ինչ անել կոնսոլիդացնելու համար իրենց բավականին նեղ՝ արևմտամետ թիրախը։
Որոշ փորձագետներ ընտրությունների շուրջ ակնկալվող զարգացումներում չեն բացառում դրսի ուժերի մասնակցությունը, ինչպես դա եղավ 2016 թ. հուլիսյան դեպքերի ընթացքում։ Մասնավորապես շրջանառվում են ամերիկյան հետքի մասին խոսակցությունները: Որպես տարբերակ դիտարկվում է ոչ միայն ապակայունացում իրականացնելու մղումը, այլև ապագա խորհրդարանում որոշ ցանկալի քաղաքական ուժերի ներկայությունն ապահովելուն ուղղված ՀՀ իշխանությունների հետ սակարկություններ իրագործելու ձգտումը: Չի բացառվում, որ որոշ դեսպանատների անհանգստացրել են մասնավորապես ռուսաստանյան ВЦИОМ-ի հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց արևմտամետ համարվող ուժերը, առաջին հերթին «Ազատ դեմոկրատներ»-ը, բավականին հեռու են անցողիկ շեմից: ВЦИОМ-ի այդ արդյունքները որոշ արևմտյան դեսպանատներում դիտարկվում են որպես ճնշում ընտրական գործընթացների վրա:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ